Ինտերպոլի նախագահը նախազգուշացրել է բարձր տեխնոլոգիաներից նոր սպառնալիքների մասին
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը խոստովանել է գլոբալ փոփոխությունները հանցավորության եւ ահաբեկչության բնագավառում եւ նախազգուշացրել «նորագույն սպառնալիքների» թվի աճի մասին, որոնք բխում են բարձր տեխնոլոգիաներից:
Այս մասին նա հայտարարել է Սինգապուրում Ինտերպոլի «Նորաստեղծական օժանդակումն անվտանգության սպառնալիքների հակազդմանը» միջազգային խորհրդաժողովի բացմանը:
Նրա խոսքով՝ «ներկայումս մենք ապրում ենք գլոբալացման աշխարհում, հետեւում ենք տեխնոլոգիական հեղափոխության արդյունքներին եւ, մի կողմից, օգտվում ենք բոլոր տրամադրվող առավելություններից»: Մյուս կողմից, շարունակել է միջազգային ոստիկանության ղեկավարը, «տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, այդ թվում ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների կատարման առումով»:
Ինտերպոլի նախագահը նաեւ խոստովանել է, «որ ապագայում կդիտվի այնպիսի սպառնալիքների աճ, որոնք ծագում են բարձր տեխնոլոգիաների, սոցիալական պլատֆորմների եւ այլ բաների զարգացման համեմատ»:
Այս առնչությամբ նա բոլոր երկրներին կոչ է արել «միավորելու ջանքերը նոր սպառնալիքների դեմ հանդիման», քանի որ «ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել նման չարիքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: