​Ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում այս շաբաթ

Չնայած նախատոնական տրամադրություններին, Վաշինգտոնում շարունակում են քննարկել այն աղմկահարույց փոփոխությունները, որոնք հնարավոր է կյանքի կոչվեն առողջապության մասին գործող օրենքում:

Անկախության օրվա տոնակատարություններին ընդդառաջ Վաշինգտոնում կրկին ցույցեր են, այս անգամ՝ ընդդեմ առողջապահության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դժբախտաբար, այս խնդիրը էլ ավելի է երկփեղկում հանրությանը, քաղաքական առումով: Ընտրությունը շատ պարզ է: Կամ մենք հրաժարվում ենք ձախողված օրենքից ու փոխարինում այն բարեփոխումների ենթարկված նոր օրենքով, կամ էլ` Օբամաքեյրը շարունակում է ձախողվել՝ վնաս հասցնելով միլիոնավոր մարդկանց», – հայտարարել է հանրապետական սենատոր Կորբինը:

Դեմոկրատների կարծիքով, հանրապետականների առաջարկած փոփոխությունները մեծ վնաս են հասցնելու գործող առողջապահական համակարգին:

«Նրանք ցանկանում են հիմնովին վերափոխել մեր երկրի առողջապահական համակարգը, ստեղծելով երկու տարբեր համակարգ, որոնցից մեկը բացառապես կծառայի ազդեցիկ, հարուստ ու արտոնյալ խավին, իսկ մյուս՝ առավել թերի համակարգը կծառայի մնացած բոլորին», – այսպես է բնութագրել հանրապետականների նոր օրինագիծը դեմոկրատ կոնգրեսական Ջո Քենեդին իր կողմից վերջերս հրապարակված տեսանյութում:

Ներկուսակցական պառակտումների պատճառով, Սենատի հանրապետական մեծամասնությունը հետաձգել է աղմկահարույց օրինագծի քվերարկությունը: Մինչ չափավոր հանրապետականները դեմ են առողջապահական նոր օրենքով նախատեսվող կրճատումներին, որից ուղղակիորեն տուժելու են սոցիալապես անապահով ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցող անձիք, պահպանողականները բողոքում են գործընթացի ընթացքից:

Դեմոկրատները, զուգահեռաբար, շարունակում են հանրությանը ներկայացնել Օբամաքեյրի դրական կողմերը:

«Ալիսոնը Արևմտյան Ֆարգոից է: Երկու տարի առաջ նա ախտորոշվել էր կյանքին վտանգ սպառնացող գենետիկական հիվանդությամբ, սակայն այսօր նա ողջ է և լիովին ապաքինված», – ընդգծել է սենատոր Հեյդի Հեյթքամփը:

Դեմոկրատները պնդում են, որ գործող առողջապահական օրենքը չեղարկելու փոխարեն, հնարավոր է շտկել թերությունները, իսկ հանրապետականները շարունակում են հավատարիմ մնալ իրենց բազմիցս բարձրաձայնած մոտեցմանը, այն է ՝ լիարժեքորեն չեղարկել Օբաքեյր ծրագիրը:

Մինչ հանրապետականները փորձում են ավելի մեծ թվով աջակիցներ ձեռք բերել, հատուկ հետաքրքրություններ հետապնդող խմբերը կոչ են անում հասարակությանը համախմբվել և դուրս գալ փողոց՝ հանրապետականների մշակած այս հակասական օրինագծի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս