«Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:
Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային բազմակողմ համագործակցությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական հարթակներում համագործակցության մեխանիզմներին եւ ռազմավարություններին: Արմեն Աշոտյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում «մաքուր» աշխատանքի սկզբունքի պահպանման, ինչպես նաեւ վերպետական ձեւաչափերում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը: «Միջազգային խորհրդարանական հարթակներում կոռուպցիայի բացառման համար Հայաստանը հանձնառու է լիակատար համագործակցության՝ կառույցների օրակարգերը նման արատավոր երեւույթներից զերծ պահելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Բրյուսելի գագաթաժողովում ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման կարեւորությանը:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Արմեն Աշոտյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից գործուն կանխարգելիչ քայլերի իրականացումը Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության քարոզից մինչեւ սահմանային սադրանքներ նախաձեռնելու դեպքերի կապակցությամբ: «Առավել գործուն մեխանիզմներ են անհրաժեշտ՝ տնտեսական պատժամիջոցներից մինչեւ քաղաքական մեկուսացում այն պետության նկատմամբ, որն արկածախնդրության, պետական մակարդակով այլատյացության միջոցով անում է հնարավորը՝ տարածաշրջանի կայունությունը վտանգելու համար», – նշել է Արմեն Աշոտյանը:
Դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիեւան կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը եւ նշել, որ Բուլղարիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Դեսպանը կարեւորել է միջազգային հանրության հավասարակշիռ դիրքորոշումը հակամարտության լուծմանը նպաստելու հարցում:
Կողմերը քննարկել են նաեւ խորհրդարանական մակարդակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: