
Պոլսո պատրիարքարանում կկազմվի պատրիարքի ընտրությունների կազմակերպման Նախաձեռնող խումբ

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբի անդամների թվաքանակի հարցը հստակեցվելու է նիստի ժամանակ: Հայտնի է, որ այն ունենալու է 15-21 անդամ, որոնց շարքում երկուսը լինելու են հոգևորական:
Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստիճանաբար կազմավորվելու են տեղական ընտրական հանձնախմբեր, որոնք գործելու են Ստամբուլի տարբեր թաղերում:
Պատրիարքարանում նախատեսվող նիստը կգումարվի Երևանի ժամանակով 18:00-ին:
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:
Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին: