
Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով դիմում է ՄԻԵԴ

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն «արդարության երթ»-ի 20-րդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ուղիղ եթերում ստորագրել է ՄԻԵԴ ներկայացվելիք դիմումը: Այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:
«Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դիմումը պատրաստ է: Այն հենց այսօր կուղարկվի եվրոպական դատարան»,- ասել է Քըլըչդարօղլուն ու ստորագրել դիմումը:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին: