
Էնգելը հաստատակամ է Արցախի Հանրապետություն այցելելու հարցում

Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի այցելելու հարցում՝ անկախ այն հանգամանքից, որ դրանից հետո նախազգուշացումներ է ստանում Եվրախորհրդարանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս մասին Էնգելը հայտնել է Politico-ի հետ զրույցում:
2017 թվականի փետրվարին Էնգելը որպես «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամական խմբի ղեկավար ևս երեք ԵԽ պատգամավորների հետ այցելել էր Արցախի Հանրապետություն՝ հետևելու այդ երկրում սահմանադրական հանրաքվեի ընթացքին:
Թեպետ այցից հետո ԵԽ պաշտոնյաները նշել էին, որ Էնգելի այցը հակասում է կառույցի պաշտոնական դիրքորոշմանը, որով ԵԽ-ն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքները, լյուքսեմբուրգցի խորհրդարանականը պաշտպանել էր իր այցը՝ ասելով, որ հանրաքվեն «ժողովրդավարական գործընթացի» արդյունք էր:
Իր այցից հետո Էնգելն ստացել էր ձերբակալման մասին ծանուցում Ադրբեջանի իշխանություններից, որոնք փորձել էին նրա անունը ներառել Ինտերպոլի ցուցակում:
«Ես ասել եմ այն, ինչ ցանկացել եմ: Ես ընտրված պաշտոնյա եմ և պաշտպանում եմ այն դիրքորոշումները, որը Եվրախորհրդարանն անկարող է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,- ասել է նա: