
Մերկելը նախընտրական ծրագրում դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը: Դրանում ներառված է նաև առանձին գլուխ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Թուրքական «Հուրիեթ»-ը հայտնում է, որ թեպետ նախընտրական ծրագրում շեշտադրված է Թուրքիայի հետ համագործակցության ոգին, սակայն Մերկելն իր քաղաքական թիմով դեմ է արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
Ծրագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ, մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»: