Գերմանիայի կառավարությունն արգելել է Էրդողանին ելույթ ունենալ նաև հյուպատոսարանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պատրաստվում է մեկնել Գերմանիա, չի կարողանալու ելույթ ունենալ անգամ այդ երկրում թուրքական հյուպատոսարանում: Այս մասին թուրքական կողմին նախազգուշացրել են Գերմանիայի կառավարությունից:
Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Գերմանիայում կայանալիք ընտրություններից երեք ամիս առաջ ԵՄ անդամ երկրներից բացի այլ երկրների առաջնորդների համար նախատեսված ելույթ ունենալու արգելքը գործում է նաև Էրդողանի դեպքում: Խնդրի մասին խոսել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը. «Գերմանիայի կառավարության անունից ևս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ նմանօրինակ միջոցառումների համար շատ վաղուց պետք է դիմում ներկայացվեր արտգործնախարարությանը»: Նա ընդգծել է, որ իրենց նախազգուշացումից դուրս ցանկացած նախաձեռնություն դիտարկվելու է որպես Գերմանիայի կառավարության կողմից ընդունված որոշման խախտում:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Էրդողանը ցանկանում է գլխավոր հյուպատոսարանում ելույթ ունենալ, այնուհետև այն տարածել իբրև տեսաուղերձ, Շեֆերը հայտնել է, որ իրենց նախազգուշացումը գործում է նաև այդ պարագայում: «Չեմ կարծում, որ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսարանների նման ինքնիշխան տարածքներում թուրքերի հետ տեսակետների շուրջ լուրջ տարաձայնություն ունենանք»,- նշել է նա:
Ավելի վաղ, սակայն, Թուրքիայի դեսպանության մամուլի հարցերով պատասխանատու Ռեֆիկ Դողուկօղլուն ասել էր, որ գլխավոր հյուպատոսարանում Թուրքիայի նախագահի կողմից միջոցառում կազմակերպելու համար իրենք Գերմանիայի կառավարության թույլտվության կարիքը չունեն:
Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ,սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել,մերժել են նրան:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար: Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի միջոցառումն անցկացնելու դիմումը: Սրահի ղեկավարությունի հայտնել են, որ ամռանը König-Pilsner-Arena ում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար:
Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա: Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով: