Վիգեն Սարգսյանը sms-ների միջոցով Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամին նվիրաբերությունների ծավալը բավարար չի համարում
Հունիսի 30-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի կայքի միջոցով հավաքագրվել է 8 մլն 844 հազար դրամ, բանկային փոխանցումների միջոցով` 36 մլն 189 հազար, իսկ կարճ հաղորդագրությունների միջոցով` 252 հազար դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 3-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով` ամենաշատ նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից:
ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի Խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` կարճ հաղորդագրությունների միջոցով նվիրաբերությունների թիվը շատ ցածր է: Նրա կարծիքով` այն կատարվող աշխատանքի պակասի արդյունք է:
«Կարծում եմ, պետք է տարբեր միջոցառումների միջոցով բարձրացնել նվիրաբերության այս եղանակի տարածվածությունը: Բանակի համար բաժակ բարձրացնելիս հարկավոր է նաև նշել, որ հնարավոր է հաղորդագրության ուղարկել և նվիրաբերություն կատարել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում զոհված կամ վիրավորված զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ, մեր կայքում կարճ հաղորդագրության միջոցով նվիրաբերություններ կատարած անձանց վերաբերյալ տեղեկություններ փնտրելը երկար գործողություն է: Հարկավոր է կայքում այն ավելի երևացող տեղ տեղադրել»,- ասաց նախարարը: