Կատարի ԱԳ նախարարը Քուվեյթի Էմիրին է հանձնել արաբական երկրների վերջնագրի պատասխանը
Կատարի արաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հուլիսի 3-ին Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին է հանձնել Դոհայի պաշտոնական պատասխանը խզված հարաբերությունների վերականգնման համար արաբական երկրների պահանջների ցուցակին: Այս մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Կատարցի դիվանագետի կողմից Քուվեյթի ղեկավարին հանձնված ուղերձի մանրամասները չեն հայտնվում: Չհաստատված տվյալներով՝ Քուվեյթի արտաքին գործերի նախարար Սաբահ ալ Խալեդ ալ Համադ աս Սաբահը հուլիսի 3-ին Ջիդա կատարած այցի ժամանակ այդ ուղերձը կհանձնի Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորին:
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք ավելի վաղ խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, Էմիրությանն են առաջադրել վերջնագիր ճգնաժամից դուրս գալու համար, որի կատարման համար հատկացրել են 10 օր: 13 պահանջներից բաղկացած ցուցակ են մտել, մասնավորապես, Իրանի հետ դիվանագիտական հարաբերույունների մակարդակի նվազեցումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի վերացումը: Դոհայում հայտարարել են, որ չեն կարող կատարել դրանք:
Քուվեյթի խնդրանքով, որը միջնորդ է հանդես գալիս ճգնաժամում, չորս արաբական երկրները վերջնագրի ժամկետը երկարացրել են երկու օրով: Հուլիսի 5-ին Կահիրեում տեղի կունենա Կատարին արգելափակող երկրների արտաքին գործերի նախարարների ղեկավարների հանդիպումը, որտեղ նախարարները կքննարկեն Էմիրության նատմամբ հետագա քայլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: