Ո՞վ է Այգեկ գյուղը զրկել խմելու ջրից. Բնակիչներն արդեն 20 օր ստիպված են խմելու ջուր գնել
Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչներն արդեն 20 օր խմելու ջուր չունեն։ Այգեկ գյուղի ջրամատակարարման հարցերով զբաղվում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը, սակայն, այս հարցին դեռ լուծում չի տվել։
168.am-ի հետ զրույցում Այգեկի բնակչուհի Տաթև Վարդանյանն ասաց, որ անձամբ ամեն օր զանգահարում է «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղ իրենից վերցնում են իր հասցեն ու տան հեռախոսահամարը, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում.
«Զանգահարում եմ մեր գյուղապետին՝ Վարուժան Աբրահամյանին, հարցնում՝ թե ի՞նչ է մտածում, խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի, նա պատասխանում է, որ գյուղում համաճարակ է, և այդ հարցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Մեր գյուղապետը նույնիսկ չգիտի, թե ԱԱԾ գործառույթները որո՞նք են»։
Այգեկի բնակիչներին նախ՝ ասել են, թե վթար է տեղի ունեցել, որը կվերացնեն, բայց նրանք վստահեցնում են՝ խնդիրը վթարը չէ։ Բնակիչներից մեկն ասաց, որ ամենայն հավանականությամբ խնդիրը ջուր գողանալն է։ «Մեծահարուստները, արդեն երկրոդ ամառն է՝ զրկում են գյուղը ջրամատակարարումից՝ իրենց այգիները ջրելու համար: Անցած ամառ գոնե՝ քիչ, բայց ջուր կար: Այս ամառ, արդեն 20 օրից ավելի է, ջուր ընդհանրապես չկա»,- ասաց նա։
Այգեկի բնակիչները ստիպված խմելու ջուր են գնում։ «Գյուղացիներից մեկը ջրատար մեքենայով ջուր է բերում՝ 2 տոննան՝ 4 հազար դրամով, մենք էլ ստիպված գնում ենք։ Եթե այդպիսի լուրջ խնդիր է, ինչպես գյուղապետն է ասում, ուրեմն՝ թող գյուղապետարանն իր բյուջեից տա այդ գումարը»,- ասաց Տաթև Վարդանյանը։
Մենք զանգահարեցինք նաև «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից խնդրեցին այս հարցի վերաբերյալ գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով հնարավորինս շուտ պատասխանել, թե ինչու է Այգեկ գյուղը 20 օր շարունակ զրկված խմելու ջրից։
Ի դեպ, Այգեկ գյուղում է ապրում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։