Լապշինի մայրը Բաքվում ցուցմունք կտա. կայացել է հերթական դատական նիստը
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 3-ին շարունակվել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել երկու վկա: Եվս երեք վկա հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, ինչի հետևանքով այն հետաձգվել է:
Դատավոր Ալովսաթ Աբբասովը նկատել է, որ Լապշինի մայրը ևս ցանկանում է ցուցմունք տալ: Նա ցուցմունք կտա դատական հաջորդ նիստի օրը՝ հուլիսի 6-ին:
Հունիսի 30-ին տեղի ունեցած առաջին դատական նիստին Լապշինը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հրաժարվել էր ցուցմունք տալ և պատասխանել էր հարցերին:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:
Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնում ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում: