«Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել». Արծվիկ Մինասյան
ՀՀ բնակչության փայտանյութի պահանջարկը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրվող հատումների ծավալը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` անտառների վրա ճնշումը թուլացնելու նպատակով խրախուսում են փայտի ներմուծումը:
«Հայաստանի անտառներից պետք է բիզնեսը հանել, մեր անտառները բիզնեսի համար չեն»,- նշեց նախարարը` հավելելով, որ էկոտուրիզմ և այլ նման բիզնեսներ կարելի է իրականացնել, բայց փայտանյութի բիզնեսը միանշանակ անթույլատրելի է, և դրա համար պատժամիջոցները պետք է խստացնել:
«Կանխարգելիչ ֆունկցիա չունենք, բայց տեսչական ռեֆորմի մեջ ենք»,- ասաց Ա.Մինասյանը:
Նրա խոսքով` տեսչական մարմինը պետք է օժտվի նաև կանխարգելիչ գործառույթներով, տեսուչը նաև հատուկ ծառայություն է իրականացնում` գիշերվա ժամին, աշխատաժամանակից դուրս, շաբաթ-կիրակի: Ա.Մինասյանը նշեց, որ տեսուչներին նոր կարգավիճակ կտրվի, որ կարողանան շուրջօրյա իրականացնել անտառների պահպանումը: