Թրամփը Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը. CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հեռուստաալիքի աղբյուրները կարծում են, որ հանդիպմանը Թրամփը նաեւ կարող է բարձրացնել ուկրաինական հարցը, սակայն ամերիկյան նախագահական ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության թեման հազիվ թե արծարծվի:
Ըստ որում, ինչպես նշում է CNN-ը, հանդիպման պաշտոնական պլան առայժմ չկա: Հունիսի 29-ին ազգային անվտանգության գծով Միացյալ Նահանգների ղեկավարի օգնական Հերբերտ Մակմասթերը հայտարարել է, որ Թրամփը մտադիր է հուլիսի 7-8-ը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:
Ինչպես հունիսի 30-ին հաղորդել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Համբուրգի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ձեւաչափի եւ ժամանակի հարցը մշակվում է դիվանագիտական ուղիներով, հաղորդել ՏԱՍՍ-ը: