Մշակույթի նախարարությունն անցած տարի անլուծելի մի խնդիր է լուծել
Անցած տարի մշակույթի ոլորտին հատկացվել է 26.6 մլրդ դրամ: Այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց կատարված աշխատանքը: Ըստ նրա` շարունակվում է աբոնեմենտային ծրագիրը, բայց կոռուպցիայից խուսափելու համար չեն կարողանում դպրոցներում տոմս իրացնել:
«Եկել ենք եզրակացության, որ պետք չէ վաճառել, պետք է նվիրել: Դահլիճների 10%-ն ազատ է մնում, որոշել ենք դրանք նվիրել դպրոցներին»,- ասաց նախարարը:
Ա.Ամիրյանի խոսքով` անցած տարի անլուծելի մի խնդիր է լուծվել, որ 40 տարուց ավելի չէր լուծվում` Մնջախաղի թատրոնի համար շենք է հատկացվել Դրամատիկ թատրոնի տարածքում, և վերանորոգումից հետո թատրոնը կներկայանա հանդիսատեսին:
Ա.Ամիրյանը նշեց, որ որոշվել է նաև Համազզգային թատրոնի շենքի հարցը, այն կհիմնանորոգվի, և մեկ տարվա ընթացքում թատրոնը կունենա իր հիմնական տեղը:
Նախարարը տեղեկացրեց, որ «Անխելք մարդը» հեքիաթի մոտիվներով ժամանակակից ֆիլմ կնկարվի: Սակայն, ըստ նրա, Հայաստանում կինոարտադրությունը լուրջ խնդիրներ ունի, և անհնար է, որ այսօր մի մասնավոր գա և ներդրում անի: Ըստ նրա` «Հայֆիլմը» չի կարող մասնավորեցվել հենց այդ պատճառով: