Ղուկաս Սիրունյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Բանաստեղծ և մանկագիր Ղուկաս Սիրունյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը 18.00-ից։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին, ժամը 12.00-14.00-ին, ՀԳՄ-ում։ Հուղարկավորությունը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։
Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը:
Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: 1998-2010 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: 2010-13 թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանում զբաղվել է ուսուցչությամբ։ 2014-ից Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենն էր:
Հեղինակ է մեծերի և մանուկների համար գրված երկու տասնյակից ավելի չափածո և արձակ գրքերի: Այդ թվում`«Իրիկուն բարի, դարձիր առավոտ» (1977), «Մայրամե» (1984), «Տապանի վրա» (1996), «Գլոբուսով ճուտիկը» (2006), «Իմ թվերը» (2013), «Կակտուսի սերը» (մանկական պատմվածքներ) (2013), «Ուշացած կապիկներ» (2007), «Պիղատոսի արցունքները» (2014), «Բաց արեք, ես եմ» (2016), որոնք ջերմ ընդունելություն են գտել ընթերցողների ու մասնագետների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ:
Ղ.Սիրունյանի մանկական երկու գրքերը` «Աստղածաղիկ» (1988) և «Տառափնջիկ» (2011), արժանացել են ՀԳՄ «Տարվա լավագույն գիրք» մրցանակի, իսկ 2007 թ. «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:
Իր գրական ծանրակշիռ վաստակի համար Ղուկաս Սիրունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով, իսկ «Բաց արեք, ես եմ» (2016) ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի գրական մրցանակին:
Տաղանդավոր, սիրված բանաստեղծի, գրական կյանքի հմուտ կազմակերպչի, սրտացավ ընկերոջ, հայրենասեր հայի` Ղուկաս Սիրունյանի հիշատակը մշտապես վառ կմնա բազմաթիվ ընթերցողների, նրա արվեստը գնահատողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում: