Արաբական երկրները երկարացրել են Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը որոշում են ընդունել Կատարին ներկայացված վերջնագրի ժամկետը 48 ժամով երկարացնելու մասին, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները:
Վերջնագրի սկզբնական ժամկետը, որը Դոհայից պահանջում էր կատարել չորս պետությունների 13 կետից բաղկացած պահանջները, լրացել է հուլիսի 2-ին։ Վերջնագրի ժամկետը երկարացնելու առաջարկությունն արել է Քուվեյթը, որը միջնորդ է հանդես գալիս ներկայիս ճգնաժամի կարգավորման գործում:
Չորս հիշյալ պետությունները հունիսի 5-ին Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ Կատարի ղեկավարությանը մեղադրելով ահաբեկչական խմբավորումների աջակցության և ֆինանսավորման և այլ երկրների ներքին գործին միջամտության մեջ: Ավելի ուշ նրանք Կատարին են հղել 13 կետից բաղկացած վերջնագիր:
Վերջնագիրը բովանդակում է Դոհային ուղղված 13 պահանջ, որոնց թվում են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, Թուրքիայի ռազմակայանի փակումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, արաբական երկրների ներքին գործերին միջամտությունից, ընդդիմադիր գործիչների աջակցությունից հրաժարումը, ինչպես նաև «Ալ Ջազիրա» արբանայկային հեռուստատեսային ցանցի փակումը:
Կատարի ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ Դոհան չի պատրաստվում կատարելու այդ պահանջները՝ դրանք համարելով ինքնիշխանության խախտում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: