Twitter-ում կարող է հայտնվել անհավաստի տեղեկատվությունը նշելու հնարավորություն. WP
Առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերից մեկում՝ Twitter-ում, կարող է հայտնվել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն բովանդակող գրությունները նշելու հնարավորություն: Հունիսի 29-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք իրազեկված են ընկերության ներկայիս նախագծերի մասին:
Նրանց կարծիքով՝ նոր գործառույթը, որն առայժմ գտնվում է թեստավորման փուլում, Twitter ընկերության՝ սոցցանցի շրջանակներում տարատեսակ չարաշահումների դեմ պայքարի բաղկացուցիչ մասն է: Ըստ աղբյուրների՝ օգտատերերը կարող են «սեւ նշան» դնել՝ քլիք անելով բացվող մենյուի հատուկ ներդիրում: Այնուամենայնիվ թերթը նշում է, որ նոր գործառույթի սահմանումն առայժմ հաստատված չէ ընկերության ղեկավարության կողմից, այնպես որ, հնարավոր է, որ այն նաեւ չհայտնվի:
Twitter սոցիալական ցանցն իրենից ներկայացնում է միկրոբլոգների ծառայություն կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Դրա ամսական լսարանը 2016 թվականին հասել էր գրեթե 320 միլիոն մարդու: Ընկերության շուկայական կապիտալացումը կազմում է ավելի քան 12 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: