
Դմիտրի Մեդվեդևը համաշխարհային առաջնորդներին հորդորել է համախմբվել միասնական, անվտանգ Եվրոպա ունենալու նպատակի շուրջ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին: Այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ն:
Նա հորդորել է համաշխարհային առաջնորդներին շարժվել դեպի այդ նպատակը:
«Պետք է ընդունել, որ այսօր մեր հակասությունների պատճառով բավականին հեռու ենք մեկ ընդհանուր տանիք ստեղծելու մեր երազանքից»,-նշել է ՌԴ վարչապետը:
Դմիտրի Մեդվեդեւի համոզմամբ՝ նրանց ընդհանուր նպատակը պետք է լինի հենց միասնական, անվտանգ եւ բարգավաճ Եվրոպան:
«Հելմուտ Կոլը ավելի դժվարին ժամանակներում ապացուցել է, որ այդ նպատակը հասանելի է: Նրա ջանքերի արժանի հետեւորդ լինելու պատասխանատվությունն է այժմյան համաշխարհային առաջնորդների ուսերին: Հելմուտ Կոլը երազում էր ոչ միայն միասնական Գերմանիայի, այլեւ միասնական Եվրոպայի մասին եւ տեսնում էր Ռուսաստանը որպես դրա անբաժան մաս»,-ասել է նա: