«Թուրքիայում լրագրողների հանդեպ բռնություններն աճել են. անազատության մեջ է շուրջ 160 լրագրող»
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Թուրքիայում լրագրողների հանդեպ բռնությունների թիվն աճել է։ Ըստ միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության՝ վերջին 2 տարում Թուրքիան սահմանափակ համացանց ունեցող երկրից վերածվել է անազատ համացանց ունեցող երկրի, և այդ առումով՝ հավասարվել է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Իրանը, Չինաստանը և այլն։
«Ինչպես նշում են Թուրքիայում BBS ծառայության լրագրողները՝ Թուրքիայում ներկայումս անազատության մեջ է պահվում շուրջ 160 լրագրող, որոնք բանտերում պահվում են անասելի դաժան պայմաններում։ Լրագրողները միանգամայն մեկուսացված են, նույնիսկ նրանց հասցեագրված նամակները տեղ չեն հասնում՝ չնայած որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ թիվը հասնում է ընդամենը 60-ի։ Էրդողանն այս առումով հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու այն լրագրողներին, որոնք աշխատում են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, միջամտել Թուրքիայի գործերին և դրսից վնասել Թուրքիային»,- նշեց բանախոսը։
Նա նշեց, որ շարունակվում է գյուլենականների որսը, և, ըստ Jumhuriyet-ի՝ վերջին 6 ամսվա ընթացքում Թուրքիայում փակվել է գյուլենականներին պատկանող 4000-ից ավելի հաստատություն և կազմակերպություն։
«Թուրքական իշխանությունները ևս հայտարարել են, որ ինչպես՝ գյուլենականները, այնպես էլ՝ որոշ ընդդիմադիր լրագրողներ հավասարվում են նույն մակարդակին, և նրանց նպատակն է՝ հիմքից կործանել Թուրքիան»։
Թուրքագետի դիտարկմամբ՝ սրված են նաև Թուրքիա-ԵՄ հարբարերությունները, հատկապես՝ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները. «Ինչպես գիտենք՝ գերմանական իշխանություններն այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում բռնություններ էին գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ներս մտնել Գերմանիա, ինչը հարուցել է թուրքական արտգործնախարարության զայրույթը։ Շեշտենք նաև, որ G20-ի համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա մեկնած Էրդողանին արգելել են հանդիպումներ ունենալ տեղի թուրքական շրջանակների հետ՝ հայտարարելով, որ Գերմանիան բավականին սկզբունքային է տրամադրված թուրքական ազդեցությունը Գերմանիայում սահմանափակելու համար»։
Պարոն Խուդավերդյանի խոսքով՝ այս առումով ԵՄ ղեկավար շրջանակները ևս հայտարարում են, որ, եթե այսպես շարունակվի, ապա ոչ մի անգամ Թուրքիան չի մտնի Եվրամիություն։
Ռոզա Հակոբյան