«Տեղի են ունենում ուժեղ բախումներ թուրքական իշխանությունների և քրդական ուժերի միջև». թուրքագետ
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ տեղի են ունենում բավական ուժեղ բախումներ թուրքական իշխանությունների և քրդական ուժերի միջև՝ ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում։ Թուրքագետի դիտարկմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ բախումներն ուժգնացել են, և գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են մեծ թվով զոհեր և վիրավորներ։
«Ըստ Հաբերթուրքի՝ Թուրքիան սկսել է մեծ քանակով զինտեխնիկա և զինուժ կուտակել թուրք-սիրիական սահմանին և այնտեղից ամեն օր հրթիռակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը։ Ինչպես հայտարարել է Սիրիայի քրդերի վարչակազմի ղեկավար Սահիդ Մուսլիմը՝ թուրքական հրետանիներն ամեն օր հրթիռակոծում են քրդական Աֆրին բնակավայրը, որը գտնվում է սիրիական քրդերի վերահսկողության տակ, և իրենք կարիք ունեն ռուսական զորքերի հետ համագործակցության ու աջակցության։
Միաժամանակ՝ Շապին Գարահիսար և Եդեսիա քաղաքներում Էրդողանը հայտարարել է, որ չնայած իրենք զոհեր են տալիս ամեն օր, սակայն իրենք՝ ամեն գնով օգատագործելով իրենց զինտեխնիկան ու մարդկային ուժը, թույլ չեն տալու, որպեսզի Սիրիայում ստեղծվի քրդական պետություն, քանի որ դա հակասում է Թուրքիայի ազգային անվտանգությանը»,- ասաց բանախոսը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Մեսութ Բարզանին երբ հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք քրդական անկախության հանրաքվեն չի հետաձգվելու, և հակառակ դեպքում՝ այն բերելու է մահաբեր պատերազմի, թուրքական իշխանական շրջանակները հայտարարեցին, որ իրենք ևս դեմ են Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի անկախության հանրաքվեին և ամեն ինչ անելու են դրան հակազդելու համար։
Պարոն Խուդավերդյանը հավելեց նաև, որ իրավիճակը թեժ է Թուրքիայի հարավում, որտեղ ամեն օր զոհվում են ինչպես՝ թուրք զինվորներ, այնպես էլ՝ քուրդ զինյալներ, մասնավորապես՝ Դիարբեքիր, Բիթլիս բնակավայրերում ամեն օր տեղի են ունենում ռազմական գործողություններ քրդական բանվորական կուսակցության զինյալների և թուրքական զորքերի միջև, իսկ թուրքական լրատվամիջոցները նշում են՝ այդ ամենի վերջը բոլորովին չի երևում։
Ռոզա Հակոբյան