Թուրքիան ԱՄՆ-ի ու Իրանի միջև
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
- Թուրքիայի համար շահեկան չէր Բարաք Օբամայի նախագահության ժամանակ և հատկապես վերջնամասում Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը։
- Թուրքիան «Արաբական գարնան» մեկնարկից հետո (2011-2014թթ.) խստապես տանուլ է տվել Իրանի հետ մրցակցությունը տարածաշրջանում։
- Վերջին երկու տարում Թուրքիան որոշակի ռևանշի է հասել Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում։
- Թուրքիայի համար շահեկան է Իրանի հանդեպ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունը։
ՆԱԽԱԲԱՆ
2011թ. «Արաբական գարնան» մեկնարկից հետո Մերձավոր Արևելքում նոր ուժով բորբոքվեց Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցությունը՝ տարածաշրջանում գերակա դիրքեր զբաղեցնելու համար։ Դա հատկապես իր արտացոլումը գտավ Սիրիայում, ինչպես նաև Իրաքում ու Եմենում։ Ընդ որում, թե՛ շիա Իրանը, թե՛ սուննի Թուրքիան տարածաշրջանում վարում են դավանաբանական հենքով արտաքին քաղաքականություն։ Ուշագրավ է, որ շիական աշխարհի ընդգծված առաջնորդ Իրանը հիմնականում պայքարում է միայնակ՝ առանց ավելի հզոր ուժերի աջակցության։ Միակ բացառությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի կողմից աջակցության դեպքում է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այստեղ առաջնորդվում է առաջին հերթին իր և ոչ թե Իրանի և/կամ Բաշար Ասադի շահերով։ Ինչ վերաբերում է սուննի աշխարհի առաջնորդի դերին հավակնող Թուրքիային, ապա այստեղ իրավիճակն այլ է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը վկայում է Արևմուտքից որոշ աջակցություն ստանալու մասին։ Բացի այդ Թուրքիան ունի տարածաշրջանային լուրջ աջակիցներ` ի դեմս Սաուդյան Արաբիայի, Քաթարի և այլն։
Իրանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները թեև վնասեցին Թուրքիայի ու Իրանի միջև առևտրային-տնտեսական կապերը (Իրանը Թուրքիայի համար նավթի խոշորագույն մատակարարի դերը զիջեց Իրաքին), սակայն մյուս կողմից էլ այդ սահմանափակումները որոշակի զսպիչ դեր կատարեցին Իրանի տարածաշրջանային հավակնությունների համար՝ սասանելով դրանց տնտեսական հիմքը։
Եվ չնայած այդ ամենին՝ Թուրքիան 2011-2014թթ. տանուլ տվեց Իրանի հետ մրցակցությունը Մերձավոր Արևելքում։ Այն բանից հետո, երբ 2014թ. սեպտեմբերին Եմենի շիա ապստամբները մտան երկրի մայրաքաղաք Սանա, իրանցի պատգամավոր Ալիռըզա Զաքանին հայտարարեց, որ Սանան Բեյրութից, Դամասկոսից և Բաղդադից հետո դարձավ արաբական չորրորդ մայրաքաղաքը, որը գտնվում է Թեհրանի վերահսկողության ներքո: Սա ցայտունորեն արտացոլում էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, և որ Իրանը Թուրքիայի դեմ խաղը շահում էր 4:0 հաշվով, քանի որ անկարելի էր թվարկել արաբական որևէ երկրի մայրաքաղաք, որին հնարավոր կլիներ դասել Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվողների թվում:
Բացի այդ Իրանը մեծ ազդեցություն ուներ և ունի նաև արաբական այլ երկրներում (Բահրեյն, Պաղեստին): Այդպիսով, կարելի է փաստել, որ «Արաբական գարնան» մեկնարկից հետո Իրանը զգալիորեն ամրապնդեց իր դիրքերն արաբական աշխարհում, ընդ որում՝ այդ արդյունքին հասավ՝ գտնվելով միջազգային պատժամիջոցների ներքո։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ, Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի մի շարք կարկառուն ներկայացուցիչների աջակցությունը վայելող Թուրքիան հարաբերությունները վատթարացրեց արաբական աշխարհի կարևոր երկրներ Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի հետ: Դա սահմանափակեց Թուրքիայի ազդեցությունն այդ երկրներում, տարածաշրջանում միջնորդական առաքելությամբ հանդես գալու նրա հնարավորությունները, նվազեցրեց Թուրքիայի պահանջարկը տարածաշրջանում։
ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
2011թ. գարնանը Սիրիայում ժողովրդական հուզումների մեկնարկից հետո Թուրքիան ու Իրանը գտնվում էին նույն ճամբարում. երկուսին էլ ձեռնտու էր Սիրիայի իշխանության ղեկին Բաշար Ասադի մնալը։ Թուրքիայի դեպքում դա պայմանավորված էր հետևյալ գործոններով. ա) Թուրք-սիրիական հարաբերությունները գտնվում էին բավական բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում էին բարձր մակարդակի փոխադարձ այցերը, երկու երկրների ղեկավարների կողմից իրենց ընտանիքներով համատեղ արձակուրդ անցկացնելը, տնտեսական կապերի զարգացումը, համատեղ նախագծերի իրագործումը։ Ուշագրավ է, որ 2011թ. փետրվարին (Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ընդամենը մեկ ամիս առաջ) երկու երկրների վարչապետները (Էրդողան, Նաջի Օտրի) մասնակցեցին սահմանային Օրոնտաս (Ասի) գետի վրա համատեղ ամբարտակի կառուցման հիմնարկեքին։ Փոխադարձ այցերի կապակցությամբ, նշենք, որ 2003թ. հունվարին Սիրիա այցելեց 2002թ. նոյեմբերից Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) առաջին վարչապետ Աբդուլլահ Գյուլը, ինչը նմանատիպ առաջին այցն էր Սիրիա վերջին 10 տարում (1993թ. Սիրիա է այցելել Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը)։ Այցից հետո Գյուլը հայտարարեց, որ Բաշար Ասադը կայցելի Թուրքիա։
Այցը տեղի ունեցավ 2004թ. ինչը Սիրիայի նախագահի առաջին այցն էր սկսած 1946թ.-ից (Ասադը Թուրքիա այցելեց նաև 3.5 տարի անց՝ 2007թ.)։ 2012թ. Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարեց, որ վերջին 10 տարում Սիրիա այցելել է 62 անգամ։
բ) Սիրիայի հետ հարաբերությունները Թուրքիայի համար է՛լ ավելի կարևորվեցին Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից (2010թ. «Մավի Մարմարայի» միջադեպից) հետո, ինչը պետք է ծառայեր իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի պլանի իրագործմանը։ Կարելի է ասել, որ «Արաբական գարնան» սկսվելու ժամանակ Սիրիան Մերձավոր Արևելքում Թուրքիայի համար որոշակի փոխատեղում էր կատարել Իսրայելի հետ։ Ընդգծվում էր, որ Թուրքիան Սիրիայի համար բաց դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Սիրիան Թուրքիայի համար բաց դարպաս է դեպի իսլամական աշխարհ (Թուրքիան մերձավորարևելյան երկրների հետ ցամաքային ճանապարհով առևտուրն իրականացնում էր հիմնականում Սիրիայի տարածքով)։
գ) Թուրքիայի իշխանությունները տեսել էին, որ Բաշար Ասադի իշխանության ժամանակ Սիրիայում ի հայտ չի եկել տեղի քրդերի կողմից ինքնավարություն ստեղծելու խնդիր, ինչի համար էլ նրանք չէին կարող ի սկզբանե լքել Ասադին և աջակցել նրա հակառակորդներին։ Եվ զարմանալի չէր, որ Թուրքիայի իշխանությունները սկսեցին հորդորել Ասադին, համոզել անհապաղ իրականացնել բարեփոխումներ՝ ժողովրդական հուզումները հանդարտեցնելու, Սիրիայի քրդերի հնարավոր անջատողական շարժման մեկնարկը կանխարգելելու համար։
Ինչ վերաբերում է Բաշար Ասադին Իրանի աջակցելու դրդապատճառներին, ապա այստեղ էլ կան բազում գործոններ, որոնցից են. ա) Ինչպես արդեն նշվեց, Իրանը տարածաշրջանում վարում է «դավանաբանական արտաքին քաղաքականություն», և հասկանալի է, որ նա դեմ էր լինելու Սիրիայում ալավիների իշխող ռեժիմը սուննիներով փոխելու հնարավորությանը։
բ) Սիրիան շատ կարևոր տեղ էր զբաղեցնում Միջերկրական ծով դուրս գալու համար Իրանի տարածաշրջանային-անվտանգային քաղաքականությունում։ Սիրիան կապող օղակ է Լիբանանի ու Իրաքի միջև, և Իրանը նրանց միջոցով դուրս է գալիս Միջերկրական ծով։ 2015թ. նոյեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մեհդի Ռաբանին, մեկնաբանելով İmad հրթիռի փորձարկումը, հայտարարեց, որ այն ունակ է հասնել Թել Ավիվ, և որ Իրանի պաշտպանական գծի խորությունն այժմ հասել է մինչև Միջերկրական ծով։
գ) Սիրիան կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի էներգետիկ-տրանսպորտային ծրագրերում։ Իրանը ձգտում է իր գազն Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի տարածքով հասցնել Միջերկրական ծով ու Եվրոպա։ Բացի այդ Իրանը ձգտում է երկաթուղային ճանապարհով դուրս գալ Լաթաքիա՝ Միջերկրական ծով։ Իրանում երկաթգիծն արդեն մոտենում է Իրաքյան Քրդստանին սահմանակից Քերմանշահ նահանգին, սակայն Իրաքի տարածքում երկաթգծի երթուղին դեռ հստակեցված չէ։
Եվ, այնուամենայնիվ, հետագայում վատթարացան թուրք-սիրիական հարաբերությունները՝ չնայած նրան, որ Բաշար Ասադն անսաց Թուրքիայի հորդորներին և կատարեց մի շարք բարեփոխումներ, որոնք, ի դեպ, չհանգեցրեցին ժողովրդական հուզումների մարմանը։ Թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացման պատճառներն են.
ա) Նախ փոխվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի տոնը, ով սկսեց Ասադին մեղադրել բազում խոստումներ տալու և 14 կետանոց «ճանապարհային քարտեզը» չկատարելու մեջ։ Ասադն էլ սկսեց Էրդողանին մեղադրել անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ՝ ընդգծելով, որ 30 տարի նոր Սահմանադրություն չընդունած Թուրքիան Սիրիայից պահանջում է այն ընդունել ընդամենը 3 ամսում։ Ապա Էրդողանը սկսեց Ասադին մեղադրել սեփական ժողովրդի դեմ բռնություններ գործադրելու մեջ, իսկ Ասադն էլ սկսեց Էրդողանին հիշեցնել Թուրքիայում քրդերի դեմ կատարվող բռնությունների մասին։ Արդյունքում գործը հասավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։
2011թ. սեպտեմբերին Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ ավելի քան համբերատար է գտնվել Ասադի հանդեպ, սակայն իր համբերության բաժակն արդեն լցվել է։ Այդ ժամանակ եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրեց, որ Ասադից Էրդողանի հիասթափվելու պատճառը կապված չէ ժողովրդավարական բարեփոխումների խնդրի հետ. «Հունիսին Էրդողանն Ասադին առաջարկել է Սիրիայում հակակառավարական ելույթների դադարեցման հարցում իր աջակցությունը, եթե Ասադը կառավարության մեջ 3-4 նախարարական պորտֆել հատկացնի Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը: Սակայն Ասադը կտրուկ մերժել է Էրդողանի առաջարկը` ընդգծելով, որ քաղաքական կուսակցության տեսքով իսլամիստների վերադարձը բացառվում է, քանի որ նրանց կրոնական բնույթը չի համապատասխանում Սիրիայի աշխարհիկ բնույթին, և որ «Մուսուլման եղբայրները» Սիրիայի համար նույնն է, ինչ Թուրքիայի համար PKK-ը»։
բ) Թուրքիայի դիրքորոշման փոփոխմանը նպաստեց նաև 2011թ. հուլիսի 25-ին «Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան» («շիական») գազատարի կառուցման մասին պայմանագրի կնքումը։ Նա ձգտում էր, որ իրանական գազը Եվրոպային մատակարարվի հենց իր տարածքով և ելնելով դրանից՝ նպատակահարմար համարվեց բորբոքել իրավիճակը Սիրիայում և Իրաքում, ինչն (պատերազմը, իշխանափոխությունը) անհնար կդարձներ «շիական» գազատարի կառուցումը, Իրանին կդներ փակուղային իրավիճակում և կստիպեր ընտրել թուրքական երթուղին։ Դա տարանցիկ մեծ եկամուտներ կապահովեր Թուրքիային, Իրանին տարանցիկ կախվածության մեջ կդներ նրանից, կմեծացներ Թուրքիայի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դերը, իր ներդրումը կունենար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում և այլն։ Ի դեպ, 2009թ. Բաշար Ասադը մերժել էր «Քաթար-Սիրիա-Թուրքիա-Եվրոպա» գազատարի նախագիծը, ինչը որոշ փորձագետների կարծիքով՝ դարձել է Սիրիական պատերազմի մեկնարկի բուն պատճառը։
գ) Թուրքիայի դիրքորոշման փոփոխման մեջ ամենակարևոր գործոնը դարձավ այն, որ 2011թ. օգոստոսի 18-ին Բարաք Օբաման առաջին անգամ բաց հայտարարեց, որ Ասադը պետք է հեռանա։ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակից Թուրքիայում կարծեցին, թե Ասադի օրերը հաշված են, և որ այսուհետ պետք է աջակցել սիրիական ընդդիմությանը (Օբամայի հայտարարությունից մոտ 1 ամիս անց Էրդողանը չբացառեց, որ արդեն 1 տարի անց Ասադը Սիրիայում չի լինի իշխանության ղեկին)։ Սակայն Թուրքիայում հաշվի չառան այն, որ ԱՄՆ-ը չունի Ասադի վարչակարգը տապալելու հստակ ռազմավարություն, թերագնահատեցին հենց Բաշար Ասադին, ինչպես նաև նրան իշխանության պահելու հարցում Իրանի ու Ռուսաստանի վճռականությունը։
Օբամայի հայտարարությունից ընդամենը 5 օր անց Ստամբուլում ձևավորվեց սիրիական ընդդիմության կոալիցիոն խումբը՝ Սիրիական ազգային խորհուրդը։ Թուրքիայում կարծեցին, որ Սիրիայում շուտով իշխանության կգա ընդդիմությունը, և եթե Անկարան շարունակի աջակցել Ասադին, ապա Սիրիայում կստանա թշնամական ռեժիմ։ Այստեղ կարևորվեց ևս երկու գործոն. ա) եթե սիրիական ընդդիմությունը Թուրքիայի աջակցությամբ գա իշխանության, ապա դրա համար մեծապես պարտական կլինի Թուրքիային, և Սիրիան կվերածվի Թուրքիայից կախյալ պետության, բ) Թուրքիան սիրիական ընդդիմության միջոցով կկարողանա վերահսկել Սիրիայի քրդերի անջատողական շարժումները։
Այդպիսով, եթե սկզբում Ասադի հարցում համընկնում էին Թուրքիայի ու Իրանի շահերը, Ասադի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշման խստացումից հետո Թուրքիան ԱՄՆ-ի հետ հայտնվեց նույն, իսկ Իրանը՝ հակառակ ճամբարում։ Բնականաբար, Թուրքիայի դիրքորոշման փոփոխման մեջ իր դերը խաղաց նաև Ասադի վարչակարգի տապալմամբ Իրանի տարածաշրջանային նկրտումները զսպելու, «շիական» առանցքի մեջ սեպ խրելու գործոնը։ Եվ Թուրքիան սկսեց մեծապես աջակցել սիրիական ընդդիմությանը, սակայն տեսնելով, որ սիրիական ընդդիմությանը չի հաջողվում հասնել Ասադի տապալմանը, որում չափազանց մեծ դեր ուներ Ասադին Իրանի ու նրա արբանյակների («Հզբոլլահ», շիա աշխարհազորայիններ և այլն) մեծ աջակցությունը, Թուրքիան որոշեց արագացնել տվյալ գործընթացը։ Թուրքիայում հարցի ելքը գտան ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ (հավաքական պաշտպանության մասին) հոդվածը խաղարկելու մեջ՝ սիրիական հակամարտության մեջ ՆԱՏՕ-ին (ԱՄՆ) ներքաշելու միջոցով Ասադի տապալմանը հասնելու համար։ Թուրքիան այդպիսով անցում կատարեց սահմանային սադրանքների քաղաքականությանը։
2012-2013թթ. Թուրքիան գնաց սահմանային մի շարք սադրանքների (Սիրիայից Թուրքիայի տարածքի գնդակոծություններ ու հրետակոծություններ, թուրքական հետախուզական ինքնաթիռի մուտքը Սիրիայի օդային տիրույթ ու խոցումը)։ Սակայն դրանք ավարտվեցին անարդյունավետ, քանի որ ԱՄՆ-ը (ՆԱՏՕ) տուրք չտվեց թուրքական կողմի այդ սադրանքներին. Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի իրագործման համար անհրաժեշտ է, որ Սիրիան ուղիղ սպառնալիք ներկայացնի Թուրքիային` ընդգծելով, որ այդ հոդվածը ցայժմ օգտագործվել է միայն մեկ դեպքում, երբ ԱՄՆ-ը 2001թ. սեպտեմբերի 11-ին ենթարկվել էր հարձակման։
Եվ, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն Patriot տիպի 6 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ, որոնցից 2-ական հատկացրեցին ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները) տրամադրեց Թուրքիային, որոնք 2013թ. հունվարին տեղակայվեցին նրա հարավ-արևելյան Քահրամանմարաշ, Ադանա, Գազիանթեփ նահանգներում՝ Սիրիայից եկող օդային սպառնալիքներին դիմագրավելու համար (հետագայում թուրքական կողմը քանիցս հայտնեց իր տարածքում Սիրիայից արձակված հրթիռներ ու արկեր ընկնելու մասին)։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում ամերիկյան արտադրության Patriot ԶՀՀ-ների տեղակայումն իրականում եղել է Իրանի հանդեպ ճնշում գործադրելու միջոց՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում նրա դիրքորոշումն ավելի մեղմացնելու համար։ Ընդ որում՝ Իրանը ռազմավարական սխալ որակեց Թուրքիայում Patriot-ների տեղակայումը։
Հիշատակման արժանի է 2013թ. ամռանը Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում քիմիական զենքի կիրառմամբ կատարված հարձակումը։ Դրանից առաջ Օբաման Ասադի համար «կարմիր գիծ» էր սահմանել քիմիական զենքի կիրառումը, և ակնհայտ էր, որ դրանից հետո Ասադի հակառակորդները պետք է ցանկանային օգտվել դրանից, և Սիրիայում անպայման կիրառվելու էր քիմիական զենք, որի պատասխանատվությունը դրվելու էր Ասադի զորքերի վրա։ Քիմիական այդ հարձակումից հետո Թուրքիան սկսեց զորք ու ռազմական տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին՝ փափագելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի կազմում շուտափույթ ներխուժել Սիրիա և տապալել Ասադին։ Սակայն, երբ Ասադը Ռուսաստանի առաջարկով հրաժարվեց քիմիական զենքի պաշարներից, տեղի չունեցավ արտաքին ռազմական միջամտություն։
Ի դեպ, ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը չբացառեց, որ Սիրիայում քիմիական զենքով հարձակման հետևում կարող է կանգնած լինել Էրդողանը։ Նրա հետ կարելի է համաձայնել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Ասադի վարչակարգի տապալման ամենամեծ ջատագովներից էր, և որ թուրքական մամուլի պնդմամբ՝ Սիրիայում կիրառված քիմիական զենքն արտադրվել է Թուրքիայում, որտեղից էլ ուղարկվել է Սիրիա։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա նրա ռազմաքաղաքական ղեկավարությունն ԱՄՆ-ին քանիցս զգուշացրեց Սիրիայում արտաքին ռազմական միջամտություն չսկսելու համար` ընդգծելով, որ հակառակ դեպքում տարածաշրջանում կգրանցվի աղետ։ Իրանը դատապարտեց նաև այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը՝ այն որակելով իսրայելամետ։
Նշենք, որ 2013թ. ռազմական միջամտությունից հրաժարվելը դարձավ Սիրիական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ից Թուրքիայի ամենամեծ հիասթափությունը։ Արդեն ընդգծվել է, որ Թուրքիան որոշակիորեն ԱՄՆ-ի պատճառով է թշնամացել Ասադի հետ և սկսել լուրջ վնասներ կրել դրանից (սիրիացի փախստականների մեծ հոսքը շարունակվում էր, խարխլվել էր Թուրքիայի ցամաքային առևտուրը Մերձավոր Արևելքի հետ, մեծացել էր Եգիպտոսից (Սուեզի ջրանցք) Թուրքիայի կախվածությունը)։ Սիրիայի քրդերի հարցում էլ համընկնում են քրդական հոծ բնակչություն ունեցող Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի շահերը (թեև Իրանը ողջունում է Սիրիայի քրդերի պայքարն ԻՊ-ի դեմ, սակայն դեմ է նրանց ինքնավարություն տալուն)։
Ընդգծենք, որ Իրաքում ևս ստեղծվեց Սիրիայի նման իրավիճակ, երբ գործող իշխանությունները կարողացան դիմակայել հիմնականում Իրանի աջակցության շնորհիվ։ Հայտնի է, որ 2014թ. Իրաքում ԻՊ-ի հաղթարշավի սկսվելուց հետո Բաղդադը փրկվեց հենց Իրանի ջանքերի շնորհիվ, որի գեներալները ղեկավարել են Իրաքի մայրաքաղաքի պաշտպանությունը (Իրաքի սուննիների զգալի մասը սատարեց ԻՊ-ին, մինչդեռ շիաները ստեղծեցին Իրանի կողմից հովանավորվող ինքնապաշտպանական ստորաբաժանումներ)։ Ընդ որում՝ կա վարկած, որ ԱՄՆ-ն ու Իրանը ոչ պաշտոնական մակարդակում համաձայնեցրել են այդ ամենը։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նաև հայտարարեց, որ Իրանը պատրաստ է ամեն գնով պաշտպանել Իրաքում իր սրբավայրերը։ Բացի այդ Իրանը 70 ռազմական խորհրդատու ուղարկեց Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն (ՀԻՔԻ)՝ համակարգելու Էրբիլն ԻՊ-ից պաշտպանելու գործողությունները։ Այս ամենը մեծացրեց Իրանի ազդեցությունը ողջ Իրաքում՝ ներառյալ ՀԻՔԻ-ն։
Ինչ վերաբերում է Եմենին, ապա Իրանի աջակցությունը վայելող շիա ապստամբները՝ հուսիները, 2014թ. ռազմական զգալի հաջողություններ գրանցեցին՝ վերահսկողութան տակ առնելով երկրի մեծ մասը և նախագահին հարկադրելով լքել Եմենը։ Մերձավոր Արևելքի այս 3 թեժ հակամարտությունների ժամանակ Իրանը մոբիլիցազրեց տարածաշրջանի շիաներին, որոնք, ի տարբերություն սուննիների, գործում էին ավելի համախմբված, նպատակամղված։ Այդպիսով, Իրանը դե-ֆակտո դարձավ Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր թեժ հակամարտությունների մասնակիցը, ինչը զգալիորեն մեծացրեց նրա ազդեցությունը։
Եվ զարմանալի չէր, որ 2015թ. մարտի 26-ին (երբ արդեն ակնհայտ էր, որ հուսիները տիրանալու են նաև Ադենին) Էրդողանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ իրենք կարող են լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությանը, ինչպես նաև քննադատեց Իրանին. «Իրանի դիրքորոշումն անկեղծ չէ, որովհետև այն ունի դավանաբանական հռետորաբանություն: Իրանն ու ահաբեկչական խմբերը պետք է դուրս գան Եմենից: Իրանը ձգտում է Իրաքից վտարել ԻՊ-ին, որպեսզի զբաղեցնի նրա տեղը: Իրանը չպետք է Մոսուլում փոխարինի ԻՊ-ին»:
Նույն օրը Կոտ դ’Իվուարի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարեց. «Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանային գերակայության: Անհրաժեշտ է, որ նա փոխի իր այդ մոտեցումը և իր ուժերը դուրս բերի Եմենից, ինչպես նաև՝ Սիրիայից ու Իրաքից»: Ուշագրավ է, որ այս ամենը տեղի ունեցավ Իրան Էրդողանի այցի շեմին: Փաստորեն, Էրդողանը հավասարության նշան է դնում Իրանի և ահաբեկչական խմբերի միջև և Իրանին մեղադրում «դավանաբական քաղաքականություն» վարելու մեջ, մինչդեռ Թուրքիան էլ տարածաշրջանում վարում էր «դավանաբանական քաղաքականություն»՝ ձգտելով հասնել տարածաշրջանային գերակայության։
Ակնհայտ է, որ Էրդողանի նման պոռթկումը վկայեց, որ Իրանի վարած տարածաշրջանային քաղաքականությունը լցրել է նրա համբերության բաժակը, որ Թուրքիան տանուլ է տալիս Մերձավոր Արևելքում Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունը (ինչը խոստովանում է Էրդողանը), որ Իրանն աստիճանաբար ավելի է ամրապնդում դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում, մինչդեռ Թուրքիան շարունակ ավելացնում էր իր հանդեպ անբարյացակամ տրամադրված տարածաշրջանային երկրների թիվը։
Այստեղ պետք է հիշատակել 2014թ. նոյեմբերին Թուրքիայում Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը, որի ժամանակ Էրդողանն առաջարկեց Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գոտի, սակայն Բայդենը բացասական պատասխան տվեց` նշելով, որ Իրանը դեմ է դրան: Զայրացած Էրդողանն էլ հայտարարել էր, թե այդ դեպքում ինչու են իրենք այդ հարցով բանակցում ԱՄՆ-ի և ոչ թե Իրանի հետ: Էրդողանի պոռթկմանը կարող էր նպաստել նաև այն, որ 2015թ. գարնանն ամփոփիչ փուլ էին թևակոխել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունները: Էրդողանը, թերևս, գիտակցում էր, որ կողմերը մոտ են համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, ինչը պետք է նշանակեր Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում: Իսկ դա իր հերթին պետք է նպաստեր իրանական նավթի արդյունահանման և արտահանման ծավալի մեծացմանը, սառեցված բանկային հաշիվների ապասառեցմանը, Իրանում օտար ներդրումների աճին և, հետևաբար, Իրանի տնտեսական հզորացմանը, ինչը, բնականաբար, իր արտացոլումը կունենար երկրի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացման վրա:
Թուրք վերլուծաբան Իսմեթ Օզգուլի կարծիքով՝ Իրանը պատժամիջոցների վերացման դեպքում տնտեսական խոշոր թռիչք կգործի և կվերածվի «ասիական նոր վագրի»: Բացի այդ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը, նրանց համագործակցությունը չէր կարող չմտահոգել կամ նախանձի զգացում չառաջացնել Թուրքիայում, որն ԻՊ-ի դեմ պայքարի հարցում բավական խոչընդոտներ էր հարուցում ԱՄՆ-ի համար՝ դժգոհելով, որ Վաշինգտոնը նախապատվությունը չէր տալիս Ասադի տապալմանը: Նկատելի էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է Մերձավոր Արևելքի կայունության ապահովման հարցում հենվել ավելի շատ Իրանի և ոչ թե ասենք Թուրքիայի և/կամ Սաուդյան Արաբիայի վրա, ինչը մտահոգում էր վերջիններիս։ Տարածաշրջանում Իրանին զսպելու մղումն ու ԱՄՆ-ից ոչ բավարար աջակցություն ստանալն է՛լ ավելի մերձեցրեց Թուրքիային ու Սաուդյան Արաբիային։ Մասնավորապես, Էրդողանը 2015թ. վերջին այցելեց Սաուդյան Արաբիա, որից օրեր անց այդ երկրում մահապատժի ենթարկեցին 47 մարդու՝ ներառյալ շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրը։ Դա լարվածություն առաջացրեց Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում, որի ժամանակ Թուրքիան աջակցեց Սաուդյան Արաբիային՝ ընդգծելով, որ շիա քարոզչի մահապատիժը Սաուդյան Արաբիայի ներքին գործն է։ Այդպիսով, 2011-2014թթ. կարելի է որակել իրանական հաղթարշավի ժամանակաշրջան. Իրանը համախմբեց տարածաշրջանի շիաներին, նրա աջակցությամբ Սիրիայի ու Իրաքի գործող իշխանությունները կարողացան դիմակայել հակառակորդներին, Եմենի շիա ապստամբներն էլ տիրեցին երկրի կարևոր քաղաքները։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԵՎԱՆՇ
Թուրքիան, տեսնելով, որ տանուլ է տալիս Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունը և զգալի աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից, որոշեց ապավինել սեփական ուժերին և դիմել ավելի կտրուկ գործողությունների։ Թուրքիային նման քայլերի մղեցին նաև տարածաշրջանային մի շարք զարգացումներ, որոնց թվում նշենք Սիրիայի քրդերի հաղթարշավը 2015թ.։ Այդ շրջանում մեկնարկեց Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականությունը, որը նեոօսմանյան քաղաքականության կարևոր բաղադրիչ է՝ միտված Թուրքիայի ռազմական ներկայությունը հաստատելուն այն երկրներում, որոնք նախկինում մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Ընդ որում՝ Թուրքիան դրան հասնելու համար տարբերություն չդրեց միջոցների մեջ և սկսեց իր ռազմական ներկայությունն արտերկրում հաստատել և՛ լեգիտիմ, և՛ ոչ լեգիտիմ մեթոդներով։
2015թ. հոկտեմբերին Քաթարում անցկացվեցին Թուրքիայի հետ համատեղ Nasr վարժանքները, որոնց մասնակցելու համար Քաթար ժամանած 100 թուրք զինվորականները հետ չվերադարձան։ Այդպիսով Քաթարում սկսեցին գործել թուրքական ռազմական առաջին տարրերը. թուրք զինվորականներն ուղիղ մեկ դար անց վերադարձան Քաթար (օսմանյան զինվորները Քաթարը լքել են 1915թ.): 2014թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիան ու Քաթարն Անկարայում ստորագրեցին համաձայնագիր, որը ռազմական ուսուցման ու արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը խորացնելուց բացի նախատեսում էր նաև Քաթարում թուրքական ռազմակայանի ստեղծում։ 2017թ. հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը հավանության արժանացրեց Քաթարի ռազմաբազայում թուրք զինծառայողների տեղակայումը թույլատրող օրինագիծը, որը հաջորդ օրը վավերացվեց նաև Էրդողանի կողմից։ Թուրքական մամուլը չբացառեց, որ Քաթարից հետո Թուրքիայի հաջորդ ռազմակայանը կստեղծվի Քուվեյթում և անգամ Սաուդյան Արաբիայում (վերջինս, սակայն, մերժեց Թուրքիային)։
2015թ. դեկտեմբերին Թուրքիան տանկային մեկ գումարտակ (600 զինծառայող) տեղակայեց Մոսուլից հյուսիս ընկած Բաշիքայի ճամբարում։ Այդպիսով Իրաքում թուրք զինծառայողների թիվը հասավ 1600-ի, և Թուրքիան դարձավ Իրաքում ամենաշատ զինվորականներ ունեցող երրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից ու Իրանից հետո։ Թուրքիան դրանով ցանկանում էր տարածաշրջանում հիշեցնել իր ազդեցիկ խաղացող լինելու մասին։ Այդ քայլը տեղավորվում էր նաև նրա նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Մոսուլը գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, և Թուրքիայի Հանրապետությունը միշտ էլ աչք է ունեցել Մոսուլի վրա։ Քրդական մամուլում էլ հրապարակումներ եղան, թե Թուրքիան զբաղված է Իրաքում սուննի բանակ ձևավորելով, ինչը վկայում էր, որ Թուրքիայում մտածում են Իրաքում հետԻՊյան ժամանակաշրջանի մասին։ Թուրքական մամուլն էլ Բաշիքայում զորք տեղակայելը շաղկապել է ԻՊ-ից նավթի ապօրինի գնումների «քրդական երթուղու», հետագայում նաև Քաթարի գազն Իրաքի տարածքով Թուրքիա տեղափոխելու անվտանգության ապահովման հետ:
2016թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիան արտերկրում իր առաջին (օրինական) ռազմակայանը բացեց Սոմալիում, որն Աֆրիկայում ամենաերկար ափագիծն ունեցող երկիրն է (Մադագասկար կղզին չհաշված)։ Հաշվի առնվեց, որ մոտակայքում գտնվում է աշխարհի ամենակարևոր ջրուղիներից Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որով անցնում են կարևոր մալուխներ, օրական փոխադրվում է 3.5-4 մլն բարել նավթ՝ մերձավորարևելյան նավթի 30%-ը։ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով և Ադենի ծովածոցով տարեկան անցնում է 22.000 առևտրանավ, տվյալ երթուղուն բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 14%-ը` $1.8 տրլն: Թուրքիան, այդպիսով, հնարավորություն կստանա վերահսկել աֆրիկյան կարևոր երկրներ Եթովպիա և Քենիա տանող հաղորդակցության ուղիները։ Ուշագրավ էր, որ Սոմալիում թուրքական ռազմաբազայի բացման ժամկետը համընկավ օսմանյան սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղի (Օրենսդիր) գահակալման մեկնարկին (30.09.1520), ով Սոմալիի հյուսիսն ընդգրկել է Օսմանյան կայսրության կազմում։
2016թ. օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի թողտվությամբ մեկնարկեց Թուրքիայի «Եփրատի վահան» ռազմական գործողությունը՝ սեպ խրելով Սիրիայի քրդերի ինքնավար շրջանների միջև։ Այդ կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը Մերջիդաբըքի ճակատամարտում (Հալեպից հյուսիս) պարտության մատնեց մամլուքների բանակին, ինչից հետո օսմանյան պետության կազմում ընդգրկվեցին Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը։ Դրանով իսկ Սիրիայում նույնպես հաստատվեց թուրքական ռազմական ներկայություն, ընդ որում՝ Հալեպից ոչ հեռու։ Ներկայումս չի բացառվում, որ Թուրքիան զորք կտեղակայի նաև Սիրիայի Իդլիբ նահանգում, որը սահմանակից է իր Հաթայ նահանգին։
Այդպիսով, Թուրքիային հաջողվեց սեփական ռազմական ներկայությունը հաստատել Սոմալիում ու Քաթարում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում: Ընդ որում՝ առաջին երկու դեպքում Թուրքիան դա արել է օրինական ճանապարհով, իսկ վերջին երկու դեպքում՝ ապօրինի։ Այդ ամենը տեղավորվում էր ոչ միայն Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության, այլև տարածաշրջանում Իրանին զսպելու քաղաքականության շրջանակներում։ Եվ անսպասելի չէր, որ Իրանը շարունակ դատապարտեց տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հաստատումը։ Կարելի է ասել, որ Թուրքիան 2015-2016թթ. որոշակի ռևանշի հասավ Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում՝ ռազմական ներկայություն հաստատելով տարածաշրջանի կարևոր կետերում։
ԹՈՒՐՔ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2017Թ.
Դեռևս 2016թ. գարնանն ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրեց ահաբեկչություն հովանավորելու, Իսրայելին սպառնալու մեջ՝ խոստանալով ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ. «Իրանը խնդիր է Սիրիայում, Եմենում, Լիբանանում։ Նա շատ մեծ խնդիր է լինելու Սաուդյան Արաբիայի համար։ Սիրիայում նրանք փորձում են նոր ճակատ ստեղծել Իսրայելի դեմ՝ Գոլանի բարձունքների կողմից։ Իրանն աջակցում է նաև Հզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին, Իսլամական ջիհադին ու մյուս կազմակերպություններին, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական։ Իրանն աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորն է, մենք լիովին կոչնչացնենք նրա ցանցը»: Թրամփը նաև խոստացավ չեղարկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը՝ այն որակելով որպես «աղետ» թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի, թե՛ ընդհանրապես ողջ Մերձավոր Արևելքի համար։
Թրամփի այս և նման այլ հայտարարությունները վկայում էին Մերձավոր Արևելքում Իրանի զգալի հաջողությունների և ԱՄՆ-ի կողմից դրանք խոստովանելու մասին։ Դա ակնհայտ էր դարձնում ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի հետագա քայլերը. ա) Թրամփն ամեն գնով ձգտելու էր զսպել Իրանի տարածաշրջանային նկրտումները, թուլացնել նրա ազդեցությունը տարածաշրջանում։ բ) Թրամփը խորացնելու էր համագործակցությունն Իսրայելի հետ՝ ավելի շատ մտահոգվելով նրա անվտանգության ապահովմամբ։ գ) Թրամփը մեծացնելու էր զենքի մատակարարումները Պարսից Ծոցի արաբական երկրներին՝ Իրանին դիմակայելու համար։
Բնականաբար, Իրանի հանդեպ Թրամփի այս քաղաքականությունը խստապես շահավետ է Թուրքիայի համար՝ չնայած նրան, որ Թուրքիան ավելի շատ դժգոհ, քան գոհ է Թրամփից։ Իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում դեռ առաջընթաց չկա (որոշ տվյալներով՝ Գյուլենի ու Էրդողանի տարաձայնությունները սկսվել են թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից, Գյուլենը դեմ է եղել դրան, և նրա այդ դիրքորոշումը գրեթե անհնար է դարձնում Թրամփի նախագահության ժամանակ նրա արտահանձնումը)։ Թուրքիան նաև դժգոհ է, որ իրեն թույլ չտվեցին մասնակցել Ռաքքայի ու Մոսուլի ազատագրմանը, ընդլայնել «Եփրատի վահանի» շրջանակները, որ ԱՄՆ-ը ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ։ Թուրքիան հազիվ թե գոհ է, որ ԱՄՆ-ը 110 մլրդ դոլարի սպառազինության համաձայնագիր է ստորագրել սուննի աշխարհի առաջնորդի հարցում իր թիվ մեկ մրցակից Սաուդյան Արաբիայի հետ։
2017թ. ապրիլին Թրամփն ԱԱԽ-ին հանձնարարեց գնահատական տալ Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրին՝ Իրանին մեղադրելով համաձայնագրի ոգուն հավատարիմ չգտնվելու մեջ։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը կկաշկանդի նրա տարածաշրջանային նկրտումները։ Թուրքիան կողջունի դա, թեև պատժամիջոցները կարող են վնասել թուրք-իրանական տնտեսական կապերը։
Թուրք-իրանական հարաբերությունների հերթական սրացումը գրանցվեց 2017թ. սկզբին։ Սակայն դրան անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում ընդգծել, որ 2016թ. երկրորդ կեսին գրանցվել էր թուրք-իրանական հարաբերությունների ջերմացում։ Դրա պատճառն այն էր, որ Իրանի իշխանությունները Թուրքիայի իշխանություններին իրենց աջակցության մասին հայտնեցին հենց 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) ժամանակ և ոչ թե շատերի նման սպասեցին ՌՀՓ-ի վախճանին և նոր միայն աջակցություն հայտնեցին։
Միևնույն ժամանակ սառեցին Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի հարաբերությունները։ Պատճառներից մեկն այն էր, որ թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ՌՀՓ-ը սատարած երկրների թվում հիշատակեց նաև Սաուդյան Արաբիային, սակայն այդ տեղեկատվությունը շուտով հեռացվեց։ Թուրք-սաուդյան հարաբերությունների սրացմանը նպաստում էր նաև թուրք-իրանական հարաբերությունների ջերմացումը, ինչպես նաև Ասադի հարցում Թուրքիայի որոշակի հետքայլը (պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերություններով), որ Ասադը կարող է դառնալ զրուցակից, և անկախ իր կամքից՝ Թուրքիան ներկա փուլում ստիպված է գործ ունենալ Ասադի հետ։
Եվ ահա 2017թ. փետրվարին Էրդողանն այցելեց Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար և Իրանին մեղադրեց տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու, սեփական ազդեցության մեծացման նպատակով Սիրիայում ու Իրաքում իրավիճակն ապակայունացնելու համար։ Բինալի Յըլդըրըմն էլ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Իրանին մեղադրեց Սիրիայում ու Իրաքում շիական պետություններ կառուցելու համար։ Այդ ամենից հետո Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց Իրանի ԱԳՆ, ուր նրան հանձնեցին բողոքի նոտա։
Թուրքական իշխանությունների այդ հայտարարություններն արվեցին այն ժամանակ, երբ Իրանի հետ հարաբերությունները գտնվում էին բարձր մակարդակի վրա. Աստանայում մեկնարկել էին Սիրիայի վերաբերյալ բանակցությունները, որոնց նախաձեռնողներն էին Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Պատճառները նույնն էին, որոնցից գլխավորն Իրանի տարածաշրջանային նկրտումները զսպելն էր։ Թուրքիայի նման պահվածքի համար առիթ ծառայեցին Թրամփի պաշտոնավարման մեկնարկը և Իրանի հանդեպ նրա հայտնի մոտեցումները։ Թուրքիան այդպիսով ցանկանում էր դիրքավորվել հակաիրանական ճամբարում, ուղերձ հղել ԱՄՆ-ին, որ աջակցում է նրա իրանական քաղաքականությանը և պատրաստ է լծվել Իրանին տարածաշրջանում զսպելու գործընթացին։
Թուրքիան իր դիրքորոշումը վերահաստատեց նաև 2017թ. ապրիլին, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո աջակցություն հայտնեց Ասադի զորքերի ռազմաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածին, պատրաստակամություն հայտնեց միանալ ԱՄՆ-ին, եթե նա ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում։ Թուրքիայի այդ քայլը կարելի է որակել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի թիկունքին Թուրքիայի հասցրած հարված։
2017թ. հունիսի սկզբին Մերձավոր Արևելքում առաջացավ լարվածության նոր օջախ։ Խոսքը Քաթարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի մասին է, երբ Սաուդյան Արաբիան և արաբական աշխարհի մի շարք այլ երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով իրենց ներքին գործերին միջամտելու, ահաբեկչություն հովանավորելու, Իրանի հետ հարաբերությունների բնույթի համար։ Ընդ որում՝ դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիա Թրամփի այցից անմիջապես անց, ինչի համար էլ մի շարք փորձագետներ կարծում են, որ դիվանագիտական սկանդալի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։
Քաթարի ճգնաժամի հարցում Թուրքիան ու Իրանը հայտնվեցին մեկ ճամբարում՝ աջակցելով Քաթարին։ Եվ, եթե Իրանի պարագայում դա թերևս մեծ ռիսկ չէր պարունակում, քանի որ նա բարդ հարաբերությունների մեջ էր Պարսից Ծոցի արաբական երկրների հետ և այդպիսով ձգտում էր է՛լ ավելի ամրապնդել սեփական դիրքերը Քաթարում, ապա Թուրքիայի պարագայում իրավիճակն այլ էր. նա լավ հարաբերությունների մեջ էր Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների հետ, և աջակցելով Քաթարին՝ ռիսկի էր դիմում փչացնել հարաբերությունները նրանց հետ։ Ամեն դեպքում այդ ճգնաժամը թեև հնարավորություն տվեց ամրապնդել Թուրքիայի դիրքերը Քաթարում, այնուամենայնիվ, հերթական անգամ վկայեց, որ սուննի աշխարհի առաջնորդը հենց Սաուդյան Արաբիան է, որը, ի զարմանս Թուրքիայի, սկսեց պահանջել նաև Քաթարից թուրքական ռազմակայանի հեռացում, ինչն Էրդողանը որակեց Թուրքիայի հանդեպ անհարգալից մոտեցում։
Բացի այդ ճգնաժամն ամրապնդեց Իրանի դիրքերը Քաթարում, ինչն անցանկալի է Թուրքիայի համար՝ չնայած նրան, որ տվյալ հարցում նրանք հայտնվել են միևնույն ճամբարում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, 2011-2017թթ. մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանն ու Թուրքիան ունեցել են զգալի հաջողություններ՝ իրենց դիրքերն ամրապնդելու տեսանկյունից. Մերձավոր Արևելքում 2011-2014թթ. իրանական հաղթարշավին 2015-2016թթ. հաջորդեց թուրքական ռևանշը։ Ամեն դեպքում տարածաշրջանում Իրանի ազդեցությունը կրում է շատ ավելի խորքային բնույթ՝ ի դեմս տեղի շիաների աջակցությունը վայելելու, մինչդեռ Թուրքիայի ազդեցությունը որոշ դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ։ Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի պարտությունից հետո Թուրքիայի առջև ծառանալու է այդ երկրներից իր զորքերը դուրս բերելու հարցը։ Բնական է, որ Թուրքիան ձգտելու է ամեն գնով երկարաձգել իր զորքերի ներկայությունը հարևան երկրներում, և այդ ընթացքում շարունակելու է զորեղացնել իր համակիր թուրքմեններին՝ նրանց տարածաշրջանային լուրջ գործոնի վերածելու և նրանց միջոցով իր շահերն առաջ տանելու համար։
Իրանին մերձավորարևելյան տարածաշրջանում զսպելու տեսանկյունից Թուրքիայի համար լուրջ հնարավորություն կարելի է համարել ԱՄՆ-ում իշխող վարչակարգի փոփոխումը։ Եթե Օբաման ցանկանում էր տարածաշրջանի կայունության հարցում հենվել Իրանի վրա, ապա Թրամփն անում է ընդհակառակը՝ ամեն գնով ձգտելով սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Եվ Թուրքիան էլ ոգևորված այդ ամենից համապատասխան ուղերձներ է հղում ԱՄՆ-ին։
Ամեն դեպքում արաբական երկրները միացել են տարածաշրջանում Թուրքիային զսպելու գործընթացին (պահանջելով վերացնել Քաթարում Թուրքիայի ռազմակայանը), և այդ հարցում համընկնում են նրանց ու Իրանի շահերը։ Թուրքիայի ու Իրանի փոխհարաբերությունները հետագայում կընթանան նախկինի նման վայրիվերումներով՝ ջերմացումներին կհաջորդեն սրացումները և ընդհակառակը (ինչպես որ Ռուսաստանի ու Թուրքիայի պարագայում է)։ Թուրքիան ամեն պատեհ առիթի դեպքում չի հապաղի միանալ Իրանի հակառակորդների գործողություններին։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ապա այստեղ (նաև Նախիջևանի շուրջ) ևս մեծ է մրցակցությունն Իրանի ու Թուրքիայի միջև։ Թեպետ ներկայումս ԱՄՆ իշխող վարչակարգի ուշադրության կիզակետում հիմնականում Մերձավոր Արևելքն է՝ իր բազում թեժ հակամարտություններով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Հարավային Կովկասը չի կարող երկար ժամանակ դուրս մնալ նրա ուշադրությունից՝ առավել ևս, որ Հարավային Կովկասի ու Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդիրներն այժմ փոխկապակցված են։
2017թ. հունիսին Արցախյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի վերջին խախտումների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ-ն ակնդետ հետևում է իրավիճակի զարգացմանը և պատեհ առիթի դեպքում կարող է միջնորդական ակտիվ ջանքեր գործադրել թե՛ Արցախյան հիմնախնդրի, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ընդ որում՝ Իրանը նույնպես կարող է իր միջնորդական ծառայություններն առաջարկել Հայաստանին և Թուրքիային (2016թ. հոկտեմբերին Իրանն իր միջնորդությունն է առաջարկել թուրք-իրաքյան հարաբերությունների կարգավորման համար)։
Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ ուշագրավ է, որ 2016թ. հունվարին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասի վերացումից օրեր անց Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին հայտարարեց, որ հակամարտող կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Ապա Արցախյան հիմնախնդիրը Մոսկվայում քննարկեցին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և նրա իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրը։
Արցախի հիմնախնդրի հարցում Իրանի ակտիվությունը չէր կարող վրիպել ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիայի աչքից, որը մեծապես ցանկանում է ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում։ Ապրիլյան քառօրյա թեժացումը, ի թիվս այլնի, միտված էր նաև Հարավային Կովկասում Թուրքիայի «ներկայության» մասին, Ռուսաստանի ու Իրանի կողմից Թուրքիայի շահերը հաշվի առնելու «անհրաժեշտության» մասին հիշեցնելուն։ Ամեն դեպքում Թուրքիան շահագրգռված չէ Արցախյան հակամարտության գոտում տևական պատերազմով, որը վտանգի տակ կդնի Ադրբեջանից դեպի Թուրքիա ձգվող կարևոր խողովակաշարերը («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը) ու ԲԹԿ երկաթգիծը։
Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է խոչընդոտներ ստեղծել «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի հարցում, թեև, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին ձեռնտու է այդ և ոչ թե «Հյուսիս-Հարավ» (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան) նախագծի իրագործումը։
Իրանը «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի նախագծի իրագործման հարցում ԱՄՆ-ի հետ կարող է աշխատել «միջնորդ» երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, ինչու ոչ նաև Ուկրաինայի միջոցով, որոնք ԱՄՆ-ին կընդգծեն, թե տվյալ նախագիծը որքան կարևոր է նաև իրենց համար։ Թուրքիան, բնականաբար, չի ցանկանա, որ Հայաստանն ընդգրկվի «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի նախագծում, կցանկանա, որ Պարսից Ծոցից բեռները Եվրոպա ուղարկվեն իր տարածքով, իսկ եթե ոչ՝ գոնե «Իրան-Ադրբեջան-Վրաստան» երթուղով։ Իրանը, սակայն, չի ցանկանում դեպի Եվրոպա բեռնափոխադրումների, ինչպես նաև իր գազն արտահանելու հարցերում տարանցիկ կախվածության մեջ ընկնել Թուրքիայից։ Բացի այդ հարկ է նշել նաև PKK-ի գործոնը, որը Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններում քանիցս հարձակվել է բեռնատար գնացքների ու մեծածավալ բեռնատարների վրա։
«Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի նախագծի իրագործումն Իրանի համար կարող է քիչ թե շատ հավասարակշռել Հարավային Կովկասում Թուրքիայի տնտեսական մեծ ազդեցությունը՝ ամրապնդելով նրա տնտեսական կապերը Հայաստանի, Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ։ Հատկապես Հայաստանի դեպքում նախագիծը շատ կարևոր է՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակման ճեղքման անհրաժեշտությունը։ Հայաստանին անհրաժեշտ է խստապես արագացնել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Հայաստանը սկզբնական շրջանում «Պարսից Ծոց – Սև ծով» միջանցքի նախագծում, թերևս, կընդգրկվի հենց ավտոճանապարհային հաղորդակցության մասով, իսկ երկաթուղային հաղորդակցությունն Իրանը կիրականացնի Ադրբեջանի միջոցով, քանի որ ցայժմ կառուցված չէ «Իրան-Հայաստան» երկաթուղին։
Ամեն դեպքում Պարսից Ծոցից բեռները երկաթուղային ճանապարհով կարող են Նախիջևանով հասցվել մինչև Երասխ (Արարատի մարզ), ապա բեռնատարներով հասցվել դեպի Վրաստանի սևծովյան ափ՝ Անակլիա։ Սակայն Ադրբեջանը հազիվ թե կհամաձայնվի դրան, և անգամ տվյալ նախագծի իրագործման դեպքում հարկ է հաշվի առնել, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի շահագործումից հետո կյանքի կոչել «Կարս-Իգդիր-Նախիջևան» (ԿԻՆ) երկաթուղու նախագիծը։ Թուրքիայում ծրագրել են կառուցել նաև «Էրզրում-Տրապիզոն» երկաթգիծը, ինչը նշանակում է, որ հեռանկարում Պարսից Ծոցից բեռները կարող են Սև ծով հասցվել նաև Հայաստանը շրջանցող «Նախիջևան-Կարս-Էրզրում-Տրապիզոն» երկաթուղային երթուղով (սակայն այստեղ նույնպես առկա է PKK-ի գործոնը)։ Հայաստանը պետք է կարողանա օգտվել իր առավելություններից՝ «Պարսից Ծոց- Սև ծով» միջանցքի նախագծի համար առաջարկելով ամենակարճ ու ամենաանվտանգ երթուղին։
Հայկ Գաբրիելյան
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)