«Հնարավոր է, մոտ ապագայում իրականություն դառնա Ֆիլիպինների հետ ուղիղ չվերթի հարցը»
Ֆիլիպինցիները հետաքրքրված են Հայաստանով՝ որպես առաջին քրիստոնյա երկիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Ֆիլիպինների 104 միլիոն բնակիչների 83 տոկոսը քրիստոնյաներ են:
«Մենք մի նախաձեռնություն ունենք՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», կարծում ենք, որ այն անպայման իր պահանջարկն ունենալու է համաշխարհային շուկայում, ինչպես` Ֆիլիպիններում:
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ, հնարավոր է, մոտ ապագայում իրականություն դառնա Ֆիլիպինների հետ ուղիղ չվերթի հարցը: «Ֆիլիպինցիների կողմից հետաքրքրվածություն կա, մենք էլ բաց երկնքի քաղաքականություն ենք վարում, եւ, կարծում եմ, այս ամենում բիզնեսը եւս կարող է շահագրգիռ կողմ հանդիսանալ»,-ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ասաց, որ վերջերս Ֆիլիպիններում մասնակցել է «Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության» համաժողովին, որտեղ քննարկվել են զբոսաշրջային տարբեր հարցեր: «Վերջերս մենք Ֆիլիպիններում գործող երկու բավական հայտնի լրատվամիջոցի էինք հյուրընկալել Հայաստանում, ծանոթացրել տեսարժան վայրերին: Նրանց ռեպորտաժներն արդեն իսկ պատրաստ են, եւ շուտով մեկը տպագիր, մյուսը հեռուստատեսությամբ կթողարկվեն»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նա վստահեցրեց, որ ֆիլիպինցի լրագրողներին բավական տպավորել էր Հայաստանը:
Անդրադառնալով ամռան ամիսներին զբոսաշրջային հոսքի կանխատեսումներին, Ապրեսյանն ասաց, որ աճ միանշանակ լինելու է: «Դեռ հունվար-մայիս ամիսներին մենք ընդհանուր այցելությունների 30 տոկոս աճ ենք ունեցել: Տարբեր երկրների հետ ուղիղ չվերթները, վիզային ռեժիմների դյուրացումները միանշանակ իրենց լավ արդյունքն ունենալու են»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա 5 տարում տարեկան երեք միլիոնի սահմանագիծը հատելը, կարծես թե իրատեսական է: