
Ճապոնիայում աշխատուժի պակասը մայիսին հասել է 43 տարվա առավելագույնին

Ակտիվորեն աշխատանք փնտրող յուրաքանչյուր տասը ճապոնացու մայիսին բաժին էր ընկնում գրեթե 15 թափուր աշխատատեղ, երկրում աշխատուժի պակասը հասել է 1974 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին, ինչի մասին վկայում են առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության տվյալները:
Թափուր աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների թվի հարաբերակցությունը բարձրացել է երրորդ ամիսն անընդմեջ՝ 0,01 տոկոսային կետով՝ մինչեւ 1,49 տոկոս: Ցուցիչը գերազանցել է 1990-ական թվականների սկզբին՝ ճապոնական տնտեսության վերելքի շրջանում, գրանցված մեծությունը:
Տվյալները խոսում են ճապոնական տնտեսության խորացող խնդիրների մասին՝ կապված բնակչության ծերացման ու կրճատման հետ: Անցած ամսին աշխատանքի առաջարկների թիվը նվազել է 0,1 տոկոսով, բայց դրանց հավակնող ճապոնացիների թիվը կրճատվել է շատ ավելի նկատելիորեն՝ 0,9 տոկոսով: Աշխատողների առավել մեծ պահանջարկ է դիտվում արդյունաբերության մեջ, տրանսպորտում եւ փոստում:
Դրա հետ մեկտեղ Ճապոնիայում գործազրկության մակարդակը մայիսին աճել է մինչեւ 3,1 տոկոս, ինչի մասին հունիսի 30-ին հայտնել է երկրի ներքին գործերի եւ կապի նախարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: