Բաժիններ՝

Քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնապատերը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017 թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը։

«Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը: Այս փաստը ճշտելու համար իրականացվեցին պեղումներ: Եկեղեցու վերաբերյալ պատմական տվյալներ մեզ հասել են Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի շնորհիվ։ Պեղումների արդյունքում բացվեցին եկեղեցու հիմնապատերը, ինչը որոշ հատվածներում հասնում է մոտ մեկ մետր բարձրության: Հաջողվել է բացել նաև երկու մուտքերը՝ հարավային և արևմտյան կողմերից, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի հիշատակած չորս սյուներից մեկի հիմքը: Այս ամենով հաստատվում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին մեզ հասած բանավոր ու գրավոր տեղեկությունները»,-նշել է արշավախմբի ղեկավար, ծառայության փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:

Ըստ պատմական աղբյուրների` Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով, Շուշիի վերին մասի համանուն թաղում։ Այդ մասին ժամանակին որոշ տեղեկություններ էր հաղորդել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով հայտնի է Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության բնագավառում ունեցած անգնահատելի ավանդով։

1960-ական թվականներին քանդված եկեղեցու տեղում գործել է բացօթյա կինոթատրոն (պահպանված արևելյան պատն էլ, հավանաբար, ծառայել է որպես էկրան) և մոտակա հանգստյան գոտու այցելուների ու զբոսաշրջիկների համար ծառայել որպես ժամանցի վայր։ Պահպանվել են նաև եկեղեցու խորանը և բեմը։ Զանգակատունը եռահարկ էր՝ սրբատաշ քարից։ Ութանկյուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ գտնվում էր եկեղեցու տանիքի մեջտեղում։

Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու աղոթասրահը (24,75×12,77մ) ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ Հարավային և արևմտյան կողմերից ունեցել է երկու դուռ և 10 լուսամուտ։ Հարավային դռան ճակատային քարի վրա եղել է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրություն:

Ըստ Նժդեհ Երանյանի` վերջերս իրականացված պեղումների արդյունքում եկեղեցու հայտնի արձանագրությունը չի գտնվել, 4 սյուներից միայն մեկն է հայտնաբերվել, սակայն բացված հիմքերը կասկած անգամ չեն թողնում, որ դրանք հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցու վկայություններն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930