Որոշ երեխաների սպառնում է անպետքությունը
Դպրոցական կրթության ոլորտում աշխարհում այսօր առկա է հետաքրքիր իրավիճակ։ Ակնհայտ է, որ գործող կրթական համակարգն այլևս չի նպաստում երեխաների մոտ սովորելու ցանկության զարգացմանը։ Երեխաներն այլ կրթական համակարգ և մոտեցումներ են ուզում։ Բայց փոփոխությունները միայն երեխաների ցանկությունը չեն։ Աշխարհում ընթացող զարգացումները նույնպես անխուսափելի են դարձնում կրթական համակարգի փոփոխությունները։
Գերազանցիկներին մեկ դասարանում կամ հատուկ դպրոցներում հավաքելով՝ մենք չենք կարող կրթական համակարգ զարգացնել, քանի որ այսօրվա աշխարհում կրթությունը նպաստում է հասարակության զարգացմանը, եթե այն ծառայում է երեխաների առավելագույն թվին։
Այսօր անընդունելի է երեխաների միջից ընտրել ակադեմիական հակումներ ունեցողներին և հիմնական ուշադրությունը բևեռել նրանց վրա, քանի որ այդպիսի երեխաները թիվը, որպես կանոն, քիչ է լինում, և նրանք չեն կարող լինել փոփոխությունների համար անհրաժեշտ կրիտիկական զանգված։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Sapiens գրքի հեղինակ Հարարին գրում է, որ մարդկանց զգալի մասին առաջիկայում սպառնալու է ոչ թե աղքատությունը, այլ՝ անպետքությունը։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան աղքատությունը։
Աղքատության մեջ հնարավոր է ապրել, բայց երբ անպետք ես, դա արդեն սպառնալիք է կյանքին։ Այնպես չէ, որ մեր շրջապատում այսօր չունենք անպետքության օրինակներ։
Բուհերի բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր ունեն որակավորում, մասնագիտացում, բացարձակապես անպետք են իրենց մասնագիտության մեջ, և կան օրինակներ, երբ 4 տարի բուհում սովորելուց հետո խոպան մեկնելու միջոցով են փորձում աշխարհին պետքական լինել։ Երեխաներին անպետքությունից փրկելը դառնում է առաջնահերթություն։
Այդ խնդիրը լուծելու համար կրթական համակարգը պետք է լինի մարդկային տաղանդի «հանքափոր»։ Յուրաքանչյուր երեխայի մեջ կան շնորհներ։ Ոմանց մոտ դրանք ավելի հեշտ են բացահայտվում, մյուսների մոտ՝ ավելի դժվար։ Երբ հայտնի քանդակագործներից մեկին հարցրել են, թե ինչպես է ստեղծում իր գլուխգործոցները, նա պատասխանել է. «Ամեն քարի մեջ կա ադամանդ։ Ես հեռացնում եմ ավելորդ մասերը, որպեսզի վերջում մնա ադամանդը»։ Նույն ձևով յուրաքանչյուր երեխայի մեջ կան շնորհներ, որոնք կրթության միջոցով պետք է բացահայտվեն և զարգացվեն։ Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է այն գիտակցումը, որ ինքը պետքական է աշխարհին, հասարակությանը։
Այսօր անպետքությունը մեզ սպառնում է, քանի որ, եթե նախկինում տեխնոլոգիաները հիմնականում կատարում էին ֆիզիկական աշխատանք, ապա ներկա տեխնոլոգիաներն արդեն հավակնում են փոխարինել նաև ինտելեկտուալ աշխատանքը։ Այս համատեքստում առաջիկայում կանխատեսվում է միլիոնավոր աշխատատեղերի կրճատում։
Արդեն հիմա աշխարհի բազմաթիվ սուպերմարկետներում դրամարկղի աշխատողներ այլևս չկան։ Ամազոն ընկերությունն արդեն գործարկել է Amazon Go խանութների ցանցը, որտեղ բոլոր ծառայություններն ավտոմատացված են։ Ուրեմն ի՞նչ է լինելու այն երեխաների հետ, ում մասին ասում ենք՝ ոչինչ, թող չսովորի, մի խանութում, մի հիմնարկում գործ կգտնի։
Առաջիկայում դա չի լինելու, քանի որ աշխատաշուկան պահանջելու է ավելի բարձր հմտություններ ունեցող աշխատողներ։ Եթե մենք շարունակենք ուսուցումը կառուցել երեխաներին փաստեր, տեղեկություններ փոխանցելու վրա ու նրանցից պահանջենք փոխանցված գիտելիքի մեխանիկական վերարտադրություն, ապա նրանց դատապարտելու ենք ձախողման, քանի որ հիշելու, մեխանիկական վերարտադրության հարցում այդ երեխաները չեն կարողանալու մրցակցել մեքենաների հետ, որոնք ավելի արագ ու էժան են անում այդ ամենը։
Կրթության հեռանկարը մարդու այնպիսի հմտությունների զարգացումն է, որոնք չեն կարող մեքենայացվել։ Օրինակ՝ ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը, թիմային աշխատանքը, բանակցելու կարողությունը, տոկունությունը, և այլն։ Դրանց զարգացման միջոցով է միայն հնարավոր երեխաների համար ապագայում ապահովել աշխատատեղեր և նրանց փրկել բազմաթիվ աշխատանքների ավտոմատացման հետևանքներից։
Մերօրյա դպրոցի գլխավոր նպատակներից մեկն էլ երեխայի մոտ սովորելու նկատմամբ սեր առաջացնելն է։ Գիտնականների կանխատեսումներից մեկն էլ այն է, որ մարդկանց զգալի մասը կյանքի ընթացքում մի քանի մասնագիտություն կամ մասնագիտացում է փոխելու։ Հետևաբար՝ կարևոր է, որ երեխաները դպրոցն ավարտեն ոչ միայն գիտելիքների ու հմտությունների որոշակի պաշարով, այլև սովորելու մեծ ախորժակով և սովորելու հմտություններով։
Սովորելը պետք է լինի կարիք, պահանջ։ Եթե դպրոցն ավարտում են գիտելիքի ծարավ ունեցող շրջանավարտներ, որոնց համար սովորելը նույնպիսի պահանջ է, ինչպիսին՝ ջուր խմելը, ապա մենք կունենանք լավ հասարակություն։ Մինչդեռ այսօր շատերը դպրոցից դուրս են գալիս գիտելիք ստանալու շատ ցածր ախորժակով և չյուրացված, չիմաստավորված ու, արդյունքում՝ կորսված տեղեկությունների ահռելի պաշարով։ Պատահական չէ, որ սովորաբար այս կամ այն առարկայի, օրինակ՝ Ֆիզիկայի վերաբերյալ ոչ թե ասում ենք՝ «Ֆիզիկա սովորել ենք», այլ ասում ենք՝ «Ֆիզիկա անցել ենք»։ Այսինքն՝ նպատակն անցնելն է, ոչ թե՝ սովորելը։
Կրթական բարեփոխումներ իրականացնելիս մի կարևոր գործոն ևս պետք է հաշվի առնենք։ Եթե նախկինում կրթության համակարգն ուներ երեխաներին սովորեցնելու մենաշնորհ, ապա այսօր երեխաներին սովորեցնող ինդուստրիաների թիվն ավելացել է։ Երեխաներին սովորեցնում են նաև համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը, սերիալները, և վերջապես՝ կյանքի իրողությունները։ Այսպիսով՝ կրթական համակարգի մրցակիցներն ավելացել են։ Ընդ որում, այդ մրցակիցների հիմնական նպատակը երեխային ոչ թե սովորող, այլ սպառող դարձնելն է։ Սերիալ ցուցադրող հեռուստատեսության ղեկավարին մտահոգում է գովազդից եկամուտ ստանալու հարցը, ոչ թե երեխայի զարգացումը։
Հետևաբար՝ կարևոր է, թե ով է առավել շատ ազդելու երեխաների վրա, ով է խլելու երեխաների ուշադրությունն ու ժամանակը։ Այս պահին կրթական համակարգը պարտվողի դերում է։ Բայց եթե երկարաժամկետ եղավ այս պարտությունը, ապա մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու մարդկային կապիտալ ձևավորելու, տնտեսություն զարգացնելու և պետքական մարդ ձևավորելու հարցերում։