Լիդիան Արմենիա ընկերության զարգացման ծրագրերը Սյունիքի մարզի Գորայք համայնքում (լուսանկարներ)
Սյունիքի մարզի Գորայք գյուղը, որն ունի մոտ 500 բնակիչ, Ամուլսարի ծրագրի շրջակա համայնքներից է: Հավատարիմ պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին` Ամուլսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունն ունի հատուկ ռազմավարություն և տարեկան միջոցառումների պլան` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է ընկերության լրատվական ծառայությունը, անցած 10 տարիների ընթացքում Լիդիանի կողմից Գորայքում իրականացրել են տարաբնույթ զարգացման ծրագրեր՝ ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն դոլարի արժողությամբ: Տնտեսական զարգացման և բիզնեսի աջակցության երկարաժամկետ ծրագրերից բացի ընկերությունը ներդրումներ է անում նաև Գորայքի և շրջակա մյուս համայնքների ենթակառուցվածքների բարեկարգման մեջ, քանի որ դժվար է պատկերացնել զարգացում առանց պատշաճ կենցաղային պայմանների` դպրոցի, գրադարանի, այլ համայնքային շինությունների: Բացի սոցիալական ներդրումներից, Լիդիան Արմենիա ընկերությունը նաև Ամուլսարի ծրագրի համար վարձակալում է համայնքային որոշ հողեր, և հողի վարձակալության համար Գորայքը 2011 թվականից սկսած ընկերությունից ստացել է մոտ 1 մլն 190 հազար դոլար։
Հողի վարձակալությունից ստացված գումարը համայնքը հետագայում կարողանում է ներդնել համայնքի տարբեր կարիքների համար: Այսպես` Գորայք համայնքը վերանորոգել է համայնքապետարանի շենքը՝ ծախսելով մոտ 40 միլիոն դրամ, որի հնարավորությունը մինչ Լիդիանի կողմից հողի վարձակալության վճարները համայնքապետարանի բյուջեն չուներ: Լիդիան Արմենիան նաև ուղղակիորեն է աջակցել համայնքապետարանի շենքի վերանորոգմանը հատկացնելով 5 միլիոն դրամ: Համայնքապետարանի վերանորոգված շենքի բացմանը ներկա էին նաև Շվեյցարիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, քանի որ այս կազմակերպությունը ֆինանսավորել է “մեկ պատուհան” սպասարկման սկզբունք ծրագրի համար համապատասխան սենյակի վերանորոգումը:
Լիդիան Արմենիայի համոզմամբ, սակայն, սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ առավել կարևոր են աշխատատեղերը և Ամուլսարի ծրագրի հետ համայնքը հույսեր է կապում աշխատատեղերի ավելացման և արտագաղթի կանխարգելման առումով: Արդեն այսօր Ամուլսարի ծրագրում աշխատում է Գորայք գյուղի 38 բնակիչ:
Գորայքցիներից 12-ը աշխատում են Ամուլսարի ծրագրի երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիայում, որ բացվել է 2010-ին: Երկրաբանական և քիմիական փորձանմուշների նախապատրաստման որակյալ աշխատանքների համար գորայքցի աշխատակիցները վերապատրաստվել են՝ ստանալով համապատասխան գիտելիքներ:
2017 թվականից, հանքի շինարարության մեկնարկին զուգահեռ, լաբորատորիայում բացվել է նաև թթվագոյացման պոտենցիալ ունեցող ապարների ստուգման լաբորատորիա: Սա բնապահպանական կարավառման միջազգային լավագույն փորձի կիրառման օրինակներից մեկն է, երբ նույնիսկ շինարարության ընթացքում ճանապարհների շինարարությանը զուգահեռ ստուգվում է ապարների թթվագոյացման պոտենցիալը, նման ապարների առկայության դեպքում դրանց հետ շփան մեջ մտնող անձրևաջրերի հնարավոր արտահոսքը բնական միջավայր կանխելու նպատակով: Սա Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարքից է, որ Լիդիան Արմենիան կիրառում է Ամուլսարում` ապահովելով բնապահպանական լավագույն կառվարման խոստման իրականացումը: