Բաժիններ՝

2016-ի բյուջեն՝ ի տես բոլորի

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում երեկ սկսվեցին «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

6 օր շարունակ գործադիր մարմինների ղեկավարները ոլորտ առ ոլորտ պատգամավորներին կներկայացնեն իրենց ծախսած գումարների ծավալներն ու արդյունավետությունը։ Սակայն այս քննարկումների առաջին օրն անսպասելիորեն հանդարտ էր և աչքի ընկավ «սուր հարցերի» սղությամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը բավականին լակոնիկ էր։ Նա հայտարարեց, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ, այսինքն՝ համեմատաբար մեծ ուշադրություն կդարձվի ոչ թե ֆինանսական միջոցների ծախսին, այլ՝ թե ինչ արդյունքներ են արձանագրվել: «Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ»,- ասաց Կ.Կարապետյանը։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց անցած տարվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2016 թ.-ին տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատ դանդաղել են. տնտեսական աճը կազմել է 0.2%՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման և դրա արդյունքում տնօրինվող եկամուտների դեռևս ցածր մակարդակի ազդեցությունը: Եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23.1%-ը՝ նախորդ տարվա 23.2%-ի դիմաց, իսկ հարկերը և տուրքերը՝ ՀՆԱ-ի 21.3%-ը՝ նախորդ տարվա 21.2%-ի դիմաց: Ծախսերն ավելացել են 0.6 %-ով՝ կազմելով 28.6%, բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը` 2015-ի 4.8%-ի համեմատ:

Կարդացեք նաև

2016-ին արտաքին առևտրի աշխարհագրությունը փոխվել է՝ հօգուտ ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին բաժին է ընկել 27.8%-ը, ԵՄ-ին՝ 24%-ը:

Հատուկ ուշադրության արժանացավ ՀՀ պետական պարտքի խնդիրը։ 2016-ի արդյունքներով այն կազմել է 5.9 մլրդ դոլար, որից 5.4 մլրդ դոլարը կառավարության պատքն է, Կենտրոնական բանկինը` 505 մլն դոլար: Արտաքին պարտքը կազմել է 4.3 մլրդ դոլար, ներքին պարտքը` 1 մլրդ 137 մլն դոլար: Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը հասել է 56.7%-ի։

«Եթե պարտք չվերցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ, երկու էֆեկտ էր լինելու` ոչ միայն տնտեսական ավելի ցածր ցուցանիշներ կունենայինք, անգամ բացասական ցուցանիշներ, այլ նաև արտարժութային շուկայում ճնշումներ կլինեին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ շեշտադրումը փոխվել է դեպի ներքին պարտք, քանի որ այն ավելի հուսալի է, քան արտաքինը, որովհետև ներքինը տրվում է սեփական ռեզիդենտներին, և գումարը շրջանառվում է ներսում, ստեղծվում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «ՀՆԱ-ի տեսանկյունից՝ պարտքի առումով մենք նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, դեռ չենք հասել սահմանագծին»,- վստահեցրեց Արամյանը:

«Դուք մոռացել եք «կառավարում» բառը, որովհետև կառավարում գոյություն չունի, դուք միայն սպասարկում եք պարտքը»,- քննադատեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ կգա ժամանակը, որ պարզ, պարզունակ սպասարկումից անցնենք պարտքի կառավարման:
Վ.Արամյանը չհամաձայնեց, որ պարտքի կառավարում չունենք, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ երկրներում տեխնիկական օժանդակություն է տրամադրում պարտքի հետ կապված.

«Մենք միակն ենք, որ կարողացանք ազգային արժույթով ներքին տնտեսությունում 30-տարիանոց պարտք փակել»:

«Եթե էդքան շնորհքով եք, կուտակային կենսաթոշակայինի փողն ինչի՞ ենք տալիս ուրիշին, ինչի՞ մենք չենք կառավարում»,- իր հերթին՝ չհամաձայնեց Վ.Բոստանջյանը:
Վ.Արամյանը պատասխանեց, որ իրականում չի կարծում, որ այսօրվա ակտիվների կառավարիչները վտանգային գոտում են գտնվում: Նա նշեց, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ «Ամունդի» և

«Ց-Կվադրատ» ընկերություններին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են վստահել, նրանք կառավարում են 1.8 տրլն դոլար, և նրանց ռեյտինգը Հայաստանի ռեյտինգից 3 անգամ բարձր է. «Այդ գումարները պետք է ոչ միայն խելամիտ տրվեն, այլ պետք է դիվերսիֆիկացվեն, և բոլոր ձվերը պետք չէ մեկ զամբյուղի մեջ դնել»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞ր թվականին է լինելու արտաքին պարտքի սպասարկման պիկը, և ե՞րբ է սպասարկումը հասնելու 1 մլրդ դոլարի, որի մասին 2015 թ.-ին խոսել է Վերահսկիչ պալատը. «Վերջին տարիներին այս մասին կառավարությունից կոնկրետ պատասխան չենք ստանում:

Արդյո՞ք այս գնահատականը դուք կիսում եք, և առաջիկայում՝ 2020թ., արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է լինելու 1մլրդ դոլար»։

Վ.Արամյանը հստակեցրեց, որ 2020-ին արտաքին պարտքի սպասարկման չափը նախատեսված է 500 մլն դոլար, և հավաստիացրեց, որ, եթե հաջողվի միջինը 5 % տնտեսական աճ ապահովել, ապա այդ 500 մլն-ը կկարողանանք մարել, այլ պարագայում կառավարությունը կարող է արտաքին պարտքի վերաթողարկում իրականացնել:

Ուշագրավ էր ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի հարցադրումը՝ ի՞նչ է շահել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից:

Վ.Արամյանը նախ թվարկեց դրականը՝ հիմնական առավելությունը ոչ առևտրային սահմանափակումների վերացումից է, եթե ԵՄ արտահանում ենք հիմնականում հումքային ապրանքներ` պղինձ, ապա ԵԱՏՄ արտահանման 92%-ը պատրաստի արտադրանք է: ԵԱՏՄ մտնելու տնտեսական էֆեկտը 2.2% է, գազի 30% թանկացումը չի կիրառվել ՀՀ-ի համար, իսկ դա 140 մլն դոլար է, արտահանման խոչընդոտների վերացումից 0.4-0.5 տոկոսային կետ հավելում ենք ունեցել: Նախարարը չթաքցրեց՝ առևտրաշրջանառության անկման հետևանքով՝ ՀՀ-ում մաքսատուրքերը 12 մլրդ-ով պակաս են եղել, մասնավորապես՝ ծրագրված 67 մլրդ-ի փոխարեն՝ ստացվել է 55 մլրդ դրամ:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հավաստմամբ՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալը տվել է ավելի մեծ արդյունք, քան Մոլդովայի և Վրաստանի ասոցիացումը ԵՄ-ին, որովհետև, միևնույն է, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է: Վ.Գաբրիելյանի կարծիքով` իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է, ֆինանսական հոսքեր ավելի շատ ստանում ենք, քան տալիս, մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքերը` նվազել.

«Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, բնականաբար, տարիֆները փոխվել են, մենք ընդունել ենք ավելի բարձր տարիֆներ: Բայց մենք շուրջ 750 ապրանքների տարիֆների բարձրացումն անում ենք աստիճանաբար, որ դա չազդի տնտեսվարողների և սպառողների վրա»:

«168 Ժամ» թերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս