«Չի կարելի դա լուրջ ընդունել». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Ժառանգության» հայտարարության մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում են թավշե հեղափոխություն իրականացնել։

Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանում քաղաքական ավանդույթ է՝ բոլոր քաղաքական ուժերը նման հայտարարություններ անում են. հեղափոխություններ են խոստանում. «Սա մի կողմից՝ քաղաքական պահվածքի ձև է, որն արձագանքում է բնակչության մի հատվածի դժգոհություններին։ Մենք տեսել ենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր ուժերի ծրագրերում, ներառյալ՝ հանրապետականների, նշված էր, որ պետք է լինեն փոփոխություններ։ Բայց երբ դա ասում են 25 տարի, արդեն չի աշխատում»։

Քաղաքագետը չի կարծում, թե կգտնվեն մարդիկ, որոնք լուրջ կընունեն այն, որ մարդը 25 տարի շարունակ ամեն ամիս խոստանում է հեղափոխություն, բայց ոչինչ տեղի չի ունենում։

«Մարդիկ խոսում են այն մասին, որ ուր որ է՝ տեղի կունենան լուրջ փոփոխություններ, և ամեն ինչ միանգամից փոխվելու է, բայց եթե անգամ նման փոփոխություն լինի, ոչինչ չի փոխվելու։ Փորձում են մարդկանց վաճառել այն մթերքը, որը նրանք ցանկանում են գնել, բայց այդ մթերքն արդեն վաղուց ոչ ոք չի գնում։ Ես չեմ կարծում, որ կարելի է դա լուրջ ընդունել մի կուսակցությունից, որը նույնիսկ խորհրդարան չկարողացավ մտնել»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին տեղի ունեցած համագումարի ժամանակ ներկայացված «Ժառանգություն» կուսակցության ընդունած հռչակագրում մասնավորապես նշված էր. «Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության»։

Տեսանյութեր

Լրահոս