«Սեպտեմբերի 3-ի դասերը բավարա՞ր չէին այսօրվա իշխանություններին»
Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը
– Պարոն Պողոսյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան, ո՞ւմ է ուղղված։
– ԱԼԳ-ի մասին խոսելիս՝ պետք է վերադառնանք 2009թ., երբ ձևավորվում էր ԱԼԳ-ն, և պետք է ինչ-որ չափով նաև ներքին տեղեկություն հայտնենք, որ ժամանակին ԵՄ-ն այս ծրագիրը մշակել էր հենց Ռուսաստանին առաջարկելու համար։ Սակայն ՌԴ-ն մերժել էր այն, որից հետո այդ ծրագրի մոտեցումները փոխանցվել էին եվրոպական նոր հարևանությամբ գտնվող երկրներին։ Եվ Հայաստանը միացել է ծրագրին, որը բարեփոխումների 5 փաթեթ է ներառում։ Դրանից հետո Ուկրաինայում տեղի ունեցան հայտնի դեպքերը, Մոլդովան և Վրաստանը միացան նրանց։
Ցավում եմ, որ Հայաստանը 2013-ին, այնուամենայնիվ, չկարողացավ ստորագրել և միանալ այդ պայմանագրին, բայց մենք ԱԼԳ ծրագրում ենք և հիմա նոր պայմանագիր ենք մշակել, որ պետք է աշնանը ստորագրենք։ Լավրովը Ռուսաստանի տեսակետից իր համար է պատկերացնում, թե ինչ-որ բացասական բան է։
Ես վստահ եմ, որ հայկական կողմն իրականում բոլոր բանակցությունների շրջանակներում մասնակցել է և ասել է, որ որևէ մեկի դեմ ուղղված չէ, միայն ՀՀ արդիականացման, ՀՀ-ԵՄ համար է աշխատում ծրագիրը։ Ես որևէ վտանգ՝ միտված ՌԴ-ի դեմ, չեմ տեսնում։ Դա Լավրովյան մեկնաբանությունն է՝ իր պատկերացումներով, միգուցե նրա պատճառով, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն ինչ-որ առճակատումներ ունեն ՌԴ-ի հետ, և ինքն այդպես է պատկերացնում։ Առնվազն Հայաստանը կարծես թե իր վարքագծով՝ ԱԼԳ-ում լինելով, այդպիսի վարքագիծ չի ցուցաբերում։
ԱԼԳ-ում գտնվում է նաև Բելառուսը, որը ոչ մի գործընթաց չի անում, և իր պարագայում էլ ոնց որ թե որևէ մտավախություն չպետք է լինի։ Նույն Ադրբեջանից չենք տեսնում որևէ առաջընթաց, բարեփոխումներ չեն անում։ Այնպես որ, ես չգիտեմ, թե Լավրովն ինչ հաշվարկների հիման վրա է այդ ամենը ներկայացնում։ Եթե միայն 3 երկրներին նկատի ուներ, լավ կլիներ, որ հասցեական նշեր, թե ինչու այդ երկրներն այդպիսի վարքագիծ ունեն։
Իսկ ԱԼԳ-ի ծրագիրը միտված է միայն նպաստելու երկրներում բարեփոխումներին։ Եվ ես ուրախ կլինեմ, որ նոյեմբերին Հայաստանի բանակցած պայմանագիրը ստորագրվի, և մենք կարողանանք ի նպաստ ՀՀ շահերի ու զարգացման այդ բոլոր ծրագրերին մասնակցենք, մեր բարեփոխումները կատարենք և հզորացնենք մեր երկիրը։
– Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ Լավրովի հայտարարությունը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի դեմ է։
– Ընդամենը 2 օր առաջ ՀՀ պետական մարմինները վերահաստատեցին, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը հայտարարեցին, որ չստորագրելու որևէ նպատակ չկա։ Ռուսաստանն իր մոտեցումներն իր երկրի տեսանկյունից և շահերից է անում։ Անկախ նրանից՝ ՀՀ-ն կստորագրի, չի ստորագրի, Հայաստանն ԱԼԳ-ից չի դուրս գալու։ ՀՀ-ն հիմա էլ է ԱԼԳ-ում և ԱԼԳ-ում լինելով է միացել Եվրասիական տնտեսական միությանը։ Այն ժամանակ ինչո՞ւ չէին այդ խնդիրը բարձրացնում, թե ԱԼԳ-ից դուրս եկեք։ Ես այլ պարագայում եմ ընկալում, որ 3 երկրները, հատկապես՝ Ուկրաինայի իշխանությունները, փորձում են ԱԼԳ-ն օգտագործել Ռուսաստանի հետ այլ քաղաքական առճակատումներում։ Բայց նրանց միջև խնդիրները Հայաստանինը չեն։
ՀՀ-ն ԱԼԳ-ում է 2009 թվականից, շարունակում է իր աշխատանքներն ԱԼԳ-ում, ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը չի պայմանավորվում՝ ԱԼԳ-ում կմնա՞նք, թե՞ ոչ, իսկ պայմանագրի ստորագրումը բխում է ԱԼԳ-ի շահերից։ Հիմա, եթե մենք մեր շահերը չենք կարողանում պաշտպանել, գնանք ուրիշի շահե՞րը սպասարկենք։ Ռուսաստանը հայտարարում է, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ համագործակցել, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք այդ ավելի կարևոր հարցերը թողած՝ Ռուսաստանի ու ԱԼԳ-ի հարցե՞րն ենք քննարկում։ Մենք ավելի շատ վախերով ենք ապրում, քան շահերով։
Ժամանակն է փոխել այդ ապրելակերպը։ Հայաստանը պետք է ապրի իր պետական շահերի առաջմղմամբ և ոչ թե՝ ուրիշների ամեն ասած արտահայտությունը փորձի բերել այստեղ և վախեր տարածել։ Եթե Լավրովն ասելիք ունի, թող նորմալ իր գաղափարով ասի։ Եթե նկատի ունի ընդհանուր ծրագիրը, ապա բոլոր 6 երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս) այնտեղ են, այդ թվում՝ Բելառուսը։
Ես չեմ լսել, որ, օրինակ, Բելառուսը հայտարարի, որ դուրս է գալիս ԱԼԳ-ից, բայց շատ ժամանակ հենց Բելառուսն է ռուսական շահերի սպասարկողը։ Կոնկրետ ԵՄ-ՀՀ պայմանագրի վերաբերյալ ես նույն Լավրովից լսել եմ, որ իրենք խնդիր չունեն, որ Հայաստանը ստորագրի նոր իրավական պայմանագիրը։ ԱԼԳ-ն ու պայմանագիրը պետք է տարանջատել իրարից։ Տպավորություն է, որ բոլորը ձեռ ու ոտ են ընկել, նախաստորագրել են մի երկրորդական պայմանագիր և սեպտեմբերի 3-ի դասերը թողած՝ նորից փորձում են խնդիր առաջացնել։
Սեպտեմբերի 3-ի դասերը բավարա՞ր չէին այսօրվա իշխանություններին, որ հասկանային, որ այս նոր պայմանագիրը բանակցելուց պետք է այս բոլոր խնդիրները հաշվի առնեին։ Նոր իրավական պայմանագիրը թույլ է տալու մեզ նոր ծրագրերն իրականացնել բարեփոխումների և այլ եվրոպական ծրագրերի մասնակցության իմաստով։ Վստահ եմ, որ ԵՄ-ն աշխարհում տարբեր երկրների հետ ունի իրավական ավելի բարձր պայմանագրեր, և դրանք ԱԼԳ չեն կոչվում։ Այս րոպեի քննարկումներն ավելի շատ Ռուսաստանի և Եվրամիության խնդիրն է, և Լավրովի հայտարարությունից կարող եմ դիտարկել, որ դրա պատճառը կարող է լինել այն վարքագիծը, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի իշխանւթյուններն են ՌԴ-ի հանդեպ ցուցաբերում, կամ նույն Մոլդովայում եղած անհասկանալի իրավիճակը, Վրաստանի հետ հարաբերությունները։ Եվ թող Ռուսաստանն իր հարաբերությունները ԵՄ-ի հետ կարողանա պարզել։
ԵՄ պատժամիջոցները կապ չունեին ԱԼԳ կամ ՀՀ-ՌԴ այլ իրավական պայմանագրի հետ։ Դրանք կապ ունեին ՌԴ-ի վարած քաղաքականության հետ։ Իսկ մենք ավելի շատ պետք է առաջնորդվենք սեփական շահերով, և ոչ՝ վախերով։
– Նշեցիք, որ Ռուսաստանը հրաժարվել է ԱԼԳ-ին մասնակցել, սակայն Լավրովը հիմա ափսոսանք է հայտնել, որ ծրագիրը չի առաջարկվել Ռուսաստանին։
– Ում ինչ պետք է, դա էլ ասում է։ Մենք լսել ենք նաև, որ նույն ԵՄ-ն ժամանակին ասում էր՝ չէին իմանում այն խնդիրների մասին, որ մինչև սեպտեմբերի 3-ն էին Հայաստանի առջև, բայց իրականությունն այն էր, որ ԵՄ-ում մի քանի օր առաջ արդեն գիտեին, որ Հայաստանը չի կարող ստորագրել։