«Հայաստանի շուրջ սպառնալիքները ոչ միայն չեն նվազում, այլև, մեծ հաշվով, ահագնանում են». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանի շուրջ սպառնալիքները ոչ միայն չեն նվազում, այլև, մեծ հաշվով, ահագնանում են։ Նրա խոսքով՝ եթե ապրիլյան պատերազմից հետո հայկական պետությունները հետևություններ են արել առաջնագիծը սարքավորումներով հագեցնելու, Զինված ուժերում կազմակերպվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ապա ոչ մի դաս չի քաղվել քաղաքական ոլորտում։

«Այսինքն՝ մեծ հաշվով, քաղաքական իրադրությունը, որը կա մեր շուրջ, ոչնչով չի տարբերվում այն իրավիճակից, որը կար մինչ ապրիլյան պատերազմը և որն էլ հանգեցրեց ապրիլյան պատերազմին։ Այս վերջին սրացումն էլ ցույց տվեց, որ քանի իրավիճակը սա է, Ադրբեջանն իրեն անպատիժ է զգալու»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է այն փակուղին, որի մեջ գտնվում է Հայաստանը, և որից չի ուզում դուրս գալ։ Ռ. Մեհրաբյանը նաև նշեց, որ իրավիճակը փոփոխվում է, և այն ժամանակի ընթացքում ավելի շատ է անդրադառնալու Հայաստանի վրա, իսկ դրա պատճառներն առաջին հերթին գտնվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթության վրա։ «Պատժամիջոցների այն փաթեթը, որն ընդունեց ԱՄՆ-ի Սենատը, ստանում է օրենքի ուժ, իսկ դա նշանակում է՝ ոչ մի ամերիկյան նախագահ չի կարող այն վերացնել, քանի դեռ չկա Կոնգրեսի համաձայնությունը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը շատ մեծ դժվարությամբ է հետ կանգնում պատժամիջոցային փաստաթղթերից»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝  այս պատժամիջոցները Ռուսաստանին «կտրում» են վարկերից և Ռուսաստանին կամ ռուսական կազմակերպություններին 14 օրից ոչ ավելի է թույլատրվում վարկ տրամադրել, իսկ սրանք ուղղակիրոն  հարվածում են ռուսական վառելիքաէներգետիկ ընկերություններին, էներգատրանսպորտային ռուսական ծրագրերին և ընկերություններին, այդ թվում՝ նաև տանկերային նավատորմին, որը նավթ է տեղափոխում։

«Սեղմօղակը, որը գցված է Ռուսաստանի պարանոցին, սեղմվելու է մինչև վերջին շունչը, որն էլ նշանակում է, որ Հայաստանը կա՛մ ինքն է իր պարանոցը, հայտնի չէ՝ ինչու, մտցնում այդ սեղմօղակի մեջ և խեղդվում Ռուսաստանի հետ, կա՛մ Հայաստանը խելքը գլուխն է հավաքում և մտածում է՝ ինչ քայլեր պետք է անի հետագայում։ Իսկ Հայաստանն ունեցել է և ունի փայլուն հնարավորություններ, բայց չի օգտագործում. Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ, ինչը չունի Ռուսատանը և չի էլ ունենալու, որովհետև նա սպառնալիք է ԵՄ-ի համար։

Հայաստանը նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրելու է նոր համաձայնագիր, ինչը Ռուսաստանը նույնիսկ լավ կամ վատ երազում տեսնել չի կարող։ Հայաստանն ունի բավականին դրական հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, բացի դրանից՝ Հայաստանն ունի ընդհանուր  պատկերացումներ տարածաշրջանային կայունության և անվտանգության վերաբերյալ Իրանի հետ։

Այսինքն՝ Իրանի հետ նույնպես ունենք անվտանգության օրակարգ, որն այսօր չի աշխատում, ցավոք սրտի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը ԱՄՆ-ից էներգետիկայի  դիվերսիֆիկացիայի մասին փայլուն առաջարկ է ստացել, սակայն Հայաստանի կառավարությունն այդ ամենի մասին լռում է։ Ամերիկյան 6 ընկերություններ նախագծեր են ներկայացրել Հայաստանին՝ արևային էներգետիկ կայաններ կառուցելու համար։

Նա նշեց, որ այդ առաջարկի մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը, սակայն դա տեղ չի գտել նույնիսկ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությունների մեջ։ ԱՄՆ-ի փորձագետները նաև նշել են, որ Հայաստանի՝ միայն արևային էներգետիկայի շուկայի տարողությունը կազմում է մինչև 8 մլրդ դոլար։ Ինչպես փորձագետն ասաց՝ սովորաբար, երբ ամերիկյան ընկերությունները գալիս են ինչ-որ երկիր կամ տարածք, շատ կարճ ժամանակ անց նրանց հետևում են եվրոպական, ճապոնական, չինական և մի շարք այլ ընկերություններ։

«Սա առաջարկություն է, որը թույլ կտա Հայաստանին որակապես ամրապնդել իր տնտեսական անկախությունը, էներգետիկ անվտագությունը և թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանից»,- նկատեց բանախոսը։

«Հայաստանն այսօր կանգնած է երկընտրանքի  առաջ, և այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կրում են գոյաբանական բնույթ։ Մեր առաջ այն հարցն է՝ մենք մնալո՞ւ ենք քարտեզի վրա, թե՞ ոչ։ Այստեղ ճաշակի հարց չէ՝ դու ռուսներին  սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, ամերիկացիներին սիրո՞ւմ ես, թե՞ ոչ»,- հավելեց Ռ.Մեհրաբյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարություններին՝ բանախոսն ասաց, որ այստեղ որոշակի փոփոխություններ կան, և դրանք շատ կարևոր են, բայց սա ավելի շատ կապված է Ադրբեջանի կոշտ քաղաքականության հետ, որն արդեն խնդիր է դառնում միջազգային հանրության համար և ամենևին կապված չէ նրա հետ, թե ինչ է փոխել Հայաստանը:

«Իսկ ի՞նչ է փոխել Հայաստանը։ Այնուամենայնիվ, Մինսկի խմբի ֆորմատից դուրս, թող դաս լինի, որ Հայաստանը պետք է որևէ քայլ չանի և պետք է շատ ավելի կոշտ դիրքորոշում ընդունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինամատակարարումների հանդեպ։ Ռուսների հետ այս իմաստով պետք է խոսել ուլտիմատումների լեզվով՝ եթե զենքի խմբաքանակ է գնում Բաքու, ուրեմն ռուսական զորքերի՝ Հայաստանում գտնվելու պայմանները պետք է առկախվեն։ Հայաստանը պետք է սովորի խոսել ռուսների հետ և ասի՝ ոչ, ոչ թե միայն՝ «էստի համեցեք»»,- նկատեց Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝  Ադրբեջան-Թուրքիա վերջին զորավարժություններն ուրվագծում են, թե Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ սպառնալիքների առաջ կարող է կանգնել։ Հարցին, թե դա Ռուսաստանին որքանո՞վ է դուր գալիս, նա պատասխանեց, որ այս զորավարժությունները ռուսներին չեն մտահոգում, որովհետև այդ դեպքում նրանք հայտարարություն կտարածեին։ «Մենք չենք տեսել նման հայտարարություն և չենք էլ տեսնելու։ Ռուսաստանին և Թուրքիային ավելի շատ բան միավորում է, քան բաժանում իրարից, և հատկապես այն ձգտումը, որ մեր տարածաշրջանում մինիմալիզացնեն Իրանի և Արևմուտքի կշիռը»,- նշեց փորձագետը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս