Արտահանում, աղքատություն, աշխատավարձ. Կառավարության գլխավոր խոստումների մասին
ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել 2017-2022թթ. գործունեության ծրագիրը։ ԱԺ-ն էլ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին կգումարի արտահերթ նիստ։
Մինչ այդ ծրագրի առանցքային դրույթների մասին որոշ կետեր էր նշել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Այժմ փաստաթուղթը հասանելի է և կարելի է մանրամասն ուսումնասիրել՝ ինչ է խոստանում կառավարությունը 5 տարվա համար։ Նախ՝ նշենք, որ փաստաթուղթը բավականին ծավալուն է՝ 122 էջ։ Յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Բոլոր կետերին, բնականաբար, մեկ հոդվածով չենք կարող անդրադառնալ։ Այս անգամ խոսենք 4 հիմնական դրույթների մասին, որոնք կառավարությունն ինքն առանձնացրել է։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022թթ. ընթացքում նպատակադրում է՝
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով,
- արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի,
- աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,
- զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:
Կան նաև այլ թիրախներ՝ օրինակ, հարկային եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել 2.5 տոկոսային կետով, կամ 2022-ին ապահովել 3 մլն զբոսաշրջային այցելություն։ Սակայն կանդրադառնանք վերը նշված 4 նպատակադրումներից 3-ին՝ արտահանմանը, աղքատության մակարդակին և նվազագույն աշխատավարձին (5% տնտեսական աճի, դրա իրատեսականության և հավակնոտության մասին արդեն գրել ենք)։
Արտահանում։ Ինչպես և ենթադրել էինք, արտահանմանը վերաբերող խոստումը նույնպես տեղ է գտել կառավարության ծրագրում։ «Արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի»,- նշված է ծրագրում։
Ինչպես նկատեցիք՝ կառավարությունն այս անգամ կոնկրետացրել է ասելիքը և հստակ նշել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների արտահանմանը։ Ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում այս պահին 33% է։ Սակայն նույն փաստաթղթի՝ կառավարության ծրագրի 46-րդ էջում, որտեղ առանձին ներկայացված է արտահանման մասը, 45%-ի մասին խոսք չկա։
«Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը՝ ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով շուրջ 40 տոկոսի»,- նշված է ծրագրում։
Նշենք նաև, որ այս նպատակին հասնելու համար քաղաքականությունը նախատեսվում է իրականացնել հիմնականում երկու ուղղությամբ՝ 1) արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում և ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում. 2) երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերում:
Աղքատություն։ Մինչ առաջ անցնելը՝ նշենք, որ այս առումով թյուրիմացություն էր եղել։ Էդուարդ Շարմազանովը մի քանի օր առաջ լրագրողներին ներկայացնելով կառավարության ծրագրի հիմնական նպատակադրումները՝ ասել էր, որ նախատեսվում է գործազրկության մակարդակի 12% նվազում։ Կառավարության ծրագրից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ոչ թե գործազրկությանը, այլ աղքատությանը։
Ավելին՝ կառավարությունը խոստանում է այն նվազեցնել ոչ թե 12 տոկոսով, այլ 12 տոկոսային կետով։ Տարբերությունը հսկայական է։ Ամենաթարմ տվյալներով՝ 2015թ. վերջի դրությամբ աղքատության մակարդակը Հայաստանում 29.8% է։ 12%-անոց կրճատումը նշանակում է՝ այն հասցնել 26.2%-ի։ Դա, իհարկե, շատ թույլ ցուցանիշ է։
Սակայն կառավարությունն իրականում խոստանում է 2017-2022թթ. աղքատության մակարդակը նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնելով այն 17.8%-ի։ Այսինքն՝ եթե այսօր աղքատ է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ապա 5 տարի անց աղքատ կլինի յուրաքանչյուր 5-րդը։ Ա՛յ սա իրոք հավակնոտ թիրախ է։
Որքանո՞վ կհաջողվի կատարել խոստումը, դժվար է ասել։ Փոխարենը՝ փաստ է, որ կառավարությունը չի կատարել 5 տարի առաջ աղքատության վերաբերյալ տված խոստումը։
Հիշեցնենք, որ 2012-ին, երբ աղքատության մակարդակը 32.4% էր, Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստանում էր 5 տարում այն նվազեցնել 8-10 տոկոսային կետով՝ հասցնելով 22.4%-ից 24.%-ի։ Նվազագույն աշխատավարձ։ Սա, թերևս, ամենազավեշտալի, և միևնույն ժամանակ՝ ամենատխուր կետերից մեկն է։
Կառավարությունը, ինչպես նշեցինք, խոստանում է նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ՝ 5 տարվա ընթացքում։ Նվազագույն աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է, ըստ այդմ՝ այն պետք է 2022թ. հասնի 69 000 դրամի։ Ոչ մի կանխատեսում կամ գնահատական չենք ներկայացնի։ Փոխարենը՝ կհիշեցնենք նախորդ տարիներին իշխանությունների կողմից հնչվեցված խոստումներն այս կապակցությամբ։
2013թ. օգոստոս։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 2017թ.-ին կհասնի 90 հազար դրամի։
2013թ. հոկտեմբեր։ Կառավարության այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 2014-ին նվազագույն աշխատավարձը Հայաստանում կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 62 հազար դրամ, 2017-ին` 70 հազար դրամ։ «Այս տարի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 60 հազար դրամ, և 2017-ին՝ 65 հազար դրամ»:
2014թ. մայիս։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ տարվա հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 60 հազար դրամ և 2017-ին՝ 65 հազար դրամ:
Զգո՞ւմ եք խոստումների «էվոլյուցիան»՝ 2017-ին սպասվող նվազագույն աշխատավարձի մասով։ Այն գնալով նվազեց։
2015թ. նոյեմբերին, երբ ԱԺ-ում քննարկվում էր 2016թ. բյուջեն, Ֆինանսների այն ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը համապատասխան միջոցներ չունի՝ նվազագույն աշխատավարձը 55-ից 65 հազար դարձնելու համար։ «Բարձրացնելու համար անհրաժեշտ է 35 մլրդ դրամի կարգի գումար, որն այս պահի դրությամբ չունենք»,- անկեղծորեն խոստովանեց Գ. Խաչատրյանը:
Նվազագույն աշխատավարձը չփոխվեց նաև 2017թ. պետական բյուջեի մասին օրենքով։ Կարճ ասած, կառավարությունը հիմա խոստանում է 2022-ին ապահովել ավելի ցածր նվազագույն աշխատավարձ (69 հազար դրամ), քան 5 տարի առաջ խոստացվում էր 2017 թվականի համար։