6-րդ վարչության նախկին աշխատակցին սպանել են Վանաձորում, ապա դիակը տեղափոխել Երևան
6-րդ վարչության նախկին աշխատակից 46-ամյա Եվգենի Ալեքսանդրի Կաչակը պարզվում է սպանվել է ոչ թե Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը, որտեղ նրա դիակը հայտնաբերվել էր, այլ՝ Վանաձորում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Եվգենի Ալեքսանդրի Կաչակը, երբ Աստանայից վերադարձել է Հայաստան մի քանի օր բնակվել է Վանաձորում, և հենց այնտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կամ անձինք նրա դին տեղափոխել են Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատուն:
Քննչական կոմիտեից հրաժարվեցին այս կապակցությամբ որևէ տեղեկություն հայտնել՝նշելով որ նախաքննություն է կատարվում և գործի շահերից ելնելով մանրամասներ չեն կարող հայտնել, սակայն նշեցին, որ քրեական գործով նախաքննությունը ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:
Հիշեցնենք, որ Եվգենի Ալեքսանդրի Կաչակի դին հայտնաբերվել է ապրիլի 29-ին և միայն մայիսի 5-ին է պարզվել նրա ինքնությունը, ով ազգությամբ ռուս է, սակայն ՀՀ քաղաքացի եւ երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում:
6-րդ վարչության նախկին աշխատակցի դին հայտնաբերվել էր գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով և ստացած վնասվածների հետևանքով նրա մոտ զարգացել է շոկային վիճակը, ինչն էլ բերել է սիրտ-անոթային անբավարարության:
Նրա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: