Բաքուն կրակում է ԵԱՀԿ-ի վրա. հասցեականից դեպի պատժելիություն անցման անհրաժեշտությունը
Արցախի եւ Ադրբեջանի սահմանագծի վրա միաժամանակ երեք եւ ապա չորրորդ զոհ տալը իհարկե ցնցիչ է եւ խորագույն ցավ է պատճառում համայն հայկական աշխարհին։
Վերջին շրջանում նկատելի էր, որ շփման գծի երկայնքով հայկական կողմը դիրքերը օժտել էր ռազմական արհեստագիտության համարժեք սարքերով, պաշտպանունակության աստիճանաչափը բարձրացնող եւ հակառակորդի շարժումներին մինչեւ խորքերը դիտարկող տեսանելիության գործիքակազմերով։ Իբրեւ այս իրողությունների անմիջական արդյունք զգալիորեն չեզոքացվել էր թշնամու ոտընձգությունների արդյունաւետությունը։
Այժմ կարգը խախտվում էր դարձյալ եւ դիպուկահարներին հաջողվում էր խփել թիրախների, երիտասարդ կյանքերի, իրենց հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորների։
Բնական է, որ ադրբեջանական կողմը չպիտի ձեռնածալ մնար եւ պիտի շարունակեր սահմանագիծը թեժ պահելու իր վարքագիծը, հատկապես բանակցությունների վերսկսման հաւանականության նախօրեին։ Պատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծել, բանակցությունների ստատուս քվոն փոխելու եւ արմատական լուծումների առաջնորդելու ձախողած մարտավարություները վերակիրառելով։
ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունից հետո, Ադրբեջանը վերստին դիմել էր միեւնույն արկածախնդրական միջոցին։ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը փակելով, անվերջ հրադադար խախտելով , հասցեական մեղադրանքները անտեսելով Բաքուն շարունակում էր փաստորեն իր հետեւողականությունը ցույց տալ հարձակողապաշտության եւ հյուծման ռազմական այս քաղաքականության դրսեւորում։
ԵԱՀԿ-ն այս դեպքում իր հեղինակությունը պահելու խնդիր ունի։ Պատահածը պարզապես պատասխան է ԵԱՀԿ-ի կողից հնչած հասցեական մեղադրանքին, փոխանցելու, որ միջազգային ընտանիքի որոշած միջնորդական այս ձեւաչափի կողմից հնչած հայտարարությունները որեւե իմաստ չունեն Բաքվի համար։
ԵԱՀԿ-ն հետեւողականություն ցույց տալու խնդիր ունի անմիջականորեն. հաւասար պատախասնատվությունից դեպի հասցեական մեղադրանք անցում կատարած ԵԱՀԿ-ն այս դեպքում կանգնել է իր քայլերի ուղղությամբ նոր հանգրվան թեւակոխելու անհրաժեշտության առաջ։ Բաքուն կրակելով հայկական կողմի վրա՝ կրակում է նաեւ ԵԱՀԿ-ի վրա։
Բաքուն իր անհամաձայնությունը հայտնելով պատճառ է դառնում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելուն. Բաքուն չի ընդառաջում մշտադիտարկման համար շփման գիծը հավելյալ գործիքակազմերով օժտելու միջազգային առաջադրանքին։ Բաքուն շարունակում է խախտել հրադադարը։ Բաքուն անտեսում է հասցեական մեղադրանքը։ Ուրեմն…
Ուրեմն ԵԱՀԿ-ին մնում է հասցեականից անցնել պատժականի։ Այլապես, Բաքվի կողմից սանձազերծվող ռազմական արկածախնդրությունների հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել եւ պատճառ դառնալ նոր բռնկումների։
Ռազմական արկածախնդրության վերլուծումը համոզում է, որ Բաքուն չի վստահում իր ուժերին վերսկսելու համար լայնածաւալ պատերազմ։ Ապրիլյան կասեցումը, եւ ոչ միայն կասեցումը, այլ հայկական ուժերի առաջխաղացումը ու Բաքվի կողմից հայտարարված միակողմանի զինադադարը այդ համոզման հիմնաւորմանն են ծառայում։ Եղածը փորձ է հյուծման պատերազմի եւ դասական մարտավարություն` բանակցությունների վերսկսման նախօրեին շփման գիծը հրդեհելու։
ԵԱՀԿ-ի լիազորությունները վերաբերում են առաւելաբար միջնորդելու, բանակցությունների սեղանի շուրջ կողմերը համախմբելու, հրադադարը հսկելու։ ԵԱՀԿ-ն սակայն իր հեղինակությունը պահելու համար դիրքորոշումների մագլցողականության հետեւողականություն ցույց տալու անհրաժեշտության առաջ է կանգնել։ Այս պատճառով էլ տեսանելի տրամաբանական հաջորդ միակ հանգրվանը հասցեականից հետո պատժելիություննն է։
Զինվորաքաղաքական իրադարձությունները համոզում են սակայն, որ միջազգային ընտանիքից հրապարակային այս ակնկալությունները, որոնք օրինաչափ են եւ համահունչ հայկական կողմի կիրառած արտաքին քաղաքականության, գետնի վրայ բաւարար չպիտի լինեն սանձահարելու ադրբեջանցի պաշտոնական արկածախնդիրներին։
Պատժիչ ու ցաւոտ գործողութիւնների հակադարձությունը իրեն է վերապահում հայկական կողմը, որը ահաբեկչական պետական միաւորի հետ վարվելու մարտավարության է տիրացել արդեն։
Իրադրությունները հուշում են, որ հայկական կողմը ե՜ւ իբրեւ դիւանագիտություն, ե՜ւ իբրեւ զինված ուժեր`
Ա. Պիտի շարունակի միջազգային ընտանիքից պահանջել հասցեականից պատժելիության անցումը.
Բ. Պիտի շարունակի ռազմական բարձր արհեստագիտությամբ օժտել ամբողջ սահմանագիծը
Գ. Իրեն պիտի վերապահի թշնամու հաւանական բոլոր ոտընձգությունները սանձահարելու, պատժելու եւ զսպելու առաջնային գործառույթների իրականցումը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր