Աշխարհում 65,6 մլն մարդիկ են հարկադրված լքել են իրենց տները. ՄԱԿ
2016 թվականի վերջին աշխարհում կային ավելի քան 65,6 մլն փախստականներ, ապաստան հայցողներ ու ներքին վերաբնակներ: Այս թիվը 300 հազարով ավելի է, քան 2015 թվականին եւ ռեկորդային է վիճակագրության վարման ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տարեկան զեկույցում:
«2016 թվականի վերջին աշխարհում ավելի քան 65,6 մլն մարդ հարկադիր վերաբնակ էր հետապնդումների, հակամարտությունների, բռնության եւ մարդու իրավունքների խախտման հետեւանքով,-ասված է «Գլոբալ միտումներ. հարկադիր տեղահանում-2016» հետազոտության մեջ:-Դա 300 հազարով ավելի է, քան նախորդ տարի եւ ռեկորդային ցուցանիշ»: Ինչպես պարզաբանել են վարչությունում, խոսքը վերաբերում է իրենց տները հարկադրաբար լքած երեք կատեգորիաների մարդկանց. 22,5 մլն մարդ ապաստան է գտել իր երկրի սահմաններից դուրս եւ իրենց կարգավիճակով փախստականներ են, եւս 40,3 մլն մարդ հարկադիր վերաբնակներ են, իսկ 2,8 մլն մարդ՝ ապաստան հայցողներ, որոնք ձգտում են միջազգային պաշտպանության հասնել իրենց երկրների սահմաններից դուրս:
«Բավականին կայուն թվերի հետեւում շատ անկայուն իրադրություն է թաքնված»,-զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Ելույթ ունենալով մամուլի ասուլսիում՝ նա նշել էր, որ անցյալ տարի մոտավորապես 7 մլն մարդ վերադարձել են իրենց տները, միեւնույն ժամանակ հայտնվել են 10 միլիոնից ավելի նոր փախստականներ:
Փախստականների առավել մեծ խումբը՝ 5,5 մլն մարդ, կազմում են սիրիացիները: Բացի այդ, Սիրիայի 6,3 մլն բնակիչներ ներքին վերաբնակներ են, իսկ 185 հազար հոգի՝ ապաստան հայցողներ: Այսպիսով, ինչպես ասված է զեկույցում, Սիրիայի բնակչության կեսից ավելին (յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 650 մարդ) հարկադրված է եղել լքել իր տունը:
Հարկադիր վերաբնակների թվով (7,7 մլն) երկրորդ տեղն զբաղեցնում է Կոլումբիան, որին հաջորդում են Աֆղանստանը (4,7 մլն), Իրաքը (4,2 մլն), Հարավային Սուդանը (3,3 մլն), Սուդանը (2,9 մլն), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (2,9 մլն), Սոմալին (2,6 մլն), Նիգերիան (2,5 մլն), Ուկրաինան (2,1 մլն) եւ Եմենը (2,1 մլն): «Ըստ բոլոր գնահատումների, դա անընդունելի թիվ է, եւ այն խոսում է ավելի մեծ համախմբվածության եւ ճգնաժամերի կարգավորման անհրաժեշտության մասին»,-ընդգծել է ՄԱԿ-ի գերագույն կոմիսարը: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ աշխարհում բոլոր փախստականների կեսը երեխաներ են: 2016 թվականին աշխարհում ապաստան տրամադրելու 75 հազար խնդրագրեր ստացվել են անչափահասներից, որոնք այլ երկրներ մեկնել են միայնակ կամ ճանապարհին բաժանվել են իրենց ծնողներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: