«Վաճառքում ինչքան սիգ եք տեսնում, Սևանա լճինն է». Բարդուխ Գաբրիելյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի պնդմամբ՝ բարենպաստ պայմանների դեպքում, եթե մինիմալի հասցվի որսագողությունը, ապա 3-4 տարվա ընթացքում կլինի արդյունագործական պաշարների ձկների ավելացում 2-2.5 անգամ:
Քանակի ավելացում կարող է լինել, քանի որ մանրաձկան պոտենցիալը բավարարում է, ուղղակի ներկայումս չեն թողնում, որ այդ պոտենցիալը մեծանա. ձվադրման պատրաստ մայրական կազմին որսում են ու վաճառում: Այսինքն՝ սիգի խնդիրը հենց որսագողության մեջ է:
«Վաճառքում ինչքան սիգ եք տեսնում, Սևանա լճինն է, ոչ մի ցանցավանդակում սիգ չի բազմացվում»,- ասաց բանախոսը:
Բարդուխ Գաբրիելյանի տվյալներով՝ անցած տարվա ձկների պաշարը եղել է 430 տոննա, խոսքը արդյունագործական չափերի ձկների մասին է, այլ ոչ մանրաձկան, որի քանակը լճում կազմում է 70-80%:
Ինչ վերաբերում է խեցգետինի պաշարներին, ապա բանախոսը նշեց, որ խեցգետնի որսը հիմա արգելված է: Իրականում բոլոր տեսակի ձկների որսը բազմացման շրջանում պետք է արգելել, ինչը այսօր ընդունվել է և կատարվում է խեցգետինների պարագայում.
«Խեցգետնի արգելքի առաջարկը հասունացել էր, քանի որ խեցգետինները շատ էին մանրացել, դա արդյունքն է որսագործիքների փոփոխման, այնպիսի չինական որսագործիքներ էին բերել, որոնք որսում էին բոլոր չափի խեցգետիններին: Սա հանգեցրեց խեցգետինների մանրացմանը, վերջին տարիներին՝ նաև քանակի կրճատմանը»:
Խեցգետնի ընդունված չափը 9 սմ է, որսը պետք է կատարվի սրանից ավելի մեծ խեցգետինների դեպքում, սրանից մանրն արգելված է, բայց հիմա 9սմ-ից ցածր են որսում:
Իսկ իշխանի պաշարների ռեալ վերականգնման համար, Բարդուխ Գաբրիելյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որ ապահովված լինի նրա բնական վերարտադրությունը, այսինքն՝ պետք է կարգի բերվեն իր ձվադրավայր հանդիսացող գետերը, որոնք բոլորը հիմա անմխիթար վիճակում են:
Անի Թորոսյան