Բաժիններ՝

Ինչի՞ց է սկսվում կյանքում ուրիշի տեղը զբաղեցնելու արատավոր պրակտիկան

Հայաստանում քննությունների շրջան է։ Քննաշրջանների ժամանակ միշտ խոսում են կոռուպցիայի մասին։ Բայց ոչ միշտ են սովորողները ցանկանում կոռուպցիոն ճանապարհով լուծել իրենց հարցերը։ Փոխարենը՝ նրանք փորձում են խաբել սովորեցնողներին, որպեսզի առանց միջնորդի կամ գումարի կորզեն ցանկալի թվանշանը։ Սովորեցնողներն էլ, իրենց հերթին, փորձում են ոստիկանի դեր ստանձնել, որպեսզի չխաբվեն սովորողների կողմից։ Այլ կերպ ասած, «մուկ ու կատու» ենք խաղում։

Նման անազնիվ հարաբերությունների առկայության հիմնական պատճառն այն է, որ մեր ուսումնական հաստատություններում թվանշան ստանալը դեռևս շատ ավելի կարևոր է համարվում, քան գիտելիք և հմտություն ձեռք բերելը։ Ամեն ինչ արվում է կեղծ, չվաստակած թվանշաններ ստանալու համար։ Բազմաթիվ սովորողներ ուսումնական հաստատություններում ավելի շատ արտագրության, խաբեության տարբեր մեխանիզմներ են սովորում, քան գիտելիքներ են ձեռք բերում։ Ու կարելի է ենթադրել, որ, եթե մի օր թվանշանը կամ թվանշանի համար տրվող արտոնությունը վերանա, մեր կրթական համակարգը շատերի համար կդառնա անիմաստ։ Անազնիվ հարաբերություններն ունեն դրսևորման մի քանի ձև։

Դրանցից առաջինը քննությունների ժամանակ մեծ տարածում ունեցող արտագրության երևույթներն են։ Հատկապես բուհերում, բարձր առաջադիմության դեպքում տրվում են արտոնություններ։ Այդ պատճառով մեծ ջանքեր են գործադրվում սովորեցնողներին խաբելու ուղղությամբ։ Բուհերում օգտագործվում է խաբեության մեխանիզմների լայն շրջանակ՝ ամենահին ձևերից սկսած՝ մինչև տեխնոլոգիաների հետ սերտաճած մոտեցումները։ Այս օրերին բուհերի միջանցքներում կամ գրադարաններում կարելի է տեսնել ուսանողների, ովքեր հեռախոսով ակադեմիական թեմաների մասին են խոսում։

Բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց ընկերոջ հետ քննարկում են գիտական արդի հարցեր։ Նրանք պարզապես հեռախոսով քննական նյութն են թելադրում այդ պահին լսարանում գրավոր քննություն հանձնող իրենց ընկերոջը։ Այսօր կան փոքր սարքեր, որոնք լսարանում նստած ուսանողը դնում է ականջի մեջ և լսում հեռախոսով թելադրողին։ Ասում են՝ դեպքեր են եղել, երբ այդ փոքր սարքն ընկել է ուսանողի ականջի մեջ՝ առաջացնելով ականջի բորբոքում։

Ուսանողները նաև վարպետորեն օգտագործում են արտագրության հին ձևերը։ Օրինակ՝ քննությունից մեկ ժամ առաջ կպչուն թղթով ամրագրում են այն նստարանը, որի վրա պիտի նստեն քննության ժամանակ։ Ընդ որում, վերջին շարքի նստարանները մեծ պահանջարկ չեն վայելում ուսանողների շրջանում, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ դասախոսները վերջին շարքում նստած ուսանողներին, որպես կանոն, տեղաշարժում են։

Կրթության ամենակարևոր կանոններից մեկն այն է, որ սովորողն ինքնուրույն կատարի քննական կամ այլ տիպի առաջադրանքները։ Ի վերջո, նպատակը երեխայի ինքնուրույն կատարած աշխատանքը գնահատելն է։ Բայց այստեղ էլ ունենք ոչ ազնիվ դրսևորումներ։ Օրինակ՝ կուրսայինների և ավարտական թեզերի զգալի մասն ուսանողներն իրենք չեն գրում։ Նախընտրում են գնել քաղաքի կենտրոնում գտնվող ծառայություններից կամ պատվիրում են այդ գործում մասնագիտացած անհատներին։ Արդյունքում՝ կուրսայինի կամ ավարտական աշխատանքի պաշտպանության օրն ուսանողը ներկայացնում է ոչ թե իր գրածը, այլ ուրիշի աշխատանքը։

Այսպիսի երևույթներ կան նաև դպրոցներում։ Օրինակ՝ Երևանում մեծ թափով զարգանում է դասապատրաստողների ինստիտուտը։ Ի տարբերություն կրկնուսույցի, դասապատրաստողի գործը երեխային տնային հանձնարարությունների կատարման գործում օգնելն է։ Այստեղ էլ առանձին դեպքերում դասապատրաստողը պարզապես երեխայի փոխարեն մտածում է, կատարում առաջադրանքները, իսկ երեխան հաջորդ օրն ուսուցչին ցույց է տալիս ուրիշի կողմից կատարված տնայինը։ Հատկապես «Շախմատ», «Տեխնոլոգիա», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու» առարկաների տնայինները կատարվում են ընտանիքի անդամների, հարևանների և դասապատրաստողների կողմից։ Ասում են՝ կա նաև տնայինների կատարման օնլայն ծառայություն։ Ուղարկում եք համապատասխան խնդրի համարը և ձեր հեռախոսի միջոցով վճարելուց հետո ստանում եք լուծումը։

Արդարության տեսանկյունից հատկապես խնդրահարույց են այն դեպքերը, երբ ինքնուրույն աշխատած, բայց մի փոքր ավելի վատ աշխատանք կատարած երեխային ավելի ցածր են գնահատում, քան այն երեխային, ով ծանոթ-բարեկամների կատարած շքեղ աշխատանքը ներկայացնում է՝ որպես իր աշխատանք, և ստանում բարձրագույն գնահատական, գովեստի խոսքեր։ Այդպիսի մի դեպքի մասին իմացա բոլորովին վերջերս։ Աշակերտներից մեկը, ով ինքնուրույն հսկայածավալ աշխատանք էր կատարել, ավելի ցածր թվանշան էր վաստակել, քան այն աշակերտը, ով պարզապես ներկայացրել էր ոլորտի մասնագետ հարազատների շքեղ դիզայնով կատարած աշխատանքը և արժանացել բարձրագույն գնահատականի։ Ո՞վ է ավելի բարձր թվանշանի արժանի. ինքնուրույն աշխատած, բայց մի փոքր ավելի վատ արդյունք ստացած սովորո՞ղը, թե՞ ուրիշի աշխատանքը ներկայացնողը։

Խաբեության ձևերն առաջիկայում ավելի են կատարելագործվելու, քանի որ օգտագործվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները։ Իհարկե, նույն տեխնոլոգիաների միջոցով կարելի է այդ ամենը նաև կանխել։ Բայց առայժմ խաբեություններ բացահայտող տեխնոլոգիաները Հայաստանում ավելի հետ են մնում, քան խաբեություններին նպաստող տեխնոլոգիաները։

Ցավալին այն է, որ այս ամենը շարունակվում է նաև դպրոցից ու բուհից հետո։ Բազմաթիվ չափահասներ ուրիշի գրած գիտական թեզն են պաշտպանում, ուրիշի գրած գրքի վրա իրենց անունն են դնում, ուրիշի նախընտրական ճառն են արտասանում։ Մի խոսքով, ապրում են ուրիշի դեմքով, ուրիշի փոխարեն, ուրիշի հաշվին։ Ի վերջո, նրանք նաև զբաղեցնում են ուրիշի տեղը։ Իսկ ինքնուրույն սովորող, ինքնաստեղծ մարդիկ ոչ միայն՝ հաճախ չեն գտնում իրենց արժանի տեղը, այլև նպաստում են ուրիշի հաշվին ապրողների վերարտադրման գործին՝ նրանց փոխարեն տնային, կուրսային, նախընտրական ծրագիր գրելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս