«Ավագանու անդամները սափրվում են նիստի գնալուց առաջ. դա ձեռքբերում է». Աշոտ Գիլոյան
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հանդիպումներ ունեցել են բոլոր համայնքների ղեկավարների հետ՝ մինչև ԱԺ-ում Համայնքների խոշորացման մասին օրենքի նախագիծը ներկայացնելը։ Ինչ վերաբերում է Վարդենիսի բնակիչների բողոքներին, որոնք փողոցն էին փակում՝ նշելով, թե չեն ցանկանում, որ իրենց համայնքները խոշորացվեն, ապա Գիլոյանն ասաց, որ բողոքողները նախկին փախստականներն են, որոնք չեն ցանկանում տեղացիների հետ մեկ համայնքային փնջում լինել։
«Նրանք ուզում են առանձին լինել։ Ես եղել եմ այդ տեղերում, բնակիչների հետ զրուցել եմ, որոշակի մարդիկ կան, որ այն կարծիքին են, թե տեղաբնակների հետ չեն կարող մերվել, խնդիրներ ունեն։ Բայց ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, և այդ համայնքները կխոշորացվեն»,- պարզաբանեց նա։
Գիլոյանի խոսքով՝ համայնքների խոշորացում ասվածը գումարներ խնայելու համար չէ, այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար է. «Երբ ասում են՝ գումար է խնայվում, դա խնայվում է զուտ համայնքի համար։ Որևէ գումար խնայելու խնդիր չկա, այլ ընդամենը կրճատված հաստիքները վերաիմաստավորելու խնդիր է դրվում»։
Հարցին՝ համայնքների խոշորացումը նոր արտագաղթերի տեմպերի մեծացման չի՞ բերի, նա այսպես պատասխանեց. «Չկան նման հիմքեր, կարող եք տեսնել, որ արդեն խոշորացված համայնքներից որևէ բնակիչ չի արտագաղթել, իսկ խոշորացումն արվում է, որ բարեկարգվեն այդ համայնքները։ Ես մեծ ժամանակ եմ անցկացնում խոշորացված համայնքներում, և բնակիչների հետ խոսել ենք, տարբեր բարեփոխումներ են իրականացվել։ Օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքներում նախկինում անանցանելի ճանապարհները հիմա արդեն վերանորոգվել են, մարդիկ սովորական մեքենաներով կարող են երթևեկել»։
Նրա խոսքով՝ խոշորացումից հետո ավագանու ինստիտուտը կայացել է. «Խոշորացված համայնքների մեծ մասում ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են։ Եթե առաջ փոքր բնակավայրերում 30 րոպեում 7 հարց էին քննարկում, կամ չէին էլ մասնակցում, հիմա 3-4 ժամանոց բուռն քննարկումներ են լինում։ Դա արդեն ձեռքբերում է։ Ավագանիները սկսել են իրենց օրակարգի հարցերը տանը պարապել, սկսել են ավելի կոկիկ հագնվել, սափրվում են նիստի գնալուց առաջ. դա ձեռքբերում է»։
Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքների կառավարման համակարգի փոփոխությանը, նա ասաց՝ կառավարության ծրագրում նախատեսվում է, որ խոշորացումից հետո կլինի ընտրակարգի փոփոխություն՝ համամասնական ընտրակարգ կսահմանվի։