«Սա Հայաստանի դեմ արշավ է». Սարգիս Գրիգորյան

Հարցազրույց Արաբագետ, ԵՊՀ դասախոս Սարգիս Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, Մերձավոր Արևելք կատարած ԱՄՆ նախագահ Թրամփի այցը, Իրանի նախագահական ընտրությունները, արաբական 4 երկրների և Կատարի հարաբերությունների խզումը, Իրանի ահաբեկչություններն արդյո՞ք կապված էին իրար հետ, և ի՞նչ է սպասվում տարածաշրջանում առաջիկայում։

– Այն, որ առաջիկայում տարածաշրջանում լարվածությունը մնալու է, միանշանակ է, որովհետև ունենք մի քանի չլուծված հակամարտություններ՝ Սիրիա, Իրաք, Եմեն։ Համենայնդեպս, մոտ ապագայում չի նշմարվում, որ կարող է խաղաղ Մերձավոր Արևելք տեսնենք։ Իհարկե, փոխկապակցվածություն կա. ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական այցելությունը Մերձավոր Արևելք, որը սկսվեց Սաուդյան Արաբիայից, մատնանշում է մի կարևոր հանգամանք, որ նախ՝ ԱՄՆ-ը՝ ի դեմս Թրամփի, փորձում է էլ ավելի ակտիվ քայլերով հանդես գալ Մերձավոր Արևելքում՝ ի տարբերություն Օբամայի վարչակարգի, երկրորդ՝ որպես այդ ակտիվության հիմնական դաշնակից՝ ԱՄՆ-ը ընտրում է Սաուդյան Արաբիային։

Հիմնական թիրախներն Էր-Ռիադում հնչեցին Թրամփի կողմից՝ ահաբեկչության դեմ պայքար, Իրան, և իսրայելապաղեստինյան չլուծված հակամարտություն։ Համենայնդեպս, նշված երկու կետի շուրջ ԱՄՆ-ը տեսնում է, որ Սաուդյան Արաբիան պետք է հանդես գա՝ որպես լոկոմոտիվ. ահաբեկչության դեմ պայքարում ստեղծվում է առանցք, որը ղեկավարելու է Սաուդյան Արաբիան, իսկ հակաիրանական առանցքի գլխին միշտ եղել են Սաուդները։ Այդ գիծը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ շարունակելու է։

– Իրանի ահաբեկչություններն այդ գծի շարունակությո՞ւնն էին. կարծիքներ կան, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետություն» խմբավորումը գործիք է դարձել ԱՄՆ-ի ձեռքում։

– Մեր հիմնական խնդիրն այն է, որ դեռևս չենք գիտակցում «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչվող կառույցից եկող վտանգը։ Մենք դեռևս լավ չգիտենք այդ կառույցը։ Բոլորս շտապում ենք այս ահաբեկչության մեջ մեղադրել գերտերություններին, փորձում ենք տարածաշրջանում մեղավորներ փնտրել, բայց ԻԼԻՊ-ը կարող է սա անել, անում է և պատասխանատվություն է ստանձնում։

Շատերը կարծում են, որ ԻԼԻՊ-ը դարձել է գործիք. համաձայն եմ, բայց այդ «գործիքը» լինելն ԻԼԻՊ-ը փորձում է վաստակել։ Եվ այս անցած երեք տարին այդ մասին է խոսում. ԻԼԻՊ-ը փորձում է հանդես գալ՝ որպես պետություն, փորձում է ունենալ զորք, բանակ, փորձում է վերահսկել տարածքներ, փորձում է ահաբեկչություններով ցույց տալ, որ այդ կառույցը կա, գոյություն ունի։ Ավելին, նա փորձում է իր վարքագծով ցույց տալ, որ, եթե նույնիսկ այդ կառույցը ոչնչացվի, ապա ահաբեկչական սպառնալիքը մնալու է։ Այս կարևոր բաներն անտեսվում են, և սա է պատճառը, որ դեռևս չճանաչված, չդիտարկված ԻԼԻՊ-ը, որն անտեսվում է, շարունակում է անհանգստացնել, իսկ մենք փորձում ենք ինչ-որ այլ ուժեր փնտրել։

– «Daily Mail»-ը գրել էր, որ ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը հավաստի, և ի՞նչ կփոխվի, եթե իսկապես կառույցի առաջնորդը ոչնչացվի։

– Այդ լուրն արդեն լուրջ չէ, որովհետև չեմ կարծում, որ Աբու Բաքր ալ Բաղդադին կլիներ այդ թեժ վայրում։ Ընդհանրապես, կարծում եմ, որ նա թաքնվել է Սիրիայի և Իրաքի միջև որևէ անվտանգ սուննիաբնակ հատվածում։ Նա՝ որպես ԻԼԻՊ-ի առաջնորդ, խալիֆ, այս պահին չի կարող լինել ոչ Մոսուլում, ոչ Ռաքայում։ Այնտեղ այնպիսի մարտեր են, որ շատ հանգիստ կարող է թիրախավորվել նույնիսկ պատահական օդային հարվածից։

Ավելին, Ռաքայից լրիվ այլ տեղեկություններ են գալիս, թե իբր ԻԼԻՊ-ը համաձայնել է, որ անվտանգության միջանցք տան, և դուրս գա այդտեղից՝ խաղաղ զոհերից խուսափելու նպատակով։ Այսինքն՝ տրամադրված են թողնել Ռաքան։ Իհարկե, չի կարելի բացառել, որ Բաղդադին կարող է սպանված լինել մի ուրիշ տեղում։ Պետք է ընդգծել, որ Աբու Բաքր ալ Բաղդադին ֆիգուր է։ Ճիշտ է՝ նա ԻԼԻՊ-ի առաջնորդն է, բայց եթե նույնիսկ ոչնչացվի, նրան շատ արագ փոխելու են։ Այնպես չի լինելու, որ պարագլխի ոչնչացմամբ՝ ԻԼԻՊ-ը վերանա։

– Թուրքիայում գործող հայտնի «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարող միջազգային հանրություն» կազմակերպության (ASİMDER) առաջնորդ Գյուքսել Գյուլբեյնը հայտարարել է, թե Թեհրանյան ահաբեկչություններն իրականացրած ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանի տարածքով: Նման հայտարարություններ տարածում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Այսպիսի հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Իսկ որևէ խնդիր կա՞, եթե իրաքցիները հատեն Իրանի սահմանը։ Նույն հաջողությամբ նրանք կարող էին Իրաքից անցնել։ Սա ուղղակի Հայաստանի դեմ արշավ է։ Ավելին, ահաբեկիչների արաբական խոսքն ավելի նման է թուրքամանների արտասանությանը։ Չի բացառվում, որ ահաբեկչություն իրականացնողները ծագումով թուրքեր լինեն։ Համենայնդեպս, արաբերեն խոսքից ես կարող եմ դա փաստել։

– Թուրքիան փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և վերականգնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ Կատար ուղարկելով ռազմական ստորաբաժանումներ։ Արդյո՞ք Թուրքիային կհաջողվի իրականացնել իր պլանները, և ի՞նչ արձագանք դա կգտնի ԱՄՆ-ի կողմից։

– Թուրքիան իրոք փորձում է օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից։ Կարծես՝ որոշակի անջրպետ էր առաջացել Թուրքիայի և իսլամական աշխարհի մեջ, և Թուրքիան ամեն առիթ փորձում է ձեռքից բաց չթողնել և հանդես գալ պրոիսլամական աշխարհի դիրքերից։ Թուրքիան կշարունակի սա անել։ ԱՄՆ-ի համար կարևոր խնդիրը տարածաշրջանում այս պահին ԻԼԻՊ-ն է։ Այս մասին նաև Թրամփն է հայտարարում։

Հիմա նա փորձում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի սցենարները գտնել և հրամցնել տարածաշրջանին։ ԱՄՆ-ը հիմա կփորձի կենտրոնանալ դրա վրա, իսկ այս պահին երկրորդական խնդիրները՝ արաբական երկրների միջև լարված հարաբերություններ, քրդական գործոն, մի կողմ են դրված։

– Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում։

– Մեր հիմնական խնդիրը մեր համայնքն է Մերձավոր Արևելքում։ ՀՀ-ին լարված մերձավորարևելյան թնջուկում լինելը, իհարկե, ձեռնտու չէ. մեզ պետք են հարևաններ, բարեկամ երկրներ, որոնք աչքի են ընկնում կայունությամբ։ Ահաբեկչությունն Իրանում որոշակիորեն վնասում է այդ իրողության ընկալմանը, մեզ պետք է կայուն Իրան, և ակնհայտ է, որ, թեև Իրանը ահաբեկչության է ենթարկվում, բայց կարողանում է ավելի հզորացած դուրս գալ այս ամենից, չի տրվում այս ազդեցությանը։

Միևնույն ժամանակ, մենք գտնվում ենք Կովկասում, որտեղ ավելանում են իսլամական ծայրահեղական միտումները, դրան զուգահեռ՝ իսլամական ծայրահեղական կառույցները, և սա վտանգներով է լեցուն։ Հատկապես, որ մենք ունենք չլուծված հիմնախնդիր՝ Արցախի հիմնախնդիրը։ Մենք պետք է անընդհատ խոսենք մեր շահերի մասին, ցույց տանք, որ արևելյան երկրներում միշտ ունեցել ենք համայնքներ, որոնք կայունության կողմնակից են միշտ եղել, և այդ մասին մենք պետք է բարձրաձայնենք։ Բայց, միևնույն ժամանակ, չմոռանանք, որ այստեղ պետք է չեզոքություն։

Տեսանյութեր

Լրահոս