ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Խնդիրը ժամկետն է

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարի նոյեմբերին՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։ Փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրվել է մարտ ամսին։

Թե այս անգամ Ռուսաստանն ինչպե՞ս կվերաբերվի Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների նոր վկայությանը, արդյոք չի՞ խոչընդոտի ՀՀ-ԵՄ պայմանագրի կնքմանը, ինչպես դա եղավ 2013 թ., դեռ հստակ չէ։ Այս հարցում փորձագետների կարծիքները տարաբնույթ են, մասնավորապես՝ պուտինյան Ռուսաստանի ընդդիմախոսները վստահ են, թե այն հույսերը, որ ՌԴ-ն չի հակառակվի այս փաստաթղթին, զուր են, և Մոսկվան ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանն ու կպայքարի նախկին Խորհրդային Միության տարածքում իր մենաշնորհային վերահսկողության համար։

168.am-ը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ հավանակա՞ն է, որ այս նոր պայմանագիրն էլ արժանանա նախորդի ճակատագրին ու չստորագրվի, ինչպես պնդում են ռուս ընդդիմադիրները։

«Ես շատ ցավում եմ, բայց չեմ կարող լուրջ ընդունել ոչ միայն այդ հարցում, այլև ընդհանրապես Ռուսաստանի ընդդիմադիր գործիչների որևէ գնահատական, որովհետև, եթե վերցնենք վերջին 3-4 տարին, այդ գործիչների որևէ կանխատեսում չի ապացուցվել կյանքով, պրակտիկայով։ Դա երևի Ռուսաստանի ներսում բարդ իրավիճակի հետ է կապված, որովհետև իրենց կորսված են համարում, ընդհանուր գործընթացներում մասնակցություն չեն ունենում, ուզում են մասնակցություն ունենալ, բայց չգիտեն՝ դա ոնց անել, և այսպիսի՝ ուղղակի սենսացիոն հայտարարություններ են անում։

Ես կարծում եմ՝ այն փաստը, որ Հայաստանն արդեն իսկ նախաստորագրել է համաձայնագիրը, խոսում է այն մասին, որ որոշակի համաձայնություն Ռուսաստանի կողմից տրվել է։ Երկրորդ՝ այս համաձայնագրում հստակ նշված է, որ ամեն դեպքում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը գերակա է Եվրամիություն-Հայաստան երկկողմանի շրջանակային համաձայնագրի նկատմամբ։ Եվ այդ առումով որևէ ձևով (ինչպես կարող էր խանգարել Ասոցացման համաձայնագիրը Մաքսային միությանը միանալուն) այս համաձայնագիրը ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին չի կարող խոչընդոտել»,- ասաց Բ. Նավասարդյանը։

Սակայն, ըստ նրա, հասկանալի է, որ Ռուսաստանի իշխանությունների գործողություններում շատ դեպքերում ի հայտ են գալիս իռացիոնալ գործոններ, և դա պայմանավորված է նրանով, որ ոչ միայն արդիական և պրակտիկ քաղաքականությունն է այսօր Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, այլ նաև տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական միջավայրը։ Այդ առումով, ինչպես նշեց Բ. Նավասարդյանը, փաստն ինքնին, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է որևէ պայմանագիր՝ անկախ բովանդակությունից, կարող է դուր չգալ ռուսական իշխանությանը կոնկրետ պահերին.

«Այդ պահերը կախված են լինելու ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակից, այդ պահին Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններից, որոնք, եթե սրված լինեն, բնականաբար, Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի իր դաշնակիցը հենց այդ պահին ստորագրի որևէ փաստաթուղթ ԵՄ-ի հետ։

Դա է պատճառը, թե ինչու նաև եվրոպացիները բավականին զգուշավոր են՝ ժամկետների մասին խոսելիս։ Ասում են՝ նոյեմբեր, բայց դա ուղղակի կապվում է Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովի հետ, որտեղ, բնականաբար, ԵՄ-ն կուզեր ցույց տալ, որ իր ծրագրում վերջին 2 տարում առաջընթաց կա, և որպես առաջընթաց՝ ներկայացնել Հայաստանի հետ նոր շրջանակային համաձայնագիրը»։

Նրա կարծիքով՝ Եվրամիությունը հույս չունի, որ մեկ այլ համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Թեև ԵՄ-Ադրբեջան բանակցությունները շարունակվում են, բայց Բ. Նավասարդյանի խոսքով՝ այդ համաձայնագիրը և նույնիսկ դրա բանակցությունները լուրջ վտանգի տակ են. «Դրա մասին մենք շուտով կիմանանք՝ հաշվի առնելով այն զարգացումները, որ հիմա տեղի են ունենում»։

Բ. Նավասարդյանը նշեց, որ ամեն դեպքում ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրման հավանականության առումով այս իրավիճակն ավելի բարենպաստ է, քան 2013 թ. իրավիճակը, քանի որ մենք արդեն նախաստորագրել ենք համաձայնագիրը, այսինքն՝ եթե 2013-ին չնախաստորագրելը նշաակում էր՝ հրաժարվել, այս պահին չստորագրելը նոյեմբերին ընդամենը կնշանակի՝ հետաձգում, հետևաբար՝ ամեն դեպքում, շանսն այսօր շատ ավելի բարձր է։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների այս նոր շրջափուլը Բ. Նավասարդյանը չի համարում ռուսական ուղեծրից դուրս գալ. «Չենք կարող այդպես բնորոշել, բոլորովին։ Դա այդպես չէ, դա հետագայում կարող է դրա համար ինչ-որ հող նախապատրաստել, բայց որ այս պահին բոլորովին բովանդակությունը դրա մասին չէ, դա ակնհայտ է»։

Տեսանյութեր

Լրահոս