Բաժիններ՝

Հայաստանը՝ որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն. WCIT 2019-ի աշխատանքների մեկնարկը տրված է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում մեկնարկել է 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որի օրակարգի առաջին թեման 2019 թվականին Երևանում  WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր: «Մաևտիկա» ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրեց WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվեց նաև wcit2019.org կայքը ու ցուցադրվեց WCIT 2019-ի պաշտոնական հոլովակը:

WCIT 2019-ը կանցկացվի 2019 թվականի  հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը՝ որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն: Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար և ներդնել «ԱրՄաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը:

Այս առիթով հատուկ Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն տեղեկացնում է, որ ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի կանցկացվի Թայվանում, 2018-ին՝ Հնդկաստանում, իսկ Հայաստանն այն կհյուրընկալի 2019-ին: Իվոն Չիուն նշում է, որ ինքը շատ է սիրում Հայաստանը, և գիտի, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ:  Իվոն Չիուն նշում է, որ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովը կանցկացվի «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո:

Կարդացեք նաև

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը շնորհավորեց ներկաներին՝ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը ձեռք բերելու համար: Իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման շրջանակում վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ համաշխարհային ՏՏ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Բացի այդ, հանդիպման ժամանակ նշվել է, որ ասիական երկրներում ՏՏ զարգացումների մասին հետազոտություն է անցկացվում WITSA-ի կողմից, որը հիմք է հանդիսանալու համաժողովի պատշաճ կազմակերպման համար: WITSA ներկայացուցիչները նշել են, որ հետազոտության արդյունքները կտրամադրեն նաև ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ WCIT-ը WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ.-ից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր:

2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: Նշենք, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008թ.-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս