Բաժիններ՝

«Որոշ շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան»

Այսօր կազմակերպված «Նոր ընկերությունների մուտքն ապրանքների ու ծառայությունների շուկաներ. խոչընդոտներ, խնդիրներր և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը նախ նշեց, որ իրենց կառույցն աշխատանքի 4 ուղղություն ունի՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտում, մենաշնորհների և գերիշխող դիրք ունեցող ընկերությունների չարաշահումների բացահայտում, անբարեխիղճ մրցակցության գործողությունների բացահայտում և համակենտրոնացման գործարքների նկատմամբ որոշակի հսկողական գործառույթներ։

Նա ասաց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ պարենային ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ առկա չեն. «Հասարակության շրջանում շատ դեպքերում «գերիշխող» և «մենաշնորհ» հասկացությունները նույնացվում են, ինչը սխալ է։ Մենաշնորհը բացառապես այն դեպքն է, երբ միայն մեկ ընկերություն է շուկայում գործում, իսկ մնացած բոլոր դեպքերում կարող ենք գործ ունենալ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան, ու թեև շուկայում գործում են որոշակի խոշոր ծավալներ ունեցող ընկերություններ, բայց դրանց շեմերը չեն գերազանցում գերիշխողի շեմը»։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ որոշ շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան. «Օրինակ՝ հանքային ջրերի շուկան, դեղերի որոշ տեսակների հետ կապված կան խոշոր ընկերություններ, բայց դրանց առկայությունը դեռևս չի նշանակում, որ շուկայում մրցակցություն չկա»։

168.am-ը հետաքրքրվեց՝ այսինքն, ըստ իրենց ուսումնասիրությունների՝ Հայսատանում մենաշնորհներ չկա՞ն։

«Հայաստանում մենաշնորհները բնական մենաշնորհների ոլորտներում են՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, և պետությունը երբ կոնցենսիոն կառավարման է հանձնում այս կամ այն ոլորտ, այդ ոլորտները, օրինակ՝ օդանավակայան, երկաթգիծ»,- պարզաբանեց նա։

Նա հավելեց՝ վերջին տարիներին որևէ դեպք չեն նկատել, որ միջազգային ներդրող կամ Հայաստանում գործող գործարար ցանկանա որևէ ոլորտում ներդրում կատարել ու բախվի ինչ-որ ոլորտում խոշոր ընկերության առկայությանը. «Մեր հանձնաժողովը երկու ձևով կարող է այս խնդիրները բացահայտել. առաջին, երբ ինչ-որ տնտեսվարող սուբյեկտ, որը խնդիրների է հանդիպում, դիմի հանձնաժողովին։ Այս տեսանկյունից մեզ որևէ ներդրող երբեք չի դիմել։ Երկրորդ, եթե բողոքներ չի ստացվում, ինքներս ենք ուսումնասիրում շուկան, իսկ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներմուծումների հարցում որևէ սահմանափակումներ ֆորմալ առումով գոյություն չունեն։ Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ դեպքերին՝ դրանք հանձնաժողովը բացահայտելու իրավասություններ չունի, դրանք իրավապահ մարմինների բացահայտելու խնդիրներն են։ Մեզ դեռ նման հարցերով չեն դիմել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս