«Իրանում եկել են այն եզրակացության ՝ դրսից փորձելու են Իրանում իրավիճակը խեղաթյուրել, և Ադրբեջանն ընկալվում է՝ որպես այդպիսի երկիր»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ Իրանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո Իրանը փորձելու է խստացնել իր քաղաքականությունը հարակից բոլոր տարածաշրջաններում, որն էլ բավականին դժվար կացության մեջ կդնի Ադրբեջանին։

«Ադրբեջանի ցանկությունն էր՝ համագործակցել Մերձավոր Արևելքում հենց արևմտյան դաշինքի հետ՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլն, բայց այստեղ սահմանափակում կա, որովհետև Թուրքիան, որը տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է, կարծես թե այլ դիրքորոշում ունի այս հակամարտության մեջ, և անգամ իր ներկայությունն ապահովելու համար ուզում է իր ռազմական կոնտինգենտն ուղարկել Կատար և այնտեղ որոշ չափով նպաստել Կատարի դիրքերի պահպանմանն այդ տարածաշրջանում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ Ադրբեջանը և Թուրքիան այս առումով հայտնվում են տարբեր ճամբարներում, և սա բավական լուրջ սահմանափակում է առաջացնում Ադրբեջանի դիավանագիտության համար մուսուլմանական պետությունների հետ իրենց հարաբերություններում։

Պարոն Մելիք Շահնազարյանի համոզմամբ՝ Իրանը հստակ գնահատում է իրեն սպառնացող ռիսկերը, դրանց աղբյուրները, և Ադրբեջանն առաջին շարքերում է գտնվում Իրանի համար. «Նախ՝ որպես «Իսլամական պետությանը» մատակարարող երկիր, մենք գիտենք, թե որքան Ադրբեջանի քաղաքացի է ներգրավված եղել Իրանի ահաբեկչական կազմակերպության շարքերում, և երկրորդը՝ որպես մի պետություն, որն առիթը բաց չի թողել Արևմուտքի աջակցությամբ Իրանում ազգամիջյան բախումներ հրահրելու համար»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց նաև, որ Իրանում եկել են այն եզրակացության, որ դրսից փորձելու են Իրանում իրավիճակը խեղաթյուրել, և Ադրբեջանն  ընկալվում է՝ որպես այդպիսի երկիր։
Նրա խոսքով՝ բավականին դժվար է ասել, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ կլինեն. «Այստեղ զարգացումների երկու տարբերակ է հնարավոր՝ տոտալ անտարբերություն, և երկրորդ տարբերակն է՝  բիրտ ուժի միջոցով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը սահմամափակելը։ Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք երեքն էլ ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ի՞նչ ռեակցիա կտան, ինչպե՞ս կլուծեն համընդհանուր ապակայունացված իրավիճակի  պարագայում լոկալ կոնֆլիկտների վերահսկման հնարավորությունները»,- նկատեց պարոն Մելիք-Շահնազարյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս