«Բարդ իրավիճակում հայտնված Ադրբեջանը դարձել է անկանխատեսելի երկիր, որից ինչ ասես՝ կարելի է ակնկալել». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ հստակ երևում է, որ Ադրբեջանը չի կարող երկարաժամկետ հարաբերություններ կառուցել որևէ պետության հետ, որովհետև անընդհատ ի հայտ են գալիս Թուրքիայի շահը, Իրանից բխող սպառնալիքները, Ռուսաստանի շահը, և սա էլ Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար իսկապես խնդիրներ է առաջացնում։
«Եթե սրան գումարենք վերջին շրջանի բացահայտումները և տարիներ շարունակ իրենց կողմից ներդրված բոլոր ջանքերի հօդս ցնդումը՝ խաղաղության պլատֆորմի տապալումը, ներքին տարաձայնությունները զինված ուժերում, հատուկ ծառայություններում, որոնք անընդհատ ջրի երես են դուրս գալիս, կարելի է ասել, որ իսկապես բարդ իրավիճակում հայտնված Ադրբեջանը դարձել է անկանխատեսելի երկիր, որից ինչ ասես՝ կարելի է ակնկալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը։
Անդրադառանալով հարցին, թե Ադրբեջանի վարքագծի անկանխատեսելիությունն ի՞նչ ուղիներով պետք է չեզոքացնել՝ Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ այստեղ մեխանիզմներն ավանդական են՝ առաջինը՝ ՀՀ զինված ուժերի ռազմական պատրաստության աստիճանն է, որովհետև, ըստ էության, 2013թ. վերջից, երբ Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված տարածաշրջանում դադարեց Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը, Ադրբեջանին զսպելու արտաքին գործոնը սկսեց չաշխատել։ ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա համագործակցություն չկար, և Ադրբեջանին զսպող միակ ուժը մնաց հայկական զինված ուժերի պատրաստվածությունը»։
Նրա գնահատմամբ՝ լարվածության աճ միշտ կա, և խաղաղության մակարդակը զսպվում է մեր զինված ուժերի միջոցով։ Քաղաքագետի խոսքով՝ լուրջ աշխատանք պետք է տանել նաև միջազգային հարթակներում։
«Այնուամենայնիվ, այս խնդիրը լուծելու համար համոզելու կամ ստիպելու ինչ-որ մի ձև պետք է գտնել, որպեսզի միջնորդներն օգտագործեն իրենց ազդեցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությոնը զսպելու համար։ Ինչ-որ չափով հաջողություններ կան հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո։ Անգամ Մինսկի խմբի համանախագահների մեջ զգացվում են Ադրբեջանին ուղղված մեղադրանքների և պահանջների նոտաները»,- ասաց քաղաքագետը։
Բանախոսի դիտարկմամբ՝ դիվանագիտական կոմպոնենտն Ադրբեջանին զսպելու իր պոտենցիալը լիարժեք չի օգտագործում, ավելին, շատ հեռու է լիարժեք օգտագործելուց, և նրա կարծիքով՝ ռազմական տեսանկյունից խնդիրն ավելի հեռանկարային է և ավելի արդյունավետ է աշխատում.
«Հատկապես, եթե հաշվի առնենք ապրիլից հետ մեր ձեռք բերած նոր սպառազինությունները կամ առաջնագծի կահավորումը։ Բոլոր այս խնդիրներն ինչ-որ չափով ռիսկերը նվազեցրել են, և դա ակնհայտ երևում է»,- նկատեց պարոն Մելիք-Շահնազարյանը։
Ռոզա Հակոբյան