«Բռնությունը վերանում է կանանց ուժեղացման ճանապարհով». Պյոտր Սվիտալսկի
Այսօր՝ հունիսի 8-ին, տեղի ունեցավ «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ի կողմից կազմակերպված «Կանայք՝ հանուն խաղաղության և կայունության։ Խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ հինգերորդ միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի մեկնարկին ելույթ ունեցան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Պարոն Սվիտալսկին իր խոսքում ասաց. «Բռնությունը վերանում է կանանց ուժեղացման ճանապարհով։ Մենք ավելի քիչ ագրեսիվ ենք, որովհետև հիմա կանայք ավելի ուժեղ են և ավելի շատ բան են վերցրել իրենց ձեռքը։ Գիտնականներն ապացուցել են, որ բռնության մակարդակը նվազում է, բայց նույնը չենք կարող ասել ընտանեկան բռնության մասին։ Ես ուրախ եմ նրա համար, որ ԵՄ-ի հիմնական դրույթներից մեկը գենդերային հավասարությունն է, և մենք հսկայածավալ աշխատանքներ ենք ծավալում այս ուղղությամբ»։
Նա նշեց նաև, որ շատ ուրախ է՝ ՀՀ կառավարությունը միացել է իրենց, և իրենց աջակցությունը հայտնեց Հայաստանին այս ուղղությամբ գործողությունների պլան մշակելու հարցում։
Պ. Սվիտալսկու համոզմամբ՝ պետք է կարողանալ փոխել մարդկանց մտածելակերպը, որպեսզի նրանք կարողանան բարձրաձայնել և ասել, որ կանանց հանդեպ բռնությունն անընդունելի է։ Նա կոչ արեց հայ կանանց՝ խոսել, բարձրաձայնել, պայքարել իրենց իրավունքների համար, որովհետև ԵՄ-ն ուզում է տեսնել կանանց գործունեությունը տարբեր ոլորտներում։
Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթն իր հիացմունքն արտահայտեց «Ավրորա» մրցանակաբաշխության և մրցանակի երեք հավակնորդների հանդեպ, որոնք իրենց գործունեությամբ օգնել են կանանց, ծերերին և երեխաներին։
Դեսպանն ափսոսանքով ընդգծեց, որ կանայք ընդգրկված չեն խաղաղության հաստատման գործընթացներում, ինչը այդքան էլ դրական երևույթ չէ, որովհետև կանայք ոչ խաղաղ պայմաններում բռնության են ենթարկվում, և խաղաղության հաստատման գործընթացներում պետք է հաշվի առնել նաև կանանց կարծիքը։
«Մենք շատ ուրախ ենք օգնել Հայաստանին՝ կանանց դերի բարձրացման գործում»,- հավելեց դեսպանը։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էլ նշեց, թե բնական է, որ կանայք հետաքրքրված են զինված հակամարտությունների հարցով, որովհետև նրանք կարող են մի կողմից՝ ընդգրկված լինել զինուժում, մյուս կողմից՝ դառնալ զոհեր։ «Կանայք, այնուհանդերձ, հանդես են գալիս՝ որպես պոտենցիալ մասնակիցներ ցանկացած հակամարտության մեջ»,- ասաց նա։
Դեսպանը նշեց նաև, որ շատ ուրախ է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո կառավարությունում զինված ուժերը ղեկավարում է կին։
«Նորանշանակ զինված ուժերի նախարարը եկավ համալրելու արդեն եվրոպական մի շարք երկրներում նմանատիպ պաշտոններ զբաղեցնող կանանց շարքը։ Կարելի է ակնկալել, որ այս հեղինակավոր դեմքերն իրենց գործունեության մեջ չեն անտեսի ՄԱԿ-ի ընդունած կարևոր հարցը՝ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն»»։
Պարոն Շարպանտիեն ընդգծեց. «Կանայք զոհեր չեն, նրանց ձայնը կարևոր է, և նրանց ձայնը պետք է լսել խաղաղությանն ուղղված բոլոր գործընթացներում»։
Նշենք նաև, որ կոնֆերանսի շրջանակում առաջին օրը՝ երեկ, տեղի է ունեցել «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակի» հանձնման արարողությունը, որին արժանացան երկու կանայք՝ Իրաքից և Կոլումբիայից։
Կոլումբիայի դափնեկիր Քաթերին Ռոնդերոսը լրագրողների հետ զրույցում ասաց. «Կոլումբիան անցած տարի ստորագրել է խաղաղության համաձայնագիր, և թվում է, թե այդ համաձայնագրից հետո բռնությունը կանանց նկատմամբ պետք նվազի, բայց դա այդպես, մենք հակառակ պատկերն ենք տեսնում։ Հիմա մենք այդ համաձայնագրի իրականացման, այն գործի դնելու ճանապարհին ենք։ Հիմնական մարտահրավերը մեզ համար պարզելն է, թե այդ համաձայնագրի մեջ կա՞ կետ, որը խոսում է կանանց իրավունքների մասին, կանանց մասնակցության մասին այս գործընթացում»։
Նա ընդգծեց նաև, որ ընտանեկան բռնությունը Կոլումբիայում կազմում է 70 տոկոս։
«Այս տիպի բռնության մակարդակն ավելի բարձր է, քան հենց հակամարտության շրջանում իրականացվող բռնության մակարդակը։ Ընտանեկան բռնության 60 տոկոսի դեպքում կանանց սպանությունը տեղի է ունենում ատրճանակի միջոցով։ Կարող ենք ասել, որ հասարակության մեջ զենքի առկայությունը շատ վտանգավոր է կանանց համար։ Այսինքն՝ մենք պետք է խոսենք զինաթափման մասին ոչ միայն հակամարտության շրջանում, այլև հակամարտությունից դուրս՝ քաղաքներում, փողոցներում»,- ասաց նա։
Իսկ անցած տարվա մրցանակակիր, սիրիացի Ղաիդա Օդաթը, ով «Սիրիայի կանանց ասոցիացիայի» ներկայացուցիչ է, ասաց, որ ապրում է Շվեյցարիայում՝ որպես քաղաքական գաղթական։ «Աշխատում եմ Սիրիայում երիտասարդների և կանանց հետ, և փորձում եմ այդ գործունեությամբ տեղեկացնել կանանց իրենց իրավունքների մասին, որպեսզի դուրս գանք դիկտատուրայից և դառնանք ավելի ժողովրդավար»։
Նրա խոսքով՝ Սիրիայում շատ վատ դրություն է։ Այնտեղ կա 4 մլն գաղթական, և նրանք պաշտպանված չեն պետության կողմից, անգամ ԵՄ-ից։ «Նրանք անընդհատ բռնության են ենթարկվում, որովհետև պետք է աշխատեն իրենց երեխաներին օգնելու համար և ընտանիքը պահելու համար։ Նրանք չեն ստանում ոչ մի պետական աջակցություն»։
Տիկին Օդաթը նշեց նաև, որ նույն իրավիճակն է Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում։
Նրա համոզմամբ՝ միայն խոսվում է կանանց հանդեպ բռնության, անհավասարության մասին, բայց ժամանակն է գործելու։
Ռոզա Հակոբյան