Ովքեր են գրում սերիալների սցենարները
Վերջին տարիներին մամուլում համեմատաբար նվազել է հետաքրքրությունը միասնական քննությունների նկատմամբ: Հավանաբար այն պատճառով, որ ավագ դպրոցի շրջանավարտների թիվը համադրելի է բուհ ընդունվող երիտասարդների քանակի հետ:
Բուհ ընդունվելու հարցում մրցակցություն համարյա չկա: Երկրորդ, երրորդ հայտ կոչվածը բոլոր դիմորդներին հնարավորություն է տալիս ընդունվել այս կամ այն բուհ: Եվ հավանաբար այս պատճառով միասնական քննությունների հարցաշարերը հետաքրքրում են միայն բուհական ոլորտի կառավարիչներին և դիմորդներին: Բայց կա մի ոլորտ, որի նկատմամբ հասարակական հետաքրքրության նվազումն արդարացի չէ: Խոսքը Հայոց լեզվի և գրականության միասնական քննության հարցաշարի մասին է:
Այսօր, երբ համակերպվել ենք աջ ու ձախ հնչող, մեղմ ասած, աղճատված հայերեն խոսքի ու Լեզվի տեսչության հնարավոր անուրախ ապագայի հետ, հետաքրքիր է տեսել, թե ինչ հարցեր են ներառված ավարտական թեստերում: Ի վերջո, մինչև 21-րդ դար հասցրել ենք մեր Մայրենին ու իրավունք ունենք հետաքրքրվելու, թե հաերենի ինչ բառաշարի իմացությամբ է ստուգվում մեր երիտասարդների իմացությունը:
Հասկանալի լինելու համար, թեստերում ներառված որոշ բառեր օգտագործելիս՝ կներկայացնեմ դրանց բացատրությունը: Նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, ովքեր գիտեն այդ բառերի իմաստը, բնականաբար: Անկեղծ ասած՝ որոշ բառեր ինքս առաջին անգամ հենց այս թեստերում եմ ընթերցել:
Օրինակ, «հածել» բառը, որ նշանակում է՝ թափառել: Կամ «անըստգյուտը», որի հոմանիշն անբասիրն է: Հնարավոր է, որ թեստեր կազմողները բառարաններում «քնած» բառերն արթնացնելու ազնիվ մղում ունեն և ուզում են, որ հանկարծ չկորի «վերջընթեր» հիասքանչ բառը, որ նշանակում է՝ վերջին նախորդող:
Բայց, այնուամենայնիվ, ինձ անհասկանալի է մնում, թե ինչու են 2017թ. դիմորդի Մայրենիի իմացությունը գնահատում, ասենք, «մակաղել» բառով, որ կարծեմ՝ կթվելու համար անասունների հավաքվելն է: Կամ «հուռթի» բառով, որ նշանակում է՝ ջրով շռայլ ողողելի: Կարելի է ենթադրել, որ թեստ կազմող լեզվաբանների կարծիքով՝ բոլոր դիմորդները գյուղատնտեսական մասնագիտություն են ընտրել: Բայց այդ ենթադրությունն առոչինչ կդառնա՝ հենց բախվեք «անթացուպ» բառին:
Եթե չեմ սխալվում՝ մարդկությունը գոնե 50-70 տարի անթացուպ ունեցող մարդ չի տեսել: Զուտ այն պատճառով, որ նույն այդ մարդկությունն անթացուպ չի պատրաստում հենց 50-70 տարի: Կուզենայի հասկանալ նաև, թե ինչու պիտի միասնական քննություն հանձնողն իմանա «ընչացք» բառը: Ի վերջո՝ «բեղ» բառն ավելի հանրահայտ է ու հասկանալի: Բայց դիմորդներին հավանաբար պետք է փորձությունների ենթարկել ու սովորեցնել «արբշիռ» բառը: Ի վերջո, հայրենյաց իշխանությունների վարքն այն պարագային, երբ երկրի բնակչության մեկ երրորդն աղքատ է, այլ բառով չես բնութագրի: Բայց մյուս կողմից՝ իշխանավորին «արբշիռ» բնութագրելը կարող է անհետևանք չանցնել:
Իշխանավորը, իհարկե, չի հասկանա այդ բառի իմաստը, բայց այն բարեհունչ չէ ու համարյա հայհոյանքի նման է հնչում: Հետևաբար՝ իշխանավորը կարող է անկանխատեսելի ու կոշտ պատասխան տալ: Հոգեվերլուծական մեթոդներ կիրառելիս՝ տխուր հետևությունների կհանգեք, եթե ուսումնասիրեք, թե թեստ կազմողներն ինչ օրինակներով են ստուգում հատուկ անունների գրելաձևի իմացությունը:
Նրանց չի հետաքրքրում՝ գիտի՞ արդյոք Սանկտ Պետերբուրգ կամ Լոս Անջելես քաղաքների անունները ճիշտ գրելու ձևը: Հատուկ անունների ուղղագրությունը նրանք Լաս Վեգաս քաղաքի անվան օրինակով են ստուգում: Հայ գրականության իմացության ստուգման թեստային հարցը միանգամից կպատասխանի այն հարցին, թե «Ովքեր են գրում հայկական սերիալների սցենարները»: Հարցը և պատասխանի առաջարկվող տարբերակները մեջբերում ենք անփոփոխ:
Հարց. Ինչպե՞ս է դասավորվում Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի իրավաբանություն ուսումնասիրող երիտասարդի ճակատագիրը: Պատասխանի տարբերակներ. 1. Երիտասարդը դառնում է կասկածելի դատեր պաշտպանող իրավաբան և անբուժելի հարբեցող: 2. Սիրո մեջ մերժված երիտասարդին հուսահատությունն ինքնասպանության է հասցնում: 3. Կիսատ թողնելով իր ուսումնառությունը՝ նա վերադառնում է հայրենի քաղաք, որպեսզի վրեժ լուծի սիրած աղջկա ամուսնուց: 4. Հայտնի փաստաբան դառնալով՝ կարողանում է վրեժ լուծել իրեն դավաճանած աղջկանից:
Հետաքրքիր է՝ ո՞ր տարբերակը կընտրեիք Դուք: Ստուգեք, եթե Ձեր պատասխանը համընկել է թեստ կազմողների ընտրած տարբերակին, ապա անմիջապես սկսեք նոր սերիալի սցենար գրել: Եթե չի համընկել՝ նույնպես սկսեք: Ի վերջո, հայրենի քաղաք վերադառնալն ու ոչ թե սիրած աղջկանից, այլ նրա ամուսնուց վրեժ լուծելը հավանաբար հայկական սերիալների ու արդի հայերենի թեստ կազմողների տրամաբանության մեջ տեղավորվող ու հարիր համարվող բան է: Մի շտապեք եզրակացնել, թե թեստ կազմողները ջանք ու եռանդ չեն խնայել, որ մեր աշակերտներին հնարավորինս ատելի դարձնեն Մայրենին: Նրանք ազգադավ ու հայատյաց չեն: Միջնադարյան գրիչների ոճով ասած՝ պարզապես նարանց կար այս է: