Ահաբեկչությունը՝ Հայաստանի սահմանին
Երեկ միանգամից երկու ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել Իրանում՝ երկրի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` Այաթոլա Խոմեյնիի դամբարանում։ Խոմեյնիի դամբարանում զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև խորհրդարանում։
Ըստ տարբեր տեղեկությունների, խորհրդարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 7 մարդ, 4 մարդ պատանդ է վերցվել։ Ուշագրավ է, որ երկու հարձակումները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ Իրանի ժամանակով առավոտյան 10։30-ի սահմաններում։ Ավելի ուշ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երկու հարձակումների պատասխանատվությունը։ Տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար. Նախ՝ ողբերգությունը տեղի է ունեցել հարևան և բարեկամ երկրում։
Մյուս կողմից՝ կատարվածն աշխարհում մոլեգնող ահաբեկչական ալիքի պայմաններում Հայաստանին ամենամոտն է աշխարհագրությամբ։ Ժամանակակից ահաբեկչությունը՝ մահապարտների մասնակցությամբ պայթյուններն ու սպանությունները, մեզ՝ Հայաստանում ապրողներիս համար ավելի շատ միջազգային լրահոսում տեղ գտնող իրադարձություններ էին, որոնք թվում էին մեզանից շատ հեռու։
Իրանում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, որ իրականում ահաբեկչությունն աշխարհագրություն ու սահմաններ չի ճանաչում, և որևէ պետություն ապահովագրված չէ այդ չարիքից։ Հայաստանը՝ որպես քրիստոնեական մոնոլիտ պետություն, շատ ավելի զգոն պետք է լինի մահմեդական հիմք ունեցող ահաբեկչությունից պաշտպանվելու առումով։
Պետական բոլոր ինստիտուտները, որոնց համար միջազգային ահաբեկչությունն առաջնային մարտահրավեր չի եղել, այսուհետ պետք է փոխեն իրենց աշխատանքի ռեժիմը՝ ներքին մանր խնդիրների լուծումից ուշադրությունը կենտրոնացնելով առաջին հերթին՝ այն սպառնալիքների վրա, որոնցից ապահովագրված չեն անգամ աշխարհի ամենահզոր ու պաշտպանված երկրները։