Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց
«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին՝ մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես՝ մեր կուսակցությունում, առողջ աշխատանքային մթնոլորտ է»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին:
Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:
Նախագահը և նրա թիմակիցներն ընդամենն ուզում էին փոխանցել հստակ ուղերձ. Սարգսյանի ու Կարապետյանի հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, և չարժե մութ սենյակում կատու փնտրել, մանավանդ, որ այն չկա: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ վերջակետ դրեց իր և վարչապետի հակասությունների մասին շահարկումներին:
Բանն այն է, որ մամուլի առանձին միջոցներ սկսել են հետևողականորեն թմբկահարել Սարգսյան-Կարապետյան թեժ մրցակցության, հակամարտության մասին: Ավելին՝ այդ հակամարտության գոյության փաստն էլ հիմնավորում են «իշխանության մեդիա-ռեսուրսների» վարքով, որոնք իբրև թե վարչապետին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել: Անշուշտ, այս կարգի պնդում շրջանառողները չեն հստակեցնում, թե ինչ ասել է՝ «իշխանական մեդիա-ռեսուրս»:
Հետխորհրդային տարածքում, և առհասարակ ողջ աշխարհում, ամենաազդեցիկ մեդիա-ռեսուրսը շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Հայաստանում ևս հեռուստատեսությունը ոչ միայն ամենաազդեցիկն է, այլև հենց իշխանության մեդիա-ռեսուրսն է, որ կա: Բայց արի ու տես, որ հեռուստատեսությունը գործող վարչապետին ոչ միայն պերսոնա նոն-գրատա չի հայտարարել, այլ լայնորեն և, որ կարևորն է՝ դրական լույսի ներքո լուսաբանում է նրա գործունեությունը: Եվ հարց է առաջանում, թե վերը հիշատակված վարկածի հեղինակներն իշխանական մեդիա ասելով՝ ո՞ւմ նկատի ունեն:
Հայաստանում, հատկապես առցանց մեդիաբազմազանության պայմաններում, երբ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում ունենալ որևէ կայք, որտեղ սեփականատերը կգովաբանվի, իսկ նրա մրցակիցները հողին կհավասարեցվեն, ցանկացած լրատվամիջոց կարելի է որակել իշխանական:
Բայց իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, և հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որևէ ներկայացուցիչ կամ թև տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենևին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաև ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետևանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տևելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել:
Իսկ որ գործ ունենք տանդեմի հետ, որն իր ներսում բավականին նուրբ ձևով կիսել է գործառութային դաշտը, կասկածից վեր է. անցած 8-9 ամիսներին Կարեն Կարապետյանը երբեք չի անդրադարձել երկրի անվտանգության կամ արտաքին քաղաքական խնդիրներին, իր հերթին էլ՝ Սերժ Սարգսյանը երբևէ սրբագրումներ չի մտցրել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետի դիտարկումների ու տասնյակ հանձնարարականների մեջ:
Այս պայմաններում մրցակցություն փնտրել նախագահի ու վարչապետի գործողություններում՝ միամտություն է, կամ էլ՝ հետևում քաղաքական հաշվարկ ունի:
Ենթադրվում է, որ այդ հաշվարկի հեղինակը կամ հեղինակները քաղաքական հավակնություններ ունեն, որոնք բավարարելու այլ եղանակ չգտնելով՝ խոսում են իշխող կուսակցության երկու առաջնորդների միջև չեղած հակամարտությունից: Ու չունենալով կոնկրետ փաստական որևէ հիմք՝ այդպիսիք հնարում են:
Օրինակ, Էդուարդ Շարմազանովն ասում է, որ 2018-ին վարչապետ կլինի նա, ով «լավագույնս կիրականացնի անվտանգության և առաջընթացի դոկտրինները», իսկ կատու փնտրողները՝ մոռացության տալով, որ «անվտանգություն և առաջընթաց»-ն ընդամենը Հանրապետականի կարգախոսն էր, նախ՝ անտեսում են առաջընթացի բաղադրիչը, հետո՝ ենթադրում, որ անվտանգություն կարող է ապահովել մի հոգի, և բոլորը գիտեն նրա անունը:
Ակնհայտ է, որ նախագահի պարզաբանումից հետո էլ չեղած մրցակցության մասին խոսակցությունները չեն դադարելու: Պարզ պատճառով՝ դրանց հեղինակները քաղաքական օրակարգի վրա ազդելու այլ ուղիներ չգիտեն: Նրանց հույսն իշխանության ներսում մրցակցությունն է, մեկ էլ՝ սև PR-ը: Մինչդեռ Կարեն Կարապետյանն իննամսյա պաշտոնավարումից հետո էլ շարունակում է վայելել հանրության վստահությունն ու իրականացնել հրապարակած ծրագիրը, ազատ գործել կադրային հարցերում: Եվ ոչ մի խոչընդոտ: Ավելին՝ նա վերջին տասնամյակի եզակի գործիչներից է, ով տեղեկատվական տարածքում բացասական գնահատականների սկզբունքորեն չի արժանանում:
Չի բացառվում, որ հենց այս հանգամանքն էլ ազդում է մրցակցության սիրահարների վրա: Նրանք, հավանաբար, իշխանության իրացման այլ եղանակ չգիտեն, բացի իշխանության ներսում մրցակցելուց, ու հույս ունեն, որ Կարեն Կարապետյանն էլ նույն ուղիով կընթանա: Մինչդեռ, գործող վարչապետը նշանակումից ի վեր խոստացել էր նոր մոտեցում, իսկ այդ մոտեցումն ընդգրկում է նաև նախագահի հետ համագործակցաբար աշխատելը՝ ինչպես երկրի մասշտաբով, այնպես էլ՝ կուսակցության ներսում: