Բաժիններ՝

Շանհայի օդանավակայանում կոկաինից պատրաստված ճամպրուկներ են առգրավել

ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։

Ինչպես հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցիչներին, կինը, որի անունը եղել է թմրավաճառության մեջ կասկածվողների ցուցակում, ժամանել էր Հարավային Ամերիկայից:

Ստուգման ժամանակ մաքսավորները նկատել են, որ ճամպրուկները ռենտգենյան ապարատով անցնելիս ավելի մուգ տեսք են ունեցել: Կասկածները սաստկացել են, երբ ճամպրուկները դատարկել են եւ կշռել. նույնիսկ դատարկ վիճակում դրանք ավելի քան 10 կիլոգրամ են կշռել:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկները պատրաստված են հատուկ տեխնոլոգիայով. կոկաինի հիմքով կախույթը խառնվում է պնդարարի հետ եւ ճնշման տակ լցվում հատուկ կաղապար:

Ինչպես հայտարարել է Չինաստանի մաքսային ծառայությունը, այս դեպքը նախադեպեր չունի: Չինական օրենսդրությամբ 50 գրամից ավելի կոկաինի մաքսանենգության համար մահապատիժ է սահմանված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս