«Եթե մենք տարեկան չենք ունենում 7.5 տոկոսից ավելի տնտեսական աճ, մենք ուղղակի կործանված ենք»
Կարեն Կարապետյանի կառավարությունը չէր կարող լուծել ամենակարևոր հարցը՝ համակարգային փոփոխություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Հարաբերությունները պետք է փոխվեին քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային դաշտերում։ Հարաբերությունները պետք է կառուցվեին ոչ թե այն առումով, որ դուք մոտ եք իշխանությանը, և դրանից ելնելով՝ կօգտվեք իշխանության հնարավորություններից, այլ պետք է կառուցվեին այն տեսակետից, որ անկախ նրանից, թե ինչ դիրք եք գրավում հասարակության մեջ, ձեզ կգնահատեն ձեր կարողությունների չափ»,- ասաց Վահագն Խաչատրյանը։
Նրա կանխատեսմամբ՝ տնտեսական ծանր տարի է սպասվում. Նույնիսկ, եթե իրականանան տնտեսական աճի կանխատեսումները, ըստ նրա՝ կրկին մնալու ենք նույն վիճակում. «Եթե մենք տարեկան չենք ունենում 7.5 տոկոսից ավելի տնտեսական աճ, մենք ուղղակի կործանված ենք, խնդիրները շատանում են»։
Անդրադառնալով 2017թ. առաջին եռամսյակում ներդրումների վերաբերյալ ԱԱԾ հրապարակած տվյալներին՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ դա տնտեսագիտորեն նշանակում է, որ կապիտալի արտահոսք է տեղի ունեցել։
«Ավելի շատ կապիտալ գնացել է Հայաստանից, քան եկել է։ Կանխավճարներ են կատարվել, թե այլ մեկնաբանություններ են տրվել, էական չէ։ Եթե կանխավճարներ են կատարել, ուրեմն հաջորդ եռամսյակում այդ կանխավճարները կդառնան իրական ներդրումներ։ Կտեսնեք՝ ինչպես է»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ առավել ևս՝ Հայաստանի նման պետություններում, որոնք տնտեսական առումով դեռևս տրանսֆորմացվում են կամ դասվում չկայացած երկրիների շարքին, ցանկացած քաղաքական միջոցառում իր բացասական ազդեցությունն է ունենում։
«Տվյալ դեպքում ընտրություններ էին, և պետք է կանխատեսելի լիներ, որ գոնե մինչև ընտրությունների վերջը ներդրումներ չեն կարող գալ։ Բայց մեզ մատուցվում էր հակառակը։ Մեզ ասում էին, որ դա չի ազդի, հակառակը՝ ներդրումները կշատանան։ Փաստը սա է։ Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ կապիտալի արտահոսքի ամենամեծ փայաբաժինն ընկնում է Ռուսաստանին։ Սա նշանակում է, որ ժամանակին ներդրումներ են արել, այստեղից գումարներ են տարել, այլևս այդ ներդրումները չունեն անելու, պարզապես ինչ ստացել են ներդրումների արդյունքում, գումարային ձևով գնում է»։
Խոսելով ներդրողների ակումբի մասին՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ այդ առումով այլ մոտեցում ունի. իրեն հետաքրքրում է՝ արդյոք Հայաստանում ներդրումների համար որևէ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ. «Եթե փոխվել է, ներդրումը կգա իր ոտքով։ Կապիտալն այդպիսին է, սահման, պատի բարձրություն, հաստություն չի ճանաչում։ Եթե գտնում է, որ որևէ երկրում անելիք ունի, այնտեղից եկամուտ ունի, կգա։ Հիմա ուզում եք՝ ներդրողների, աշխարհի մեծահարուստների ակումբ ստեղծեք, չի աշխատելու։
Եթե Հայաստանում միջավայր կա, կգա։ Ինչի՞ց է կախված միջավայրը. առաջին հերթին՝ ցածր հարկեր։ Հայաստանում ցածր հարկային դաշտ կա՞. ոչ։ Ներդրողը համեմատության համար կգնա Վրաստան, որովհետև Վրաստանում ավելի ցածր է։ Երկրորդ՝ կա՞ քաղաքական այնպիսի վիճակ, որ Հայաստանում ավելի գրավիչ է, քան Վրաստանում կամ մնացած երկրներում»։
Ըստ նրա՝ այս համակարգի ամենամեծ թերությունն այն է, որ դրան «տիրություն է անում» մի հոգի. «Նա է որոշում խաղի կանոնները։ Նա է որոշում՝ ով պիտի լինի հարուստ, նա է որոշում՝ ով պիտի աղքատ լինի։ Նա է որոշում՝ ով որտեղ պիտի աշխատի՝ Ազգային ժողովում կլինի, Կառավարությունում կլինի։ Սա նշանակում է, որ որպես այդպիսին՝ Հայաստան պետություն չկա։ Պետություն կա, երբ կան ինստիտուտներ՝ ընտրական ինստիտուտ, որն ընտրություններում որոշում է՝ ով պետք է լինի, կա դատական ինստիտուտ, որն օրենքների միջոցով որոշում է՝ ով է արդար, ով է սխալ, կա չորրորդ իշխանություն»։